ԱՊՐԻԼԻ 9. «ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ»

Հիսուսը խոցվեց, որ մենք բժշկված լինենք

Վերստին ծնունդը յուրահատուկ կարևորություն ունեցող մի փորձառություն է: Մինչև վերստին չծնվես, չես կարող տեսնել կամ մտնել Աստծո արքայություն (տես` Հովհ. 3:3-5): Սակայն դա մեկանգամյա փորձառություն չէ. ավելին, փրկությունը շարունակական գործընթաց է: Փրկության մի մասն էլ մկրտվելն է: Չեմ ցանկանում հակասություն առաջացնել, բայց դու կարող ես վերստին ծնվել առանց մկրտված լինելու: Եթե ուզում ես փրկվել, այնուամենայնիվ, մկրտությունը այդ գործընթացի մի կարևոր մասն է, քանի որ «ով որ հավատա և մկրտվի, կփրկվի» (Մարկոս 16:16 ) :

Փրկվելն ավելին է նշանակում, քան պարզապես պատրաստել քո անձը երկնքի համար: Ինչ-որ մեկը մի անգամ ասաց. «Փրկության ավետարանական գաղափարը հոգիներին նախապատրաստելն է երկնքի համար»: Գուցե որոշ չափով այդպես է, սակայն փրկությունը շատ ավելին է ներառում, քան երկնքի համար նախապատրաստվելը:

Ուզում եմ Նոր կտակարանից ուսումնասիրել մի հատված, որտեղ հեղինակն օգտագործում է «փրկել» բառի հունարեն տարբերակը, այն է` սոզո: Եթե նայենք, թե Սուրբ գրքում որտեղ է այս բառը գործածված, ապա դա մեզ գաղափար կտա այն մասին, թե փրկության մեջ ինչ է ներառված:

Մատթեոսի գիրքը խոսում է Հիսուսի` հիվանդներին ծառայելու մասին` ասելով. «…Բոլոր հիվանդներին բերեցին Հիսուսի մոտ…Եւ նրանք, որ դիպան, բժշկվեցին» (Մատթեոս 14:35-36): «Բժշկվել» բայը սոզո-ն է, սակայն նրան նախորդում է մի հունարեն նախդիր, որը նշանակում է «ամբողջությամբ»: «Ամբողջությամբ փրկվելը» կատարելապես բժշկվելն է: Այս հատվածը լոկ հոգու մասին չէ, որ խոսում է, այլ նաև նրանց մասին, ովքեր հիվանդ են: Եւ նրանք, ովքեր դիպան Հիսուսին, ամբողջապես փրկվեցին: Որքա՞ն ամբողջական է արդյոք մեր փրկությունը:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ ինձ համար ամբողջապես փրկված լինել նշանակում է ամբողջապես բժշկված լինել, և Հիսուսը խոցվեց, որ ես բժշկված լինեմ: Ամեն