Դ ԹԱԳԱՎՈՐԱՑ23
  • 1Եւ թագաւորը մարդիկ ուղարկեց, եւ նորա մօտ ժողովեցին Յուդայի եւ Երուսաղէմի բոլոր ծերերին։
  • 2Եւ թագաւորը վեր գնաց Տիրոջ տունը եւ նորա հետ Երուսաղէմի բոլոր բնակիչները եւ քահանաները եւ մարգարէները եւ բոլոր ժողովուրդը փոքրիցը մինչեւ մեծը, եւ կարդաց նորանց ականջին ուխտի գրքի բոլոր խօսքերը, որ գտնուել էր Տիրոջ տանը։
  • 3Եւ թագաւորը կանգնել էր սիւնի մօտ եւ ուխտ արաւ Տիրոջ առաջին Տիրոջը հետեւելու, եւ նորա հրամանները եւ վկայութիւնները ու կանոնները բոլոր սրտով եւ բոլոր հոգիով պահելու, որ հաստատէ այս ուխտի խօսքերը որ գրուած են այս գրքում. Եւ բոլոր ժողովուրդը կանգնեց ուխտի մէջ։
  • 4Եւ թագաւորը հրամայեց Քեղկիա քահանայապետին եւ երկրորդ քահանաներին եւ դռան պահապաններին, որ դուրս հանեն Տիրոջ տաճարիցը Բահաղի եւ Աստարովթի համար եւ երկնքի բոլոր զօրքերի համար շինուած բոլոր գործիքները, եւ նորանց այրեց Երուսաղէմից դուրս Կեդրոնի դաշտավայրումը, եւ նորանց մոխիրը տարաւ Բեթէլ։
  • 5Եւ դադարեցրեց այն քուրմերին, որոնց դրել էին Յուդայի թագաւորները եւ որ խունկ էին ծխում Յուդայի քաղաքներումը եւ Երուսաղէմի շուրջի բարձրաւանդակների վերայ, եւ որ խունկ էին ծխում Բահաղին, արեգակին ու լուսնին եւ աստեղատներին եւ երկնքի բոլոր զօրքերին։
  • 6Եւ հանեց Աստարովթը Տիրոջ տանիցը ու տարաւ Երուսաղէմից դուրս Կեդրոնի հեղեղատի մօտ եւ այրեց նորան Կեդրոնի հեղեղատի մօտ, եւ փշրեց մոխիր արաւ եւ ցանեց նորա մոխիրը ժողովրդի որդկանց գերեզմանների վերայ։
  • 7Եւ քանդեց իգացողների տները, որ Տիրոջ տան մէջ էին, ուր որ կանայք Աստարովթի համար վրաններ էին գործում։
  • 8Եւ տարաւ բոլոր քահանաներին Յուդայի քաղաքներիցը, եւ պղծեց այն բարձրաւանդակները, ուր որ քահանաները խունկ էին ծխում Գաբայից մինչեւ Բերսաբէէ, եւ քանդեց դռների բարձրաւանդակները, որ քաղաքի իշխան Յեսուի դռան մուտքի մօտ են, որ քաղաքի դռան աջ կողմին է։
  • 9Միայն թէ բարձրաւանդակների քահանաները Երուսաղէմումն եղող Տիրոջ սեղանի վերայ չէին վեր գնում, բայց բաղարջներն ուտում էին իրանց եղբայրների մէջ։
  • 10Եւ նա պղծեց Տօփեթը որ Ենովմի որդիի ձորումն է, որ ոչ ոք իր որդիին կամ իր աղջկանը կրակով չ’անցկացնէ Մողոքի համար։
  • 11Եւ դադարեցրեց այն ձիերը, որ Յուդայի թագաւորները նուիրել էին արեգակին Տիրոջ տան մուտքիցը որ Նաթանմելէք ներքինիի սենեակի մօտ էին, Փարուրիմում, եւ արեգակի կառքերը այրեց կրակով։
  • 12Եւ այն սեղանները, որ Աքազի վերնատան տանիքի վերայ էին, որ շինել էին Յուդայի թագաւորները եւ Մանասէի Տիրոջ տան երկու գաւիթներումը շինած սեղանները քանդեց եւ այնտեղից բնաջինջ արաւ եւ նորանց փոշին թափեց Կեդրոնի հեղեղատը։
  • 13Եւ այն բարձրաւանդակները, որ Երուսաղէմի դիմացը Ապականութեան սարի աջ կողմին էին, որ շինեց Իսրայէլի թագաւոր Սողոմոնը Սիդոնացիների գարշելի Աստարովթին եւ Մովաբացիների գարշելի Քամովսին եւ Ամմոնի որդկանց պիղծ Մեղքոմին, թագաւորը պղծեց։
  • 14Եւ արձանները փշրեց եւ կուռքի անտառները կոտրատեց եւ նորանց տեղերը լցրեց մարդի ոսկորներով։
  • 15Նաեւ այն սեղանը որ Բեթէլումն է և այն բարձրաւանդակը որ շինել էր Նաբատեան Յերոբովամը, որ Իսրայէլին մեղանչել տուաւ, այն սեղանն ու բարձրաւանդակն էլ քանդեց եւ բարձրաւանդակը այրեց, մանրեց փոշի արաւ եւ Աստարովթն էլ այրեց։
  • 16Եւ Յովսիան դարձրեց երեսը եւ տեսաւ այն գերեզմանները, որ այնտեղ սարի վերայ էին, եւ մարդ ուղարկեց ու առաւ այն ոսկորները գերեզմաններիցը եւ այրեց սեղանի վերայ ու պղծեց նորան Տիրոջ այն խօսքին համեմատ, որ աղաղակեց Աստուծոյ մարդը այն խօսքերը աղաղակելով։
  • 17Եւ թագաւորն ասեց. Սա ի՞նչ կոթող է, որ ես տեսնում եմ. Եւ այն քաղաքի մարդիկն ասեցին. Դա այն Աստուծոյ մարդի գերեզմանն է, որ Յուդայիցը եկաւ ու աղաղակեց Բեթէլի սեղանի վերայ այն խօսքերը որ դու արիր։
  • 18Եւ թագաւորն ասեց. Հանգիստ թողեցէք նորան, ոչ ոք նորա ոսկորները չ’շարժեցնէ. Եւ պահեցին նորա ոսկորները Սամարիայից եկող մարգարէի ոսկորների հետ։
  • 19Եւ Սամարիայի քաղաքների միջի բարձրաւանդակների տներն էլ, որ Իսրայէլի թագաւորները շինել էին Տիրոջը բարկացնելու համար, վերցրեց Յովսիան, եւ նորանց էլ արաւ բոլոր այն արածների պէս, որ արաւ Բեթէլում։
  • 20Եւ այնտեղի բարձրաւանդակների բոլոր քահանաներին մորթեց այն սեղանների վերայ եւ մարդի ոսկորներ այրեց նորանց վերայ եւ ետ դարձաւ Երուսաղէմ։
  • 21Եւ թագաւորը հրամայեց բոլոր ժողովրդին ասելով. Ձեր Տէր Աստուծոյ համար զատիկ կատարեցէք ինչպէս որ գրուած է այս ուխտի գրքումը։
  • 22Որովհետեւ այս զատկի պէս չէր կատարուած Իսրայէլին դատող դատաւորների օրերից հետէ, եւ Իսրայէլի թագաւորների եւ Յուդայի թագաւորների օրերումը։
  • 23Այլ Յովսիա թագաւորի տասնեւութերորդ տարին կատարուեցաւ այս զատիկը Տիրոջ համար Երուսաղէմում։
  • 24Նաեւ վհուկներին ու նշանագէտներին, թերափիմներին եւ կուռքերին եւ բոլոր գարշութիւնները, որ երեւում էին Յուդայի երկրումը եւ Երուսաղէմում, աւելեց Յովսիան, որպէս զի հաստատէ այն գրքի մէջ գրուած օրէնքի խօսքերը, որ Քեղկիա քահանան գտել էր Տիրոջ տանը։
