ԵՍԹԵՐ7
  • 1Եւ թագաւորը Համանի հետ խնջոյքի գնաց Եսթեր թագուհիի մօտ։
  • 2Եւ թագաւորն ասեց Եսթերին երկրորդ օրն էլ գինին խմելիս. Ի՞նչ է, Եսթեր թագուհի, քո խնդիրքը, եւ պիտի տրուի քեզ. Եւ ի՞նչ է քո ուզածը, թէեւ մինչեւ թագաւորութեան կէսը, եւ պիտի կատարուի։
  • 3Եւ Եսթեր թագուհին պատասխանեց եւ ասեց. Եթէ շնորհք եմ գտել քո աչքի առաջին, ով թագաւոր, եւ եթէ հաճելի է թագաւորին, թող իմ խնդիրքովն իմ անձը եւ իմ աղաչանքովն իմ ազգն ինձ տրուի։
  • 4Որովհետեւ ես եւ իմ ազգը ծախուել ենք փչացնուելու, սպանուելու եւ կորչելու. Եթէ իբրեւ ծառաներ եւ աղախիններ ծախուէինք, կ’լռէի. Որովհետեւ թշնամին արժէք չ’ունի թագաւորի վնասին չափ։
  • 5Եւ Ասուերոս թագաւորը խօսեց, եւ Եսթեր թագուհիին ասեց. Ո՞վ է նա եւ ո՞ւր է նա որ համարձակուել է այդպէս անել։
  • 6Եւ Եսթերն ասեց. Այն հակառակորդը եւ թշնամին այս չար Համանն է. Բայց Համանը դողում էր թագաւորի եւ թագուհիի առաջին։
  • 7Եւ թագաւորը վեր կացաւ գինի խմելուց իր բարկութեամբը եւ գնաց պալատի պարտէզը. Բայց Համանը մնաց, որ իր անձի համար աղաչէ Եսթեր թագուհիին. Որովհետեւ տեսաւ որ թագաւորիցը չարիքը հասել էր իր վերայ։
  • 8Եւ թագաւորը ետ դառաւ պալատի պարտէզից գինիի խնջոյքի սենեակը, եւ Համանն ընկել էր Եսթերի բազմոցի վերայ. Եւ թագաւորն ասեց. Մի՞թէ թագուհիին էլ բռնաբարէ ինձ մօտ՝ պալատումը. Եւ խօսքը դուրս էր եկել թագաւորի բերանիցը, եւ իսկոյն ծածկեցին Համանի երեսը։
  • 9Այն ժամանակ ասեց թագաւորի առաջին եղող ներքինիներից մէկը՝ Արբոնա. Ահա այն յիսուն կանգունանոց փայտն էլ, որ Համանը պատրաստել է Մուրթքէի համար որ բարի է խօսել թագաւորի մասին, Համանի տանը տնկուած է։ Եւ թագաւորն ասեց. Նորան կախեցէք նորա վերայ։
  • 10Եւ Համանին կախեցին այն փայտի վերայ, որ նա պատրաստել էր Մուրթքէի համար. Եւ թագաւորի բարկութիւնն իջաւ։
← Ցանկ