ԵՍԹԵՐ9
  • 1Եւ տասնեւերկուերորդ ամսի, այսինքն Ադար ամսի տասնեւերեքերորդ օրը, երբոր հասաւ թագաւորի խօսքը եւ հրամանը, որ կատարուէր, այն օրը որ Հրէաների թշնամիները յոյս ունէին նորանց վերայ տիրելու, ներհակը պատահեց, որ Հրէաներն իրանք տիրեցին իրանց ատողների վերայ։
  • 2Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումը Հրէաները ժողովուեցան իրանց քաղաքներումը, որ ձեռք երկարացնեն իրանց չարիքն ուզողների վերայ. Եւ նորանց առաջին ոչ ով չէր դիմանում. Որովհետեւ նորանց վախն ընկել էր բոլոր ազգերի վերայ։
  • 3Եւ բոլոր գաւառապետները, կուսակալները, եւ իշխաններն ու թագաւորի գործակալներն օգնում էին Հրէաներին, որովհետեւ Մուրթքէի վախն ընկել էր նորանց վերայ։
  • 4Նորա համար որ Մուրթքէն մեծ էր թագաւորի պալատումը, եւ նորա համբաւը տարածուել էր ամեն գաւառներում. Որովհետեւ այդ Մուրթքէ մարդը գնալով մեծանում էր։
  • 5Եւ Հրէաները ջարդ տուին իրանց բոլոր թշնամիներին սրով ջարդելով, սպանելով եւ փչացնելով, եւ իրանց ատողներին իրանց ուզածին պէս արին։
  • 6Եւ Հրէաները Շուշան մայրաքաղաքումը հինգ հարիւր մարդ սպանեցին փչացրին։
  • 7Նաեւ Փարսանդաթային, Դաղփոնին, Ասփաթային,
  • 8Փորաթային, Ադալիային, Արիդաթային,
  • 9Փարմասթային, Արիսային, Արիդային, եւ Վայեզաթային.
  • 10Հրէաների թշնամի՝ Ամադաթայի որդի Համանի տասը որդկանցը սպանեցին, բայց աւարին ձեռք չ’երկարացրին։
  • 11Այն օրը Շուշան մայրաքաղաքումն սպանուածների թիւը եկաւ թագաւորի առաջը։
  • 12Եւ թագաւորն ասեց Եսթեր թագուհիին. Շուշան մայրաքաղաքումը Հրէաները սպանել եւ փչացրել են հինգ հարիւր մարդ եւ Համանի տասը որդկանցը. Ապա թագաւորի միւս գաւառներումն ինչե՜ր են արել. Դարձեալ ի՞նչ է քո խնդիրքը, եւ պիտի տրուի քեզ, եւ դեռ ի՞նչ է քո ուզածը, պիտի կատարուի։
  • 13Եւ Եսթերն ասեց. Եթէ հաճոյ է թագաւորին, թող էգուց էլ Շուշանումն եղող Հրէաներին տրուի որ այսօրուայ օրէնքի համեմատ անեն՝ Համանի տասը որդկանցը կախեն փայտից.
  • 14Եւ թագաւորն ասեց որ այնպէս կատարուի, եւ հրամանը հրատարակուեցաւ Շուշանումը, եւ Համանի տասը որդկանցը կախեցին։
  • 15Եւ Շուշանումն եղող Հրէաները Ադար ամսի տասնեւչորսերորդ օրն էլ ժողովուեցան եւ Շուշանում երեք հարիւր մարդ սպանեցին, բայց աւարին ձեռք չ’երկարացրին։
  • 16Եւ թագաւորի գաւառներումն եղող մնացեալ Հրէաները ժողովուեցան եւ դէմ կացին իրանց անձերի համար եւ հանգստացան իրանց թշնամիներիցը եւ սպանեցին իրանց ատողներիցը եօթանասունեւհինգ հազար մարդ, բայց աւարին ձեռք չ’երկարացրին։
  • 17Ադար ամսի տասնեւերեքին եղաւ այս, եւ նոյն ամսի տասնեւչորսին հանգստացան, եւ նորան խնջոյքի եւ ուրախութեան օր արին։
  • 18Եւ Շուշանումն եղող Հրէաները ժողովուեցան այն ամսի տասնեւերեքին եւ տասնեւչորսին եւ հանգստացան տասնեւհինգին, եւ նորան խնջոյքի ու ուրախութեան օր արին։
  • 19Սորա համար գիւղացի Հրէաները որ բնակվում են դաշտաքաղաքներում, տօնում են Ադար ամսի տասնեւչորսերորդ օրը ուրախութեամբ եւ խնջոյքով տօնախմբութեան օր, եւ իրար ընծաներ են ուղարկում։
  • 20Եւ Մուրթքէն գրեց այս բաները եւ նամակներ ուղարկեց Ասուերոս թագաւորի բոլոր գաւառներումն եղող մօտ եւ հեռու Հրէաներին,
  • 21Որ իրանց վերայ դնեն՝ որ Ադար ամսի տասնեւչորսերորդ օրը եւ տասնեւհինգերորդ օրը տօնեն տարուէ տարի։
  • 22Իբրեւ այնպիսի օրեր որոնցում Հրէաները հանգստացան իրանց թշնամիներից եւ իբրեւ այնպիսի ամիս որ նորանց համար տրտմութիւնը ուրախութեան եւ սուգը տօնախմբութեան փոխուեցաւ. Որ նորանց տօնեն իբրեւ խնջոյքի եւ ուրախութեան օրեր եւ իրար ընծաներ ուղարկեն եւ աղքատներին պարգեւներ.
  • 23Եւ Հրէաներն ընդունեցին ինչ որ սկսել էին անել եւ ինչ որ Մուրթքէն նորանց գրել էր.
  • 24Որովհետեւ բոլոր Հրէաների թշնամի Ագագացի Ամադաթայի՝ որդի Համանը խորհեց որ Հրէաներին կորցնէ եւ Փուր՝ այսինքն վիճակ էր գցել որ նորանց բնաջինջ անէ եւ կորցնէ։
  • 25Բայց երբոր Եսթերը գնաց թագաւորի առաջին, թագաւորը հրամայեց հրովարտակով, որ Համանի չար հնարքը, որ հնարել էր Հրէաների մասին, նորա գլխին դառնայ. Եւ նորան եւ նորա որդկանցը կախեցին փայտի վերայ։
  • 26Սորա համար այս օրերին Փուրիմ են ասում՝ Փուրի անուան պատճառով. Սորա համար այս թղթի բոլոր խօսքերի պատճառովը եւ ինչ որ իրանք տեսան սորան վերաբերմամբ եւ ինչ որ իրանց պատահեց,
  • 27Հրէաները որոշեցին եւ ընդունեցին իրանց վերայ եւ իրանց զաւակների վերայ եւ բոլոր իրանց հետ միացողների վերայ որ զանց չ’անեն այս երկու օրը տօնել նորանց գրուածքին եւ նորանց ժամանակին համեմատ իւրաքանչիւր տարի։
  • 28Եւ այս օրերը պէտք է յիշուին եւ տօնուին ամեն դարերում, ամեն ազգատոհմերում, ամեն գաւառներում եւ ամեն քաղաքներում. Եւ այս Փուրիմ օրերը Հրէաների միջիցը պակաս չ’լինին եւ նորանց յիշատակը չ’վերանայ նորանց սերունդիցը։
  • 29Եւ Աբիքէլի աղջիկ Եսթեր թագուհին եւ Հրէայ Մուրթքէն բոլոր սաստկութեամբ գրեցին այս երկրորդ թուղթը Փուրիմը հաստատելու համար.
  • 30Եւ նա նամակներ ուղարկեց բոլոր Հրէաներին, Ասուերոսի թագաւորութեան հարիւր քսանեւեօթը գաւառները խաղաղութեան եւ ճշմարտութեան խօսքերով.
  • 31Որ պահեն այս Փուրիմի օրերն իրանց ժամանակներին ինչպէս որ նորանց վերայ դրին Հրէայ Մուրթքէն եւ Եսթեր թագուհին, եւ ինչպէս որ նորանք դրին իրանց անձերի վերայ եւ իրանց սերունդի վերայ ծոմապահութեան եւ իրանց աղաղակի մասին։
  • 32Եւ Եսթերի հրամանը հաստատեց այս Փուրիմի բաները, եւ գրուեցաւ գրքի մէջ։
← Ցանկ