Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ22
  • 1Ութ տարեկան էր Յովսիան երբոր թագաւոր եղաւ, եւ երեսունեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Յեդիդա՝ Դուստր Բազկադացի Ադայիայի։
  • 2Եւ Տիրոջ աչքի առաջին ուղղութիւն արաւ, եւ գնաց իր հայր Դաւիթի բոլոր ճանապարհովը եւ չ’խոտորեց աջ կամ ձախ։
  • 3Եւ Յովսիա թագաւորի տասնեւութերորդ տարին թագաւորը ուղարկեց Մեսուղամի որդի Եսելիայի որդիին Սափան դպրին Տիրոջ տունը՝ ասելով.
  • 4Գնա Քեղկիա քահանայապետի մօտ, որ նա հանէ Տիրոջ տան ներս եկած արծաթը որ դռան պահապանները ժողովեցին ժողովրդիցը,
  • 5Եւ յանձնեն գործաւորների ձեռքը, որ Տիրոջ տան վերայ նշանակուած են, եւ յանձնեն գործը անողներին, որ Տիրոջ տանն են, տան վնասուածը նորոգելու համար,
  • 6Հիւսերին, շինողներին եւ որմնադիրներին, նաեւ փայտ ու տաշած քարեր առնեն տունը նորոգելու համար։
  • 7Բայց հաշիւ չ’ուզեն նորանց ձեռքը տրուած են արծաթի համար, որովհետեւ նորանք հաւատարմութեամբ գործողներ են։
  • 8Եւ Քեղկիա քահանայապետն ասեց Սափան դպրին. Մի օրէնքի գիրք եմ գտել Տիրոջ տանը. Եւ Քեղկիան այն գիրքը տուաւ Սափանին, եւ նա կարդաց նորան։
  • 9Եւ Սափան դպիրն եկաւ թագաւորի մօտը եւ պատասխան բերաւ թագաւորի համար եւ ասեց. Ծառաներդ թափեցին տանը գտնուած արծաթը եւ տուին գործաւորների ձեռքը, որ նշանակուած են Տիրոջ տանը։
  • 10Եւ Սափան դպիրը պատմեց թագաւորին ասելով թէ Քեղկիա քահանան ինձ մի գիրք է տուել, եւ Սափանը կարդաց նորան թագաւորի առաջին։
  • 11Եւ երբոր թագաւորը լսեց օրէնքի գրքի խօսքերը, պատառեց իր հանդերձները։
  • 12Եւ թագաւորը հրամայեց Քեղկիա քահանային եւ Սափանի որդի Աքիկամին եւ Միքայի որդի Աքոբորին եւ Սափան դպրին եւ թագաւորի ծառայ Ասայիային ասելով.
  • 13Գնացէք հարցրէք Տիրոջը ինձ համար, ժողովրդի համար եւ բոլոր Յուդայի համար այս գտնուած գրքի խօսքերին համեմատ. Որովհետեւ մեծ է Տիրոջ բարկութիւնը որ բորբոքուել է մեզ դէմ, նորա համար որ մեր հայրերը չեն լսել այս գրքի խօսքերը, որ կատարեն բոլոր մեր մասին գրուածը։
  • 14Եւ Քեղկիա քահանան, եւ Աքիկամը եւ Աքոբորը, եւ Սափանն ու Ասայիան գնացին Արասի որդի Թեկուայի որդիի Սեղղում հանդերձապետի կնոջ Ողդա մարգարէուհիի մօտ, որ բնակվում էր Երուսաղէմում Մասենայի մէջ եւ խօսեցին նորա հետ։
  • 15Նա էլ ասեց նորանց. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը. Ասեցէք այն մարդին, որ ձեզ ինձ մօտ ուղարկեց.
  • 16Այսպէս է ասում Տէրը. Ահա ես չարիք պիտի բերեմ այստեղի վերայ եւ նորա բնակիչների վերայ այն գրքի բոլոր խօսքերը, որ կարդացել է Յուդայի թագաւորը.
  • 17Նորա համար որ ինձ թողել են եւ խունկ ծխել ուրիշ աստուածների՝ ինձ բարկացնելու համար իրանց ձեռքերի բոլոր գործքերովը. Եւ իմ բարկութիւնը պիտի բորբոքուի այստեղի վերայ եւ չ’հանգչի։
  • 18Եւ Յուդայի թագաւորին, որ ձեզ ուղարկել է Տիրոջը հարցնելու համար, այսպէս ասեցէք նորան. Այսպէս է ասում Իսրայէլի Տէր Աստուածը այն խօսքերի համար, որ լսել ես.
  • 19Որովհետեւ քո սիրտը կակղեց եւ դու խոնարհուեցար Տիրոջ առաջին լսելով այն, ինչ որ ես ասել եմ այս տեղի համար եւ նորա բնակիչների համար, թէ պիտի աւերում եւ անէծք լինի, եւ պատառեցիր քո հանդերձները եւ լացիր իմ առաջը. Ես էլ լսեցի, ասում է Տէրը։
  • 20Այդ պատճառով ահա ես քեզ կ’ժողովեմ քո հայրերի հետ, եւ դու կ’դրուիս խաղաղութեամբ քո գերեզմանի մէջ, եւ քո աչքերը չեն տեսնիլ այն ամեն չարիքը որ ես բերելու եմ այս երկրի վերայ։ Եւ նորանք պատասխանը տարին թագաւորին։
← Ցանկ