Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ23
  • 1Եւ սորանք են Դաւիթի վերջին խօսքերը. Յեսսէի որդի Դաւիթի խօսքը, Եւ այն մարդի խօսքը, որ վեր բարձրացաւ. Յակոբի Աստուծոյ օծեալը, Իսրայէլի վայելուչ երգերը շարադրողն էր.
  • 2Տիրոջ Հոգին խօսեց ինձանով, Եւ նորա խօսքն իմ լեզուի վերայ էր։
  • 3Իսրայէլի Աստուածն ասեց. Իսրայէլի Վէմը խօսեց ինձ հետ. Թէ մարդկանց վերայ իշխողը թող արդար լինի, Աստուծոյ երկիւղովն իշխէ։
  • 4Նա նման է առաւօտեան լոյսին, Երբոր արեգակը ծագում է, Մի առաւօտ՝ որ ամպեր չ’կան՝ Ճառագայթիցն՝ անձրեւից յետոյ Գետնից դալար է բուսնում։
  • 5Ապա իմ տունը այսպէս չէ՞ Աստուծոյ մօտ. Որովհետեւ յաւիտենական ուխտ է արել ինձ հետ. Հաստատուած ամեն բանի մէջ եւ պահուած։ Ապա իմ բոլոր փրկութիւնն ու բոլոր բաղձանքը նա չի՞ ծաղկեցնիլ։
  • 6Իսկ բոլոր անօրէնները դուրս գցուած փուշի պէս են. Որը ձեռքով չեն բռնիլ։
  • 7Եւ նորանց դիպչող մարդը Թող զինուորուի երկաթով եւ նիզակի փայտով։ Եւ վառած կրակով պիտի վառուին նոյն տեղը։
  • 8Սորանք են Դաւիթի զօրաւորների անունները, Յօսէբ-բասեբեթ Թահքեմոնացին՝ զօրաւորների գլխաւորը. Նա է Ասօնացի Ադինօն, որ ութ հարիւր մարդ մէկ անգամ մեռցրեց։
  • 9Նորանից յետոյ Աքուքացիի որդի Դովդայի որդի Եղիազարը, որ Դաւիթի հետ եղող երեք զօրավարներիցն էր, երբոր նախատեցին այնտեղ պատերազմի համար ժողովուած Փղշտացիներին, եւ Իսրայէլի մարդիկը փախան։
  • 10Նա վեր կացաւ եւ զարկեց Փղշտացիներին մինչեւ որ ձեռքը յոգնեց եւ ձեռքն իր սուրին փակաւ, եւ Տէրն այն օրը մեծ փրկութիւն արաւ, եւ ժողովուրդը նորանից դարձաւ, որ միայն կողոպուտն անէ։
  • 11Եւ նորանից յետոյ Արարացի Ագէի որդի Սամման էր. Երբոր Փղշտացիները մի խումբ կազմեցին, եւ այնտեղ մի կտոր ագարակ կար ոսպով լիքը, եւ ժողովուրդը Փղշտացիների երեսիցը փախաւ,
  • 12Այն ժամանակ նա դէմ կացաւ ագարակի մէջ ու նորան պաշտպանեց եւ զարկեց Փղշտացիներին, եւ Տէրը մեծ փրկութիւն արաւ։
  • 13Եւ այն երեսուն զօրավարներից երեքը գնացին հունձի ժամանակին Դաւիթի մօտ Ոդողոմի քարայրը, եւ Փղշտացիների մէկ գունդը բանակուել էր Ռափայնոց հովիտումը։
  • 14Եւ այն ժամանակ Դաւիթը բերդումն էր. Եւ Փղշտացիների մի զօրախումբը այն ժամանակ Բեթլեհէմումն էր։
  • 15Եւ Դաւիթը փափաքեց եւ ասեց. Ո՞վ կ’բերէ ինձ համար խմելու ջուր Բեթլեհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է։
  • 16Եւ այս երեք զօրաւորները Փղշտացիների բանակը ճեղքեցին, եւ ջուր քաշեցին Բեթլեհէմի ջրհորիցը, որ դռան մօտ է, եւ բերին տուին Դաւիթին. Իսկ նա չ’ուզեց խմել այն, եւ թափեց Տիրոջ համար.
  • 17Եւ ասեց. Քաւ լիցի ինձ, ով Տէր, որ ես անեմ այս բանը. Ես իրանց կեանքը վտանգի մէջ դնող մարդկանց արի՞ւնը խմեմ. Եւ չ’կամեցաւ խմել այն. Այս բանն արին այն երեք զօրաւորները։
  • 18Եւ Շարուհեան Յովաբի եղբայր Աբեսսան այն երեքի գլխաւորն էր. Եւ նա բարձրացրեց իր նիզակը երեք հարիւր սպանուածների վերայ. Եւ նա անուանի էր այն երեքի մէջ։
  • 19Թէեւ այն երեքից աւելի պատուաւոր էր եւ նորանց գլխաւորն էր, բայց այն առաջին երեքին նա չէր հասնիլ։
  • 20Եւ Յովիադայի որդի Բանեան՝ մի ժիր եւ գործունեայ մարդի որդի՝ Կաբեսէլացի՝ զարկեց Մովաբի երկու զօրաւոր մարդկանց. Եւ նա իջաւ ու զարկեց առիւծին գուբի մէջ ձիւնի ժամանակ։
  • 21Եւ նա զարկեց մի Եգիպտացի մարդ, որ տեսքով էր, եւ այդ Եգիպտացիի ձեռքին մի նիզակ կար. Իսկ նա գնաց նորա վերայ մէկ ցուպով ու յափշտակեց նիզակը Եգիպտացիի ձեռքիցը եւ սպանեց նորան իր նիզակովը։
  • 22Այս բաներն արաւ Յովիադայի որդի Բանեան. Եւ նա անուանի էր այն երեք զօրաւորների մէջ։
  • 23Երեսունիցն աւելի պատուաւոր էր, բայց այն առաջին երեքին չէր հասնիլ. Եւ Դաւիթն նորան իր ատեանին վերակացու դրաւ։
  • 24Յովաբի եղբայր Ասայէլն երեսունիցն էր. Նաև Ելէանանը Դովդայի որդին՝ Բեթլեհէմացին։
  • 25Հարօդացի Սամման, Հարօդացի Եղիկան.
  • 26Փելլատացի Քեղղէսը, Թեկուացի Եկգեսի որդի Իրասը.
  • 27Անաթովթացի Աբիեզերը, Ովսացի Մեբունան.
  • 29Նետոփաթացի Բաանայի որդի Ալաբը. Բենիամինի որդկանց Գաբայից՝ Ռիփայի որդի Եթթին.
  • 30Փարաթոնացի Բանեան, Գաասի ձորերից Ադդային.
  • 31Արաբաթացի Աբիելբոնը, Բարումացի Ազամօթը.
  • 32Սաղաբինացի Եղիաբան, Յասենի որդիներից Յովնաթանը.
  • 33Հարարացի Սամման, Արարացի Սարարի որդի Աքիամը.
  • 34Մաաքաթիի որդիի Ահասբայի որդի Եղիփաղէտը, Գեղոնացի Աքիտոփէլի որդի Եղիամը.
  • 35Կարմելացի Ասարէն, Արբացի Փաարան.
  • 36Սուբացի Նաթանի որդի Իգալը, Գադացի Բանին.
  • 37Ամմոնացի Սելեկը, Շարուհեան Յովաբի կապարճակիր Բերովթացի Նաարան.
  • 38Յեթերացի Իրասը, Յեթերացի Գարեբը.
  • 39Քետացի Ուրիան. Ամենը երեսունեւեօթը։
← Ցանկ