Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ21
  • 1Եւ այս բաներից յետոյ Յեզրայէլացի Նաբովթը մէկ այգի ունէր Յեզրայէլում Սամարիայի թագաւոր Աքաաբի պալատի մօտ։
  • 2Եւ Աքաաբը խօսեց Նաբովթի հետ եւ ասեց. Տուր ինձ քո այգին, որ ինձ համար կանաչեղէնի պարտէզ լինի, որովհետեւ նա մօտիկ է իմ տան կշտին, եւ ես քեզ մի այգի տամ նորա տեղ նորանից լաւ. Եթէ հաճելի է քո աչքին, քեզ նորա գինը արծաթ տամ։
  • 3Եւ Նաբովթն ասեց Աքաաբին. Քաւ լիցի ինձ Տէրից որ ես իմ հայրերի ժառանգութիւնը քեզ տամ։
  • 4Եւ Աքաաբը գնաց իր տունը տխուր եւ բարկացած Յեզրայէլացի Նաբովթի իրան ասած խօսքի համար, որ ասեց թէ Իմ հայրերի ժառանգութիւնը քեզ չեմ տալ եւ պառկեց իր անկողնի վերայ եւ երեսը դարձրեց ու հաց չ’կերաւ։
  • 5Եւ նորա մօտ եկաւ նորա կին Յեզաբէլը եւ ասեց նորան. Այս ի՞նչու սիրտդ տխուր է, եւ հաց չես ուտում։
  • 6Եւ Աքաաբն ասեց նորան թէ Ես խօսեցի Յեզրայէլացի Նաբովթի հետ եւ ասեցի նորան՝ Այգիդ փողով տուր ինձ, կամ եթէ դու հաճես՝ ես քեզ նորա տեղ մի այգի տամ. Բայց նա ասեց. Ես իմ այգին քեզ չեմ տալ։
  • 7Եւ նորա կին Յեզաբէլն ասեց նորան. Դու հիմա այդպէ՞ս ես թագաւորութիւն անում Իսրայէլի վերայ. Վեր կաց հաց կեր եւ սիրտդ զուարճանայ. Ես քեզ կ’տամ Յեզրայէլացի Նաբովթի այգին։
  • 8Եւ Աքաաբի անունով նամակներ գրեց եւ կնքեց նորանց նորա կնիքովը, եւ նամակները ուղարկեց նորա քաղաքումը Նաբովթի հետ միասին բնակող ծերերին եւ ազնուականներին։
  • 9Եւ գրեց այն նամակներումն թէ Ծոմ քարոզեցէք եւ Նաբովթին դրէք ժողովրդի գլխաւոր։
  • 10Եւ նորա դիմացը երկու անօրէն մարդ նստեցրէք, որոնք նորա դէմ վկայութիւն անեն ասելով թէ Դու հայհոյութիւն արիր Աստուծոյ եւ թագաւորի դէմ. Յետոյ նորան դուրս հանեցէք եւ քարկոծեցէք որ մեռնի։
  • 11Եւ նորա քաղաքի մարդիկը՝ այն ծերերը եւ ազատականները, որ նորա քաղաքումը բնակվում էին, արին այնպէս ինչպէս որ Յեզաբէլը նորանց հրաման էր ուղարկել, ինչպէս որ գրել էր իր նորանց ուղարկած նամակներումը։
  • 13Եւ երկու անօրէն մարդիկը եկան ու նստեցին նորա դէմ. Եւ այն երկու անօրէն մարդիկը վկայութիւն տուին Նաբովթի դէմ ժողովրդի առաջին ասելով. Նաբովթը Աստուծուն եւ թագաւորին հայհոյեց. Եւ նորանք դուրս հանեցին նորան քաղաքիցը եւ քարերով քարկոծեցին, եւ նա մեռաւ։
  • 14Եւ մարդ ուղարկեցին Յեզաբէլի մօտ ասելով. Նաբովթը քարկոծուեցաւ եւ մեռաւ։
  • 15Եւ հէնց որ Յեզաբէլը լսեց, որ Նաբովթը քարկոծուել եւ մեռել է, ասեց Յեզաբէլն Աքաաբին. Վեր կաց ժառանգիր Յեզրայէլացի Նաբովթի այգին, որ չէր ուզում փողով քեզ տալ. Որովհետեւ Նաբովթը կենդանի չէ, այլ մեռաւ։
  • 16Եւ հէնց որ Աքաաբը լսեց թէ Նաբովթը մեռած է, վեր կացաւ Աքաաբը, որ իջնէ Յեզրայէլացի Նաբովթի այգին նորան ժառանգելու համար։
  • 17Եւ Տիրոջ խօսքն եղաւ Թեզբացի Եղիային թէ
  • 18Վեր կաց իջիր գնա Իսրայէլի Աքաաբ թագաւորի դէմ որ Սամարիայումն է. Ահա նա Նաբովթի այգիումն է, ուր որ իջել է նորան ժառանգելու համար։
  • 19Եւ նորա հետ խօսիր եւ ասիր. Այսպէս է ասում Տէրը. Սպանեցիր, եւ ժառանգո՞ւմ էլ ես. Եւ ասիր նորան թէ այսպէս է ասում Տէրը. Այն տեղը ուր որ շուները լակեցին Նաբովթի արիւնը, շուները քո արիւնն էլ պիտի լակեն։
  • 20Եւ Աքաաբն ասեց Եղիային. Ինձ գտա՞ր, ով իմ թշնամի. Եւ նա ասեց. Գտայ, որովհետեւ դու քեզ ծախել ես, որ Տիրոջ աչքի առաջին չարութիւն անես։
  • 21Ահա ես քեզ վերայ չարիք եմ բերելու եւ աւելելու եմ քո ետեւից եւ բնաջինջ եմ անելու Աքաաբի ամեն արու մարդին եւ Իսրայէլի մէջ կապուածին եւ արձակուածին։
  • 22Եւ քո տունը պիտի շինեմ Նաբատեան Յերոբովամի տան պէս եւ Աքիայի որդի Բաասայի տան պէս այն բարկութեան համար, որով բարկացրիր Տիրոջը, եւ մեղանչել տուիր Իսրայէլին։
  • 23Նաեւ Յեզաբէլի համար խօսեց Տէրն ասելով. Շուները պիտի ուտեն Յեզաբէլին Յեզրայէլի պարսպի մօտ։
  • 24Աքաաբից քաղաքումը մեռնողին շուները պիտի ուտեն, եւ դաշտումը մեռնողին երկնքի թռչունները պիտի ուտեն։
  • 25Բնաւ չէ եղել Աքաաբի պէսը, որ իրան ծախած լինէր Տիրոջ աչքի առաջին չարութիւն անելու համար, որ նորան մոլորեցրեց իր Յեզաբէլ կինը։
  • 26Եւ նա շատ գարշելի եղաւ կուռքերի ետեւից գնալով բոլորովին այն Ամօրհացիների արածին պէս, որոնց Տէրը քշեց Իսրայէլի որդկանց առաջից։
  • 27Եւ հէնց որ Աքաաբը լսեց այս խօսքերը, պատառեց իր հանդերձները եւ իր մարմնի վերայ քուրձ հագաւ եւ ծոմ պահեց, եւ քուրձով էր քնում եւ կամաց շրջում։
  • 28Եւ Տիրոջ խօսքն եղաւ Թեզբացի Եղիային ասելով.
  • 29Տեսնո՞ւմ ես որ Աքաաբն իրան խոնարհեցրեց իմ առաջին. Որովհետեւ նա իրան խոնարհեցրեց իմ առաջին ես այն չարիքը չեմ բերիլ նորա օրերումը, այլ նորա որդիի օրերումը կ’բերեմ չարիքը նորա տան վերայ։
← Ցանկ