ՆԵԵՄԻԱ1
  • 1Աքազիայի որդի Նէեմիայի խօսքերը։ Եւ եղաւ Քասղեւ ամսումը Արտաշէս թագաւորի քսաներորդ տարին, որ ես Շուշան մայրաքաղաքումն էի։
  • 2Եւ իմ եղբայրներից մէկը՝ Անանին եւ Յուդայից մի քանի մարդիկ եկան. Եւ ես նորանց հարցրի այն ազատուած Հրէաների մասին, որ մնացել էին գերութիւնից, եւ Երուսաղէմի մասին։
  • 4Եւ երբոր ես այս խօսքերը լսեցի նստեցի եւ լացի եւ սուգ արի մի քանի օր. Եւ ծոմ պահեցի ու աղօթք էի անում երկնքի Աստուծոյ առաջին.
  • 5Եւ ասում էի. Ով Տէր՝ երկնքի Աստուած, մեծ եւ ահեղ Աստուած, որ ուխտ եւ ողորմութիւն ես պահում քեզ սիրողներին եւ քո պատուիրանքները պահողներին.
  • 6Աղաչում եմ՝ ականջ դիր եւ աչքերդ բաց լինին քո ծառայի աղօթքը լսելու, որ ես հիմա աղօթում եմ քո առաջին ցերեկ եւ գիշեր քո Իսրայէլի որդի՝ ծառաներիդ համար, եւ խոստովանում եմ Իսրայէլի որդկանց մեղքերը որ քեզ դէմ մեղանչեցինք. Ես էլ եւ իմ հօր տունն էլ մեղանչել ենք։
  • 7Իրաւ յանցաւոր ենք քեզ դէմ, եւ չենք պահել այն պատուիրանքները եւ կանոններն ու իրաւունքները, որ դու պատուիրեցիր քո Մովսէս ծառային։
  • 8Սակայն յիշիր այն խօսքը որ պատուիրեցիր Մովսէս ծառայիդ ասելով. Եթէ դուք յանցանք գործէք, ես ձեզ կ’ցրուեմ ազգերի մէջ։
  • 9Եւ եթէ ետ դառնաք դէպի ինձ եւ պահէք իմ պատուիրանքները եւ կատարէք նորանց, թէ որ ձեր աքսորուածները երկնքի ծայրումն էլ լինին, այնտեղից կ’ժողովեմ եւ նորանց կ’բերեմ այն տեղը որ ես ընտրել եմ իմ անունն այնտեղ բնակեցնելու։
  • 10Եւ ահա նորանք քո ծառաներն ու քո ժողովուրդն են, որ ազատեցիր քո մեծ ուժովը եւ քո զօրաւոր բազուկովը։
  • 11Ոհ Տէր, ականջ դիր ծառայիդ աղօթքին եւ ծառաներիդ աղօթքին, որ սիրում են քո անունից վախենալը. Եւ յաջողութիւն տուր այսօր քո ծառային, եւ ինձ ողորմութիւն գտնել տուր այս մարդի առաջին։ Եւ ես թագաւորի մատռուակն էի։
← Ցանկ