Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ24
  • 1Եւ դարձեալ բորբոքուեց Տիրոջ բարկութիւնը Իսրայէլի վերայ. Եւ Դաւիթն գրգռեց նորանց դէմ՝ ասելով. Գնա հաշուիր Իսրայէլն եւ Յուդան։
  • 2Եւ թագաւորն ասեց Յովաբին՝ իր հետ եղող զօրագլխին. Շրջիր Իսրայէլի բոլոր ցեղերի մէջ Դանից մինչեւ Բերսաբէէ եւ համարեցէք ժողովուրդը որ ժողովրդի թիւն իմանամ։
  • 3Եւ Յովաբն ասեց թագաւորին. Քո Տէր Աստուածը աւելացնէ ժողովրդի վերայ այսչափ եւ այսչափ հարիւրապատիկ, եւ իմ տէր թագաւորի աչքերը տեսնեն. Բայց իմ տէր թագաւորը ի՞նչու համար է փափաքում այդ բանը։
  • 4Սակայն թագաւորի խօսքը սաստկացաւ Յովաբի եւ զօրավարների վերայ, եւ Յովաբը եւ զօրավարները դուրս գնացին թագաւորի առաջից Իսրայէլ ժողովուրդը համարելու։
  • 5Եւ անց կացան Յորդանանով եւ բանակ տուին Արոէրում՝ Գադ ձորում եղող քաղաքի աջ կողմին ու դէպի Յազեր։
  • 6Եւ եկան Գաղաադ եւ Թահթիմադասէի երկիրը, յետոյ եկան Դանաեաան եւ Սիդոնի շրջակայքը։
  • 7Յետոյ եկան Տիւրոսի ամրոցը ու Խեւացիների եւ Քանանացիների բոլոր քաղաքները. Յետոյ դուրս ելան դէպի Յուդայի հարաւը՝ Բերսաբէէ։
  • 8Եւ շրջեցին բոլոր երկիրը եւ ինը ամսից ու քսան օրից յետոյ եկան Երուսաղէմ։
  • 9Եւ Յովաբը ժողովրդի համարանքի թիւը տուաւ թագաւորին, եւ Իսրայէլն էր ութը հարիւր հազար պատերազմի սուր քաշող մարդ, բայց Յուդայեանները՝ հինգ հարիւր հազար մարդ։
  • 10Եւ Դաւիթի խղճմտանքը իրան ծակեց, երբոր ժողովուրդը համարել էր. Եւ Դաւիթն ասեց Տիրոջը. Շատ մեղանչեցի որ այս արի. Հիմա, ով Տէր, աղաչում եմ՝ ներիր ծառայիդ մեղքին. որովհետեւ շատ յիմարութիւն արի։
  • 11Եւ Դաւիթն առաւօտը վեր էր կացել. Եւ Տիրոջ խօսքը եղաւ Գադ մարգարէին՝ Դաւիթի տեսանողին ասելով.
  • 12Գնա եւ ասիր Դաւիթին. Այսպէս է ասում Տէրը՝ Երեք բան եմ դնում քո առաջին, ընտրիր քեզ համար նորանցից մէկը որ քեզ համար անեմ։
  • 13Եւ Գադը եկաւ Դաւիթի մօտ եւ պատմեց նորան եւ ասեց նորան. Ա՞րդեօք քո երկրի մէջ եօթը տարի սով գայ, կամ երեք ամիս դու փախչես քո թշնամիների առաջից եւ նորանք քեզ հալածե՞ն, կամ թէ երեք օր ժանտախտ լինի՞ քո երկրումը. Հիմա իմացիր ու տես՝ ի՞նչ խօսք տանեմ ինձ ուղարկողին։
  • 14Եւ Դաւիթն ասեց Գադին. Ես շատ նեղութեան մէջ եմ, թող Տիրոջ ձեռքն ընկնենք, որովհետեւ շատ է նորա ողորմութիւնը. ես մարդի ձեռք թող չ’ընկնեմ։
  • 15Եւ Տէրը ժանտախտ ուղարկեց Իսրայէլի մէջ առաւօտից մինչեւ որոշեալ ժամանակը եւ ժողովրդիցը մեռաւ Դանից մինչեւ Բերսաբէէ եօթանասուն հազար մարդ։
  • 16Եւ հրեշտակն իր ձեռքը մեկնեց Երուսաղէմի վերայ որ փչացնէ նորան, եւ Տէրը ստրջացաւ այս չարիքի վերայ, եւ ասեց հրեշտակին որ փչացնում էր ժողովրդին՝ Բաւական է. Հիմա ձեռքդ ետ քաշիր։ Եւ Տիրոջ հրեշտակը Յեբուսացի Ոռնայի կալի մօտ էր։
  • 17Եւ Դաւիթն ասեց Տիրոջը, երբոր տեսաւ որ հրեշտակը կոտորում է ժողովրդին, Ահա ես եմ մեղանչել եւ ես եմ յանցանք գործել, իսկ այս ոչխարներն ի՞նչ են արել. Աղաչում եմ թող ձեռքդ ինձ վերայ եւ իմ հօր տան վերայ լինի։
  • 18Եւ նոյն օրը Գադը գնաց Դաւիթի մօտ եւ ասեց նորան. Վեր գնա, Տիրոջ համար սեղան շինիր Յեբուսացի Ոռնայի կալումը։
  • 20Եւ Ոռնան նայեց ու տեսաւ թագաւորին եւ նորա ծառաներին, որ գալիս էին իր մօտը. Եւ Ոռնան դուրս ելաւ ու երկրպագեց թագաւորին իր երեսի վերայ մինչեւ գետինը։
  • 21Եւ Ոռնան ասեց. Ի՞նչու համար է եկել իմ տէր թագաւորը իր ծառայի մօտ. Եւ Դաւիթն ասեց. Որ կալը քեզանից ծախու առնեմ որ Տիրոջ համար սեղան շինեմ, որ հարուածը դադարէ ժողովրդիցը։
  • 22Եւ Ոռնան ասեց Դաւիթին. Թող թագաւորը վեր առնէ եւ զոհ մատուցանէ ինչ որ հաճոյ է իր աչքին. ահա եզները ողջակէզի համար, եւ կամնասայլերը եւ եզների գործիքը փայտի համար։
  • 23Այս բոլորը Ոռնան թագաւորին տուաւ թագաւորաբար. Եւ Ոռնան ասեց թագաւորին. Քո Տէր Աստուածը քեզ ընդունէ։
  • 24Եւ թագաւորն ասեց Ոռնային. Ոչ, այլ քեզանից պիտի ծախու առնեմ, եւ ես ձրի զոհ պիտի չ’մատուցանեմ Տէր Աստուծուն. Եւ Դաւիթը ծախու առաւ կալը եւ եզները յիսուն արծաթ սիկղի։
  • 25Եւ Դաւիթն այնտեղ սեղան շինեց Տիրոջ համար եւ ողջակէզ ու խաղաղութեան զոհեր մատուցրեց. Եւ Տէրը աղօթքը լսեց երկրի մասին, եւ հարուածը դադարեց Իսրայէլի վերայից։
← Ցանկ