ՄԱՏԹԵՈՍ22
  • 1Եւ Յիսուսը պատասխանեց եւ դարձեալ խօսեց նորանց հետ առակներով, ասելով.
  • 2Երկնքի արքայութիւնը նմանեցաւ մի թագաւոր մարդի, որ իր որդուն հարսանիք արաւ։
  • 3Եւ իր ծառաներն ուղարկեց՝ որ հարսանիքի կանչեն հրաւիրուածներին. Եւ նորանք չ’կամեցան գալ։
  • 4Դարձեալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեց. Ասեցէք հրաւիրուածներին, ահա իմ ճաշը պատրաստեցի. իմ արջառները եւ մսացուները մորթուած են, եւ բոլորը պատրաստ է. Եկէք հարսանիքը։
  • 5Իսկ նորանք անհոգ լինելով՝ գնացին մէկն իր արտը, միւսն իր առուտուրին։
  • 6Եւ մնացածները բռնեցին նորա ծառաներին՝ նախատեցին եւ սպանեցին։
  • 7Բայց թագաւորը լսելով բարկացաւ, եւ իր զօրքն ուղարկեց այն սպանողներին սատակեցրեց, եւ նորանց քաղաքն այրեց։
  • 8Այն ժամանակ իր ծառաներին ասեց. Հարսանիքը պատրաստ է, բայց հրաւիրուածներն արժանի չէին։
  • 9Արդ գնացէք դէպի ճանապարհների անցքերը, եւ ում որ էլ գտնէք, կանչեցէք հարսանիքը։
  • 10Եւ այն ծառաները դուրս գնացին ճանապարհները, եւ ժողովեցին ամենին ում որ գտան՝ չարը եւ բարին, եւ հարսանիքը բազմականներով լցուեցաւ։
  • 11Բայց երբոր թագաւորը մտաւ՝ որ բազմականներին մտիկ անէ, այնտեղ մի մարդ տեսաւ՝ հարսանիքի հանդերձ չ’հագած.
  • 12Եւ նորան ասեց. Ընկեր, ի՞նչպէս մտար այստեղ, որ հարսանիքի հանդերձ չ’ունիս. Եւ նա պապանձուեցաւ։
  • 13Այն ժամանակ թագաւորն ասեց ծառաներին. Դորա ոտները եւ ձեռքերը կապեցէք. Վեր առէք դորան դրսի խաւարը գցեցէք. Այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։
  • 14Որովհետեւ շատեր են կանչուած, բայց քիչեր՝ ընտրուած։
  • 15Այն ժամանակ Փարիսեցիները գնացին նորա համար խորհուրդ արին, թէ ի՞նչպէս խօսքով որոգայթ դնեն նորան։
  • 17Արդ՝ ասիր մեզ, ի՞նչպէս է երեւում քեզ, Կայսրին հարկ տալ պէ՞տք է, թէ չէ։
  • 18Եւ Յիսուսը նորանց չարութիւնն իմանալով ասեց. Ի՞նչու էք փորձում ինձ, կեղծաւորներ։
  • 19Ցոյց տուէք ինձ հարկի ստակը, եւ նորանք մի դահեկան բերին տուին նորան։
  • 20Եւ նորանց ասեց. Այս պատկերը կամ գիրը ո՞ւմն է։ Ասեցին նորան. Կայսեր։
  • 21Այն ժամանակ ասեց. Ուրեմն կայսրինը կայսրին տուէք եւ Աստուծունը՝ Աստուծուն։
  • 22Եւ լսելով զարմացան. Եւ նորան թողեցին գնացին։
  • 23Այն օրը Սադուկեցիները նորա մօտ եկան՝ որ ասում են թէ յարութիւն չ’կայ՝ եւ նորան հարցրին,
  • 24Եւ ասեցին. Վարդապետ, Մովսէսն ասեց, Եթէ մի մարդ առանց զաւակի մեռնէ, թող նորա եղբայրը նորա կինն առնէ, եւ իր եղբօր համար զաւակ յարուցանէ։
  • 25Հիմա մեզ մօտ եօթը եղբարք կային. Եւ առաջինը կին առաւ եւ մեռաւ, եւ որովհետեւ զավակ չ’ունէր՝ իրան կինը թողեց իր եղբօրը։
  • 26Այնպէս էլ երկրորդ եղբայրը եւ երրորդը՝ մինչեւ եօթներորդը։
  • 27Եւ ամենից յետոյ կինը մեռաւ։
  • 28Հիմա յարութիւնումը այն եօթից որի՞ն կ’լինի կին. Որովհետեւ ամենքը նորան առան։
  • 29Յիսուսն էլ պատասխանեց եւ ասեց նորանց. Մոլորուած էք, որ չ’գիտէք գիրքերը, եւ ոչ Աստուծոյ զօրութիւնը։
  • 30Որովհետեւ յարութիւնումը ոչ կին են առնում, եւ ոչ մարդի գնում. այլ երկնքումն Աստուծոյ հրեշտակների նման են։
  • 31Իսկ մեռելների յարութիւն առնելու համար, չէ՞ք կարդացել այն Աստուածանից ձեզ խօսուածը որ ասում է.
  • 32Ես եմ Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը, եւ Յակոբի Աստուածը։ Աստուած մեռելների Աստուած չէ, այլ կենդանիների։
  • 33Եւ ժողովուրդները լսելով զարմանում էին նորա վարդապետութեան վերայ։
  • 34Բայց Փարիսեցիներն երբոր լսեցին, թէ Սադուկեցիներին պապանձեցրեց, հաւաքուեցան մէկտեղ։
  • 35Եւ նորանցից մէկը՝ մի օրինական՝ հարցրեց փորձելով նորան եւ ասեց.
  • 36Վարդապետ, ո՞ր պատուիրանքն է մեծ օրէնքումը.
  • 37Յիսուսն էլ ասեց նորան. Սիրիր քո Տէր Աստուծուն քո բոլոր սրտովը քո բոլոր անձովը եւ քո բոլոր մտքովը։
  • 38Սա է առաջին եւ մեծ պատուիրանքը։
  • 39Երկրորդն էլ սորան նման. Սիրիր քո ընկերին քո անձի պէս։
  • 40Այս երկու պատուիրանքից կախուած են բոլոր օրէնքը եւ մարգարէքը։
  • 41Եւ երբոր Փարիսեցիները հաւաքուած էին, Յիսուսը նորանցից հարցրեց եւ ասեց.
  • 42Ձեզ ի՞նչպէս է երեւում Քրիստոսի համար. Նա ո՞ւմ որդին է։ Նորան ասեցին. Դաւիթի։
  • 43Նորանց ասեց. Ապա ի՞նչպէս Դաւիթը հոգով նորան Տէր է