ԵՍԹԵՐ8
  • 1Այն ժամանակ Ասուերոս թագաւորը Եսթեր թագուհիին տուաւ Հրէաների թշնամի Համանի տունը, եւ Մուրթքէն եկաւ թագաւորի առաջին, որովհետեւ Եսթերը նորան իմացրել էր, թէ նա նորան ինչն էր։
  • 2Եւ թագաւորն առաւ իր մատանին, որ հանել էր Համանիցը, եւ նորան տուաւ Մուրթքէին. Եւ Եսթերը Մուրթքէին դրաւ Համանի տան վերայ։
  • 3Եւ Եսթերը դարձեալ խօսեց թագաւորի առաջին եւ ընկաւ նորա ոտքի առաջը, եւ լացաւ ու աղաչեց նորան, որ Ագագացի Համանի չարութիւնը եւ այն հնարքը, որ հնարել էր Հրէաների դէմ, խափանէ։
  • 4Եւ թագաւորը մեկնեց դէպի Եսթերին ոսկի գաւազանը. Եւ Եսթերը վեր կացաւ կանգնեց թագաւորի առաջին.
  • 5Եւ ասեց. Եթէ հաճելի է թագաւորին, եւ եթէ ես շնորհք եմ գտել նորա առաջին, եւ եթէ այս բանն ուղիղ է թագաւորի առաջին եւ ես հաճելի եմ նորա աչքին, թող հրաման գրուի, որ ետ դարձնեն Ագագացի Ամադաթայի որդի Համանի հնարքի գրութիւնները, որ գրել է թագաւորի բոլոր գաւառներումն եղող Հրէաներին փչացնելու համար։
  • 6Որովհետեւ ի՞նչպէս կարող եմ տեսնել իմ ազգին պատահող չարիքը, եւ ի՞նչպէս կարող եմ տեսնել իմ ազգականների կորուստը։
  • 7Եւ Ասուերոս թագաւորն ասեց Եսթեր թագուհիին եւ Հրէայ Մուրթքէին. Ահա ես Համանի տունը տուի Եսթերին, եւ նորան կախեցին փայտի վերայ նորա համար որ իր ձեռքը երկարացրել էր Հրէաների վերայ։
  • 8Դուք էլ գրեցէք Հրէաների մասին ինչ որ հաճելի է ձեր աչքին՝ թագաւորի անունովը, եւ կնքեցէք թագաւորի կնիքովը. Որովհետեւ այն գիրը, որ գրուեցաւ թագաւորի անունովը եւ կնքուեցաւ թագաւորի կնիքովը, ետ չեն դարձնիլ։
  • 9Եւ այն ժամանակ թագաւորի գրագիրները կանչուեցան երրորդ ամսի այսինքն Սիվան ամսի քսանեւերեքին, եւ գրուեցաւ բոլորովին այնպէս ինչպէս որ պատուիրեց Մուրթքէն, եւ ուղարկուեցան Հրէաներին եւ նախարարներին ու կուսակալներին եւ գաւառապետներին Հնդկաստանից մինչեւ Եթովպիա՝ հարիւր քսանեւեօթը գաւառների իւրաքանչիւր գաւառին իր գրովը եւ ամեն մէկ ազգին իր լեզուովը եւ Հրէաներին իրանց գրովն ու իրանց լեզուովը։
  • 10Եւ գրեց Ասուերոս թագաւորի անունովը եւ կնքեց թագաւորի կնիքովը եւ հրովարտակներն ուղարկեց ձիաւոր սուրհանդակներով որ հեծած էին արքունի նժոյգների ձիաքուռակների՝՝ վերայ,
  • 11Թէ թագաւորը հրաման է տուել ամեն մէկ քաղաքում եղող Հրէաներին որ հաւաքուեն եւ դէմ կենան իրանց անձերի համար, որ փչացնեն, սպանեն եւ կոտորեն ժողովրդի եւ գաւառի զօրաւորներին, որ թշնամութիւն կ’անեն նորանց, նորանց որդկանցը եւ կանանցը, եւ նորանց աւարը յափշտակեն
  • 12Մէկ օրում Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումը տասնեւերկուերորդ ամսի՝ այսինքն Ադար ամսի տասնեւերեքին։
  • 13Այս գրի պատճէնը պէտք էր տրուէր իբրեւ օրէնք իւրաքանչիւր գաւառում ամեն ազգերի հրատարակուած, որ Հրէաները նոյն օրուայ համար պատրաստ լինին իրանց վրէժն իրանց թշնամիներիցն առնելու համար.
  • 14Թագաւորական նժոյգների՝ ձիաքուռակների հեծած սուրհանդակները, որ թագաւորի խօսքովը ստիպուելով շտապում էին դուրս գնացին. Եւ այս օրէնքը հրատարակուեցաւ Շուշան մայրաքաղաքումը։
  • 15Եւ Մուրթքէն դուրս եկաւ թագաւորի առաջից թագաւորական կապուտակ եւ սպիտակ հագուստով եւ մեծ ոսկի թագով, եւ բեհեզեայ ու ծիրանի պատմուճանով. Եւ Շուշան քաղաքը ցնծաց եւ ուրախացաւ։
  • 16Հրէաները լոյս եւ ուրախութիւն, ցնծութիւն եւ պատիւ ունեցան։
  • 17Եւ բոլոր գաւառներումն ու բոլոր քաղաքներումը, որտեղ որ հասնում էր թագաւորի խօսքը եւ հրամանը, ուրախութիւն եւ ցնծութիւն էր լինում Հրէաների համար, խնջոյքի եւ տօնախմբութեան օր. Եւ այն երկրի ժողովրդից շատերը Հրէայ էին դառնում. Որովհետեւ Հրէաների վախն ընկել էր նորանց վերայ։
← Ցանկ