ԵՍԹԵՐ5
  • 1Եւ եղաւ որ երրորդ օրը Եսթերը հագուեցաւ թագուհիի կերպով եւ կանգնեց թագաւորի տան ներքին գաւիթումը թագաւորի պալատի դիմացը, եւ թագաւորը նստել էր իր թագաւորական աթոռի վերայ թագաւորի պալատումը՝ պալատի դռան դիմացը։
  • 2Եւ երբոր թագաւորը տեսաւ Եսթեր թագուհիին գաւիթումը կանգնած, նա շնորհք գտաւ նորա աչքի առաջին, եւ թագաւորը մեկնեց դէպի Եսթերն իր ձեռքի ոսկի գաւազանը. Եւ Եսթերը մօտեցաւ եւ դպաւ գաւազանի ծայրին։
  • 3Եւ թագաւորն ասեց նորան. Ի՞նչ ունիս, ով Եսթեր թագուհի, եւ ի՞նչ է ուզածդ. Մինչեւ իմ թագաւորութեան կէսն էլ քեզ տրուի։
  • 4Եւ Եսթերն ասեց. Եթէ հաճելի է թագաւորին, գայ թագաւորը Համանի հետ այսօր այն խնջոյքին, որ պատրաստել եմ իր համար։
  • 5Եւ թագաւորն ասեց. Շուտով բերէք Համանին, որ Եսթերի ասածը կատարէ. Եւ թագաւորը գնաց Համանի հետ Եսթերի արած խնջոյքին։
  • 6Եւ թագաւորն ասեց Եսթերին գինին խմելիս. Ի՞նչ է քո խնդիրքը, քեզ պիտի տրուի. Եւ ի՞նչ է քո ուզածը մինչեւ թագաւորութեան կէսը, պիտի կատարուի։
  • 7Եւ Եսթերը պատասխանեց եւ ասեց. Իմ խնդիրքը եւ իմ ուզածը,
  • 8Եթէ ես շնորհք եմ գտել թագաւորի աչքի առաջին եւ եթէ հաճելի է թագաւորին իմ խնդիրքը տալու եւ իմ ուզածը կատարելու, թող գայ թագաւորը Համանի հետ այն խնջոյքին որ ես անելու եմ, եւ էգուց կ’անեմ թագաւորի խօսքին համեմատ։
  • 9Եւ Համանն այն օրը դուրս եկաւ ուրախ եւ սրտով զուարթ։ Բայց երբոր Համանը տեսաւ Մուրթքէին թագաւորի դռանը, որ ոչ վեր կացաւ եւ ոչ նորանից դողաց, Համանը Մուրթքէի վերայ բարկութիւնով լցուեցաւ։
  • 10Սակայն Համանն իրան զսպեց եւ գնաց իր տունը, եւ մարդ ուղարկեց բերել տուաւ իր բարեկամներին եւ իր կնոջ Զերէսին։
  • 11Եւ Համանը պատմեց նորանց իր հարստութեան շատութիւնը եւ որդկանցը բազմութիւնը, եւ այն ամենը որ թագաւորը նորան մեծացրել է եւ որ նորան բարձրացրել է թագաւորի ծառայ իշխաններից։
  • 12Եւ ասեց Համանը. Ապաքէն Եսթեր թագուհին մէկ ուրիշին ներս չ’տարաւ թագաւորի հետ իր արած խնջոյքին բացի ինձանից. Եւ նոյն իսկ էգուց հրաւիրուած եմ ես նորա մօտ թագաւորի հետ։
  • 13Բայց այս ամենից գոհ չեմ՝ քանի որ ամեն ժամանակ Հրէայ Մուրթքէին տեսնում եմ թագաւորի դռանը նստած։
  • 14Եւ ասեց նորան նորա կինը Զերէսը եւ նորա բոլոր բարեկամները. Թող մի բարձր փայտ շինեն յիսուն կանգուն, եւ առաւօտն ասիր թագաւորին, որ Մուրթքէին կախեն նորա վերայ, յետոյ ուրախանալով խնջոյքին գնա թագաւորի հետ։ Եւ այս խօսքը հաճելի եղաւ Համանին, եւ նա փայտը շինեց։
← Ցանկ