Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ16
  • 1Եւ Տիրոջ խօսքն եղաւ Անանիի որդի Յէուին Բաասայի վերայով ասելով.
  • 2Որովհետեւ ես բարձրացրի քեզ փոշիիցը եւ քեզ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ իշխան դրի, բայց դու Յերոբովամի ճանապարհովը գնացիր եւ իմ Իսրայէլ ժողովրդին մեղանչել տուիր, նորանց մեղքերովն ինձ բարկացնելու համար,
  • 3Ահա ես պիտի աւելեմ Բաասայի ետեւից եւ նորա տան ետեւից, եւ քո տունը պիտի շինեմ Նաբատեան Յերոբովամի տան պէս։
  • 4Բաասայից քաղաքում մեռնողին շուները պիտի ուտեն, եւ նորա դաշտում մեռնողին երկնքի թռչունները պիտի ուտեն։
  • 5Եւ Բաասայի գործերի մնացորդը եւ նորա արածը եւ նորա զօրութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 6Եւ Բաասան ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Թերսայում, եւ նորա որդի Էլան թագաւոր եղաւ նորա տեղ։
  • 7Նաեւ Անանիի որդի Յէու մարգարէի ձեռովն եղաւ Տիրոջ խօսքը Բաասային եւ նորա տանը եւ այն բոլոր չարութեան համար, որ արաւ Տիրոջ աչքի առաջին նորան իր ձեռքերի գործովը բարկացնելու համար, որ Յերոբովամի տան նման դառնայ, եւ որովհետեւ նորան սպանել էր։
  • 8Յուդայի Ասա թագաւորի քսանեւվեց տարիումը թագաւորեց Բաասայի որդի Էլան Իսրայէլի վերայ Թերսայում՝ երկու տարի թագաւորելով։
  • 9Եւ նորա դէմ դաւաճանութիւն արաւ նորա ծառայ Զամրին՝ կառքերի կէսի վերայ իշխանը, երբոր նա խմել արբել էր Թերսայում՝ Արսայի տանը, որ Թերսայի տան վերակացուն էր։
  • 10Այն ժամանակ եկաւ Զամրին եւ զարկեց նորան սպանեց Յուդայի Ասա թագաւորի քսանեւեօթը տարիումը, եւ ինքը թագաւոր եղաւ նորա տեղ։
  • 11Եւ երբոր թագաւոր եղաւ եւ իր աթոռի վերայ նստեց, իսկոյն ջարդեց Բաասայի բոլոր տունը եւ նորա համար մէկ արու մարդ չ’թողեց՝ թէ նորա ազգականները թէ նորա բարեկամները։
  • 12Եւ Զամրին բնաջինջ արաւ Բաասայի բոլոր տունը Տիրոջ այն խօսքի համեմատ, որ խօսել էր Բաասայի վերայով
  • 13Յէու մարգարէի ձեռով, Բաասայի բոլոր մեղքերի եւ նորա որդի Էլայի մեղքերի մասին, որ մեղանչեցին եւ մեղանչել տուին Իսրայէլին, որ Իսրայէլի Աստուծուն բարկացնեն իրանց սնոտիապաշտութիւններովը։
  • 14Եւ Էլայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 15Յուդայի Ասա թագաւորի քսանեւեօթներորդ տարին Զամրին Թերսայում եօթն օր թագաւորեց, երբոր ժողովուրդը պաշարել էր Փղշտացիների Գաբաթոնը։
  • 16Եւ պաշարող ժողովուրդը լսեց որ ասում էին թէ Զամրին դաւաճանութիւն է արել եւ թագաւորին էլ սպանել. Եւ բոլոր Իսրայէլը այն օրը բանակումը Ամրի զօրավարին Իսրայէլի վերայ թագաւոր շինեց։
  • 17Եւ Ամրին վեր գնաց Գաբաթոնից եւ բոլոր Իսրայէլը նորա հետ, եւ պաշարեցին Թերսան։
  • 18Եւ երբոր Զամրին տեսաւ որ քաղաքը առնուեցաւ, մտաւ թագաւորի տան սենեակը եւ իր վերայ կրակի տուաւ թագաւորի տունը եւ մեռաւ,
  • 19Իր արած մեղքերի համար, որ չարութիւն էր արել Տիրոջ աչքի առաջին Յերոբովամի ճանապարհովը, եւ նորա Իսրայէլին մեղանչել տուած մեղքերովը գնալովը։
  • 20Եւ Զամրիի գործերի մնացորդը եւ նորա արած դաւաճանութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 21Այն ժամանակ Իսրայէլի ժողովուրդը երկու մասերի բաժանուեցաւ. Ժողովրդի մի կէսը գնաց Գինաթի որդի Թաբնիի ետեւից որ նորան թագաւոր անեն, եւ միւս կէսը Ամրիի ետեւից։
  • 22Եւ Ամրիի ետեւից գնացող ժողովուրդը աւելի զօրացաւ Գենաթի որդի Թաբնիի ետեւից գնացող ժողովրդից. Եւ Թաբնին մեռաւ եւ թագաւորեց Ամրին։
  • 23Յուդայի Ասա թագաւորի երեսունեւմէկ տարին թագաւոր եղաւ Ամրին Իսրայէլի վերայ՝ տասնեւերկու տարի թագաւորելով. Թերսայում թագաւորեց վեց տարի։
  • 24Եւ նա առաւ Սամարիա սարը Սամերից երկու տաղանդ արծաթով եւ քաղաք շինեց սարի վերայ, եւ այն իր շինած քաղաքի անունը Սամարիա սարի տիրոջ Սամերի անունովը կոչեց։
  • 25Եւ Ամրին Տիրոջ աչքի առաջին չարութիւն գործեց, եւ իրանից առաջ եղողների ամենից աւելի չարը եղաւ։
  • 26Եւ գնաց Նաբատեան Յերոբովամի բոլոր ճանապարհներովը եւ նորա Իսրայէլին մեղանչել տուած մեղքերովը որ Իսրայէլի Տէր Աստուծուն իրանց սնոտիապաշտութիւններովը բարկացնեն։
  • 27Եւ Ամրիի արած գործերի մնացորդը, եւ նորա արած զօրութիւնը, ահա նորանք գրուած են Իսրայէլի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 28Եւ Ամրին ննջեց իր հայրերի հետ եւ թաղուեցաւ Սամարիայիում, եւ նորա որդի Աքաաբը թագաւորեց նորա տեղ։
  • 29Եւ Ամրիի որդի Աքաաբը թագաւոր եղաւ Իսրայէլի վերայ Յուդայի Ասա թագաւորի երեսունեւութերորդ տարիում. Եւ Ամրիի որդի Աքաաբը Իսրայէլի վերայ Սամարիայում քսանեւերկու տարի թագաւորեց։
  • 30Եւ Ամրիի որդի Աքաաբը չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին իրանից առաջ բոլոր եղածներիցն աւելի։
  • 31Եւ այդ դեռ քիչ էր որ նա գնում էր Նաբատեան Յերոբովամի մեղքերովը. Սիդոնացիների թագաւոր Եթբաաղի աղջիկ Յեզաբէլին էլ իր համար կին առաւ եւ գնաց ու պաշտեց Բահաղին եւ երկրպագութիւն արաւ նորան։
  • 33Եւ Աքաաբը մի անտառի կուռք շինեց, եւ Աքաաբը շարունակեց այնպէս անել, որ իրանից առաջ եղած Իսրայէլի բոլոր թագաւորներից աւելի բարկացրեց Իսրայէլի Տէր Աստուծուն։
  • 34Նորա օրերում Բեթէլացի Յիէլը շինեց Երիքովը. Իր Աբիրոն անդրանիկ որդիովը նորա հիմը դրաւ եւ իր Սեգուբ կրտսեր որդիովը կանգնեցրեց նորա դռները Տիրոջ խօսքին համեմատ որ խօսեց Նաւեան Յեսուի ձեռովը։
← Ցանկ