ԱՊՐԻԼԻ 12. «ՆԱ ԿՐԵՑ ՄԵՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հիսուսը խոցվեց, որ մենք բժշկված լինենք

«Հիրավի նա մեր ցավերը վերցրեց, և մեր վշտերը բեռնեց իր վրա, բայց մենք նրան պատվազրկված էինք համարում, Աստծուց զարկված և նկուն եղած: Բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեց, և մեր անօրինությունների համար հարվածվեց, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նրա վերքերով մենք բժշկվեցինք»:

Եսայա 53:4-5

Անգլերեն թարգմանության մեջ «ցավեր» բառի փոխարեն օգտագործված է «կսկիծ» բառը: Սա բառացի թարգմանություն չէ և, հետևաբար, միլիոնավոր անգլախոս հավատացյալների զրկել է Քրիստոսի մեջ իրենց ֆիզիկական իրավունքներից: Բայց և այնպես, կասկած չկա այս բառերի ճշգրիտ իմաստի վերաբերյալ: Կսկիծ բառի փոխարեն պետք է լինի հիվանդություններ, իսկ վշտեր բառի փոխարեն՝ ցավեր: Սրանք եբրայական հիմնական արմատական բառեր են, որոնք Մովսեսի օրերում օգտագործվում էին այս իմաստներով և այսօր էլ ունեն նույն իմաստները: Սա պարզորոշ կերպով հաստատված է Սուրբ Գրքում.

«Նա (Հիսուսը) խոսքով հանեց ոգիները և բոլոր հիվանդներին բժշկեց, որպեսզի Եսայա մարգարեի միջոցով ասվածը կատարվի, որ ասում է` Նա մեր հիվանդությունները վերցրեց և մեր ցավերը կրեց»:

Մատթեոս 8:16-17

«Նա մեր մեղքերն իր մարմնի մեջ խաչափայտի վրա բարձրացրեց, որ մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք, որ նրա վերքերով բժշկվեցինք»:

1-ին Պետրոս 2:24

Տեսնում ենք, որ Մատթեոսը և Պետրոսը` իրար նման հրեաներ, ովքեր գիտեին եբրայերեն և ներշնչված էին Սուրբ Հոգուց, տալիս են Եսայայի այդ բառերի ճշգրիտ իմաստները: Եթե Մատթեոսի և Պետրոսի այդ հատվածները համադրեք, ապա Եսայա 53:4-5-ից վերցված երեք դրույթ կստանաք ֆիզիկական և հոգևոր տիրույթների մասին: Ֆիզիկական տիրույթ. նա վերցրեց մեր տկարությունները, կրեց մեր հիվանդությունները, մենք բժշկված ենք: Հոգևոր տիրույթ. նա մեր մեղքերի համար վիրավորվեց, մեր անօրինությունների համար հարվածվեց, այն պատիժը, որ մեր խաղաղության համար էր, նրա վրա եղավ:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Հիսուսը վերցրեց իմ տկարությունները, իմ հիվանդությունները և բժշկեց ինձ: Հիսուսը խոցվեց, որ ես բժշկված լինեմ: Ամեն: