ՅՈԲ16
  • 1Եւ Յոբը պատասխանելով ասեց.
  • 2Ես սորանց նման շատ բաներ եմ լսել, դուք ամենքդ ձանձրացուցիչ մխիթարողներ էք։
  • 3Մի՞թէ վերջ կայ դարտակ խօսքերին, կամ թէ քեզ ի՞նչ է գրգռում որ պատասխանես։
  • 4Ես էլ ձեզ նման կ’խօսէի, եթէ ձեր հոգին իմ հոգիի տեղը լինէր. Ձեզ դէմ խօսքեր կ’շարադրէի, եւ գլուխս կ’շարժէի ձեզ վերայ.
  • 5Ձեզ կ’քաջալերէի իմ բերանովը, եւ իմ շրթունքների շարժումը կ’սփոփէր։
  • 6Թէ խօսեմ էլ՝ ցաւս չի փարատուիլ. Եւ լռեմ էլ՝ ի՞նչ կ’գնայ ինձանից։
  • 8Դու ինձ խորշոմացրել ես, սա վկայութիւն է դառել. Եւ իմ նիհարութիւնն ինձ դէմ վեր է կացել, երեսիս յանդիմանում է ինձ։
  • 9Նորա բարկութիւնը պատառում է եւ թշնամանում ինձ դէմ. նա կրճատում է ինձ վերայ իր ատամներովը, իբրեւ իմ թշնամի սրել է աչքերը ինձ դէմ։
  • 10Իրանց բերանը բացել են ինձ վերայ. նախատինքով խփում են ծնօտներիս, մէկտեղ ժողովուել են ինձ դէմ։
  • 11Աստուած ինձ մատնել է անզգամին, եւ ինձ գցել է չարերի ձեռքը։
  • 12Հանգիստ էի ես, բայց նա ինձ փշուր փշուր արաւ, եւ բռնեց վզիցս ու ջախջախեց ինձ, եւ ինձ նշան շինեց իրան համար։
  • 13Ինձ շրջապատեցին նորա աղեղնաւորները, նա ճղոտում է իմ երիկամունքներն ու չէ խնայում. Լեղիս գետինն է թափում։
  • 14նա ինձ պատառում՝ պատառ պատառ է անում. Քաջազունի պէս ինձ վերայ է յարձակվում։
  • 15Քուրձ փակցրի ես իմ մորթի վերայ, եւ իմ եղջիւրը հողով աղտոտեցի։
  • 16Երեսս կարմրոտել է լալուցս. Եւ արտեւանունքիս վերայ մահուան ստուեր կայ,
  • 17Թէեւ ձեռքերումս անօրէնութիւն չ’կայ, եւ աղօթքս մաքուր է։
  • 18Երկի՜ր, մի ծածկիր իմ արիւնը. Եւ թող տեղ չ’լինի իմ աղաղակին։
  • 19Հէնց հիմա էլ ահա երկնքումն է իմ վկան, եւ իմ փաստաբանը բարձրերումն է։
  • 20Ինձ ծաղր անողներն իմ բարեկամներն են. Իմ աչքն արտասվում է դէպի Աստուած.
  • 21Որ վճռէր մարդիս համար Աստուծոյ դէմ, եւ մարդի որդիին՝ իր ընկերի դէմ։
  • 22Որովհետեւ այս մի քանի տարիները կ’վերջանան, եւ ես կ’գնամ այն ճանապարհը, որով ետ չեմ դառնալ։
← Ցանկ