  • 25Եւ նորանից առաջ նորան պէս թագաւոր չէր եղած, որ բոլոր սրտովը եւ բոլոր հոգիովը եւ բոլոր զօրութիւնովը Տիրոջը դարձած լինէր Մովսէսի բոլոր օրէնքին համեմատ, եւ նորանից յետոյ նորան նմանը վեր չ’կացաւ։
  • 26Սակայն Տէրը ետ չ’դարձաւ իր մեծ բորբոքուած բարկութիւնիցը, որ բորբոքուել էր Յուդայի դէմ այն բոլոր պատճառած բարկութիւնների համար, որ Մանասէն նորան բարկացրել էր։
  • 27Եւ Տէրն ասեց. Յուդային էլ պիտի մերժեմ իմ երեսիցը, ինչպէս որ մերժեցի Իսրայէլին, եւ պիտի դէն գցեմ այս քաղաքը, իմ ընտրած Երուսաղէմը, եւ այս տունը, որի մասին ասեցի թէ Իմ անունը պիտի լինի այնտեղ։
  • 28Եւ Յովսիայի գործերի մնացորդը եւ նորա բոլոր արածը, ահա նորանք գրուած են Յուդայի թագաւորների յիշատակաց գրքումը։
  • 29Նորա օրերին գնաց Եգիպտոսի Նեքաւով Փարաւօն թագաւորը Ասորեստանի Եփրատ գետի վերայ. Եւ Յովսիա թագաւորը գնաց նորա առաջը. Բայց նա մեռցրեց Յովսիային Մակեդդովում՝ հէնց որ նորան տեսաւ։
  • 30Եւ նորա ծառաները նորան մեռած դրին կառքի մէջը եւ բերին նորան Երուսաղէմ եւ թաղեցին իր գերեզմանումը. Եւ երկրի ժողովուրդն առաւ Յովսիայի որդի Յովաքազին եւ նորան օծեցին ու թագաւոր արին իր հօր տեղ։
  • 31Քսանեւերեք տարեկան էր Յովաքազը երբոր թագաւոր եղաւ, եւ երեք ամիս թագաւորեց Երուսաղէմումը. Եւ նորա մօր անունն էր Ամիտաղ՝ դուստր Լեբնացի Երեմիայի։
  • 32Եւ նա Տիրոջ աչքի առաջին չարութիւն արաւ բոլորովին իր հայրերի արածին պէս։
  • 33Եւ Նեքաւով Փարաւօնը նորան բանտարկեց Եմաթի երկրում Ռեբղայի մէջ որ չ’թագաւորէ Երուսաղէմումը, եւ երկրի վերայ տուգանք դրաւ հարիւր տաղանդ արծաթ եւ մի տաղանդ ոսկի։
  • 34Եւ Նեքաւով Փարաւօնը Յովսիայի որդիին Եղիակիմին թագաւոր դրաւ նորա հայր Յովսիայի տեղ եւ նորա անունը փոխեց Յովակիմ, իսկ Յովաքազին առաւ ու տարաւ Եգիպտոս, եւ նա մեռաւ այնտեղ։
  • 35Եւ Յովակիմը տուաւ արծաթն ու ոսկին Փարաւօնին, բայց հարկ դրաւ երկրի վերայ որ Փարաւօնի խօսքին պէս տայ արծաթը. Իւրաքանչիւր մարդից իր բաժնի չափ պահանջեց արծաթը եւ ոսկին երկրի ժողովրդիցը Նեքաւով Փարաւօնին տալու համար։
  • 36Քսանեւհինգ տարեկան էր Յովակիմը, երբոր թագաւոր եղաւ եւ տասնեւմէկ տարի թագաւորեց Երուսաղէմումը, եւ նորա մօր անունն էր Զաբիդա՝ դուստր Ռումացի Փադայիայի։
  • 37Եւ նա չարութիւն արաւ Տիրոջ աչքի առաջին բոլորովին իր հայրերի արածին պէս։
← Ցանկ