ՅՈԲ15
- 1Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.
- 2Մի՞թէ մէկ իմաստուն օդանման գիտութիւն կ’պատասխանէ, եւ իր փորը արեւելեան քամիով կ’լեցնէ.
- 3Անպիտան բաներով փաստաբանելով. Եւ անօգուտ խօսքերով։
- 4Մանաւանդ որ երկիւղածութիւնը խափանում ես, եւ արգելում ես աղօթքն առ Աստուած։
- 5Որովհետեւ անօրէնութիւնդ այդպէս է սովորեցնում բերանիդ, եւ դու ընտրեցիր նենգաւորների լեզուն։
- 6Քեզ քո բերանն է դատապարտում, եւ ոչ թէ ես. Եւ քո շրթունքը վկայում են քեզ դէմ։
- 7Դո՞ւ ես ծնուել իբրեւ առաջին մարդը, եւ բլուրներից առա՞ջ ես ստեղծուել։
- 8Աստուծոյ խորհրդո՞ւմն էիր ականջ դնում, թէ իմաստութիւնը քեզ մօտ ես հաւաքել։
- 9Ի՞նչ գիտես դու, որ մենք չ’գիտենք. Դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չ’ունենայինք։
- 10Մեզ մօտ ծեր էլ կայ՝ ալեւոր էլ, որ քո հայրերից տարօք են։
- 11Մի՞թէ քեզ քիչ են երեւում Աստուծոյ մխիթարութիւնները, եւ քեզ հետ խօսուած մեղմ խօսքերը։
- 12Ո՞ւր է տանում քեզ քո սիրտը, եւ ի՞նչ են ակնարկում քո աչքերը.
- 13Որ հոգիդ Աստուծոյ դէմ ես դարձրել, եւ այդպիսի խօսքեր ես հանում բերանիցդ։
- 14Մարդս ի՞նչ է՝ որ մաքուր լինի, եւ կնկանից ծնուածը՝ որ արդարանայ։
- 15Ահա՝ Նա իր սրբերին էլ չէ հաւատում, եւ երկինքն էլ մաքուր չէ նորա աչքի առաջին։
- 16Բայց մանաւանդ գարշելի ու պիղծ է մարդս, որ անօրէնութիւնը ջրի պէս է խմում։
- 17Ես քեզ իմացնեմ, ինձ լսիր. Եւ իմ տեսածը քեզ պատմեմ.
- 18Ինչ որ իմաստունները յայտնեցին, եւ չ’ծածկեցին իրանց հայրերից առածը։
- 19Երկիրը մինակ նորանց տրուեցաւ, եւ նորանց մէջ մէկ օտարական չ’անցաւ, թէ
- 20Չարը տանջվում է իր բոլոր օրերումը, եւ քիչ տարիք են պահուած բռնաւորի համար։
- 21Սարսափների ձայն կայ նորա ականջներումը. խաղաղութեան ժամանակին աւերիչը գալիս է նորա վերայ։
- 22Նա չէ հաւատում թէ խաւարիցը կ’ազատուի, եւ նա պահուած է սուրի համար։
- 23Նա թափառում է հացի համար ասելով ո՞ւր է. Գիտէ որ խաւար օրը կշտին պատրաստ է։
- 24Նորան զարհուրեցնում են նեղութիւնն ու տառապանքը. Նորանք յաղթահարում են նորան պատերազմի պատրաստ թագաւորի պէս։
- 25Որովհետեւ նա իր ձեռքը մեկնեց Աստուծոյ դէմ, եւ Ամենակարողի դէմ հպարտացաւ։
- 26Յարձակուեցաւ նորա վերայ՝ բարձրապարանոց իր ասպարների թանձր գմբէթներովը։
- 27Որովհետեւ նա ծածկեց իր երեսը ճարպովը, եւ իւղ կապեց երիկամունքների վերայ։
- 28Եւ նա բնակուեց աւերակ քաղաքներում այնպիսի տներում, որոնց մէջ բնակող չ’կայ, որ պատրաստուած են քարակոյտներ դառնալու։
- 29Նա պիտի չ’հարստանայ, եւ նորա ստացուածքը հաստատ պիտի չ’մնայ, եւ նորանց ապրանքը պիտի չ’տարածուի երկրիս վերայ։
- 30Մութիցը չի հեռանալ նա, նորա ճիւղերը կ’չորացնէ բոցը, եւ նա պիտի ոչնչանայ իր բերանի շունչովը։
- 31Թող ունայնութեան չ’հաւատայ, ինքն իրան է խաբում. Որովհետեւ ունայնութիւնն է նորա վարձքը։
- 32Դեռ օրը չէ, նա վախճանվում է. Եւ նորա ոստերը չեն կանաչիլ։
- 33Նա դէն է գցում ինչպէս որթն իր ազոխը, կամ ինչպէս ձիթենին թօթափում է իր ծաղիկները։
- 34Որովհետեւ կեղծաւորների ժողովքը ամայի պիտի լինի, եւ կրակը պիտի լափէ կաշառ առնողների վրանները։
- 35Նորանք թշուառութիւնով յղի են եւ անօրէնութիւն կ’ծնեն եւ նորանց ներսը խաբէութիւն է պատրաստում։
