ՅՈԲ15
  • 1Այն ժամանակ Եղիփազ Թեմանացին պատասխանելով ասեց.
  • 2Մի՞թէ մէկ իմաստուն օդանման գիտութիւն կ’պատասխանէ, եւ իր փորը արեւելեան քամիով կ’լեցնէ.
  • 3Անպիտան բաներով փաստաբանելով. Եւ անօգուտ խօսքերով։
  • 4Մանաւանդ որ երկիւղածութիւնը խափանում ես, եւ արգելում ես աղօթքն առ Աստուած։
  • 5Որովհետեւ անօրէնութիւնդ այդպէս է սովորեցնում բերանիդ, եւ դու ընտրեցիր նենգաւորների լեզուն։
  • 6Քեզ քո բերանն է դատապարտում, եւ ոչ թէ ես. Եւ քո շրթունքը վկայում են քեզ դէմ։
  • 7Դո՞ւ ես ծնուել իբրեւ առաջին մարդը, եւ բլուրներից առա՞ջ ես ստեղծուել։
  • 8Աստուծոյ խորհրդո՞ւմն էիր ականջ դնում, թէ իմաստութիւնը քեզ մօտ ես հաւաքել։
  • 9Ի՞նչ գիտես դու, որ մենք չ’գիտենք. Դու ի՞նչ ես հասկանում, որ մենք չ’ունենայինք։
  • 10Մեզ մօտ ծեր էլ կայ՝ ալեւոր էլ, որ քո հայրերից տարօք են։
  • 11Մի՞թէ քեզ քիչ են երեւում Աստուծոյ մխիթարութիւնները, եւ քեզ հետ խօսուած մեղմ խօսքերը։
  • 12Ո՞ւր է տանում քեզ քո սիրտը, եւ ի՞նչ են ակնարկում քո աչքերը.
  • 13Որ հոգիդ Աստուծոյ դէմ ես դարձրել, եւ այդպիսի խօսքեր ես հանում բերանիցդ։
  • 14Մարդս ի՞նչ է՝ որ մաքուր լինի, եւ կնկանից ծնուածը՝ որ արդարանայ։
  • 15Ահա՝ Նա իր սրբերին էլ չէ հաւատում, եւ երկինքն էլ մաքուր չէ նորա աչքի առաջին։
  • 16Բայց մանաւանդ գարշելի ու պիղծ է մարդս, որ անօրէնութիւնը ջրի պէս է խմում։
  • 17Ես քեզ իմացնեմ, ինձ լսիր. Եւ իմ տեսածը քեզ պատմեմ.
  • 18Ինչ որ իմաստունները յայտնեցին, եւ չ’ծածկեցին իրանց հայրերից առածը։
  • 19Երկիրը մինակ նորանց տրուեցաւ, եւ նորանց մէջ մէկ օտարական չ’անցաւ, թէ
  • 20Չարը տանջվում է իր բոլոր օրերումը, եւ քիչ տարիք են պահուած բռնաւորի համար։
  • 21Սարսափների ձայն կայ նորա ականջներումը. խաղաղութեան ժամանակին աւերիչը գալիս է նորա վերայ։
  • 22Նա չէ հաւատում թէ խաւարիցը կ’ազատուի, եւ նա պահուած է սուրի համար։
  • 23Նա թափառում է հացի համար ասելով ո՞ւր է. Գիտէ որ խաւար օրը կշտին պատրաստ է։
  • 24Նորան զարհուրեցնում են նեղութիւնն ու տառապանքը. Նորանք յաղթահարում են նորան պատերազմի պատրաստ թագաւորի պէս։
  • 25Որովհետեւ նա իր ձեռքը մեկնեց Աստուծոյ դէմ, եւ Ամենակարողի դէմ հպարտացաւ։
  • 26Յարձակուեցաւ նորա վերայ՝ բարձրապարանոց իր ասպարների թանձր գմբէթներովը։
  • 27Որովհետեւ նա ծածկեց իր երեսը ճարպովը, եւ իւղ կապեց երիկամունքների վերայ։
  • 28Եւ նա բնակուեց աւերակ քաղաքներում այնպիսի տներում, որոնց մէջ բնակող չ’կայ, որ պատրաստուած են քարակոյտներ դառնալու։
  • 29Նա պիտի չ’հարստանայ, եւ նորա ստացուածքը հաստատ պիտի չ’մնայ, եւ նորանց ապրանքը պիտի չ’տարածուի երկրիս վերայ։
  • 30Մութիցը չի հեռանալ նա, նորա ճիւղերը կ’չորացնէ բոցը, եւ նա պիտի ոչնչանայ իր բերանի շունչովը։
  • 31Թող ունայնութեան չ’հաւատայ, ինքն իրան է խաբում. Որովհետեւ ունայնութիւնն է նորա վարձքը։
  • 32Դեռ օրը չէ, նա վախճանվում է. Եւ նորա ոստերը չեն կանաչիլ։
  • 33Նա դէն է գցում ինչպէս որթն իր ազոխը, կամ ինչպէս ձիթենին թօթափում է իր ծաղիկները։
  • 34Որովհետեւ կեղծաւորների ժողովքը ամայի պիտի լինի, եւ կրակը պիտի լափէ կաշառ առնողների վրանները։
  • 35Նորանք թշուառութիւնով յղի են եւ անօրէնութիւն կ’ծնեն եւ նորանց ներսը խաբէութիւն է պատրաստում։
← Ցանկ