ՅՈԲ16
- 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
- 2Ես սորանց նման շատ բաներ եմ լսել, դուք ամենքդ ձանձրացուցիչ մխիթարողներ էք։
- 3Մի՞թէ վերջ կայ դարտակ խօսքերին, կամ թէ քեզ ի՞նչ է գրգռում որ պատասխանես։
- 4Ես էլ ձեզ նման կ’խօսէի, եթէ ձեր հոգին իմ հոգիի տեղը լինէր. Ձեզ դէմ խօսքեր կ’շարադրէի, եւ գլուխս կ’շարժէի ձեզ վերայ.
- 5Ձեզ կ’քաջալերէի իմ բերանովը, եւ իմ շրթունքների շարժումը կ’սփոփէր։
- 6Թէ խօսեմ էլ՝ ցաւս չի փարատուիլ. Եւ լռեմ էլ՝ ի՞նչ կ’գնայ ինձանից։
- 7Բայց հիմա նա ինձ հոգնեցրել է. Դու ամայի ես արել իմ բոլոր ընտանիքը։
- 8Դու ինձ խորշոմացրել ես, սա վկայութիւն է դառել. Եւ իմ նիհարութիւնն ինձ դէմ վեր է կացել, երեսիս յանդիմանում է ինձ։
- 9Նորա բարկութիւնը պատառում է եւ թշնամանում ինձ դէմ. նա կրճատում է ինձ վերայ իր ատամներովը, իբրեւ իմ թշնամի սրել է աչքերը ինձ դէմ։
- 10Իրանց բերանը բացել են ինձ վերայ. նախատինքով խփում են ծնօտներիս, մէկտեղ ժողովուել են ինձ դէմ։
- 11Աստուած ինձ մատնել է անզգամին, եւ ինձ գցել է չարերի ձեռքը։
- 12Հանգիստ էի ես, բայց նա ինձ փշուր փշուր արաւ, եւ բռնեց վզիցս ու ջախջախեց ինձ, եւ ինձ նշան շինեց իրան համար։
- 13Ինձ շրջապատեցին նորա աղեղնաւորները, նա ճղոտում է իմ երիկամունքներն ու չէ խնայում. Լեղիս գետինն է թափում։
- 14նա ինձ պատառում՝ պատառ պատառ է անում. Քաջազունի պէս ինձ վերայ է յարձակվում։
- 15Քուրձ փակցրի ես իմ մորթի վերայ, եւ իմ եղջիւրը հողով աղտոտեցի։
- 16Երեսս կարմրոտել է լալուցս. Եւ արտեւանունքիս վերայ մահուան ստուեր կայ,
- 17Թէեւ ձեռքերումս անօրէնութիւն չ’կայ, եւ աղօթքս մաքուր է։
- 18Երկի՜ր, մի ծածկիր իմ արիւնը. Եւ թող տեղ չ’լինի իմ աղաղակին։
- 19Հէնց հիմա էլ ահա երկնքումն է իմ վկան, եւ իմ փաստաբանը բարձրերումն է։
- 20Ինձ ծաղր անողներն իմ բարեկամներն են. Իմ աչքն արտասվում է դէպի Աստուած.
- 21Որ վճռէր մարդիս համար Աստուծոյ դէմ, եւ մարդի որդիին՝ իր ընկերի դէմ։
- 22Որովհետեւ այս մի քանի տարիները կ’վերջանան, եւ ես կ’գնամ այն ճանապարհը, որով ետ չեմ դառնալ։
