ՄԱՅԻՍԻ 5. «ԻՄ ՀՈՐ ԽՈՍՏՄՈՒՆՔԸ»

Հիսուսն անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ

Սուրբ Հոգու պարգևը ստանալը ոչ մի կերպ կախված չէ հավատացյալի սեփական արժանիքներից: Դա միայն կախված է Քրիստոսի ամենաբավ քավությունից: Հավատքով է, այլ ոչ թե գործերով, «որ մենք Սուրբ Հոգու խոստմունքն ընդունենք հավատքով» (Գաղատացիներին 3:14):

Այս գաղափարը համընկնում է համբարձումից առաջ իր աշակերտներին ուղղված Հիսուսի վերջին պատգամին. «Եվ ահա ես իմ Հոր խոստմունքը կուղարկեմ ձեզ վրա, դուք էլ նստեցե՛ք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերևից զորություն հագնեք» (Ղուկաս 24:49): Հիսուսը խոսում էր Սուրբ Հոգու մկրտության մասին, որն աշակերտները պետք է ստանային Պենտեկոստեի ժամանակ:

«Իմ Հոր խոստմունքը» արտահայտությունը մեզ հրաշալի ներըմբռնում է տալիս՝ ներթափանցելու Սուրբ Հոգու պարգևի վերաբերյալ Հայր Աստծո մտքի ու նպատակի մեջ: Ինչ-որ մեկը հաշվել էր, որ Աստվածաշունչը պարունակում է յոթ հազար որոշակի խոստումներ` տրված Աստծո կողմից Իրեն հավատացողներին: Սակայն այս բոլորի միջից Հիսուսն առանձնացնում է միայն մեկը` որպես յուրահատուկ. Հոգու խոստումը:

Պողոսը սա կոչեց «Աբրահամի օրհնություն» (Գաղատացիներին 3:14)` այս կերպ այն կապելով Աստծո ` Աբրահամին Իր համար ընտրելու գերագույն նպատակի հետ: Երբ Աստված Աբրահամին առաջին անգամ Ուրից դուրս կանչեց, Նա ասաց. «քեզ պիտի օրհնեմ… և դու օրհնյալ կլինես…: Եւ երկրի բոլոր ազգերը քեզանով կօրհնվեն» (Ծննդոց 12:2-3): Աբրահամի հետ ունեցած նմանատիպ այլ գործարքների ժամանակ Աստված շատ անգամներ վերահաստատում է Իր խոստումը. «Քեզ օրհնելով կօրհնեմ…: Եվ երկրի բոլոր ազգերը քո սերունդով կօրհնվեն» (Ծննդոց 22:17-18): Աստծո այս բոլոր խոստումները բովանդակվում էին Պողոսի խոսքի մեջ` «Հոգու խոստմունքը» (Գաղատացիներին 3:14): Հիսուսը թափեց Իր արյունը խաչի վրա, որպեսզի գնի Աբրահամի սերունդին խոստացված այս խոստումը:

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար: Ես հռչակում եմ, որ Հիսուսը թափեց իր արյունը խաչի վրա, որպեսզի գնի Աբրահամի սերունդին տված այն օրհնությունը, ինչը Նա կոչում է «Իմ Հոր խուստմունքը», և ես ընդունում եմ Սուրբ Հոգու օրհնյալ խոստումը, որովհետև Հիսուսը անեծք դարձավ, որ ես մտնեմ օրհնության մեջ: Ամեն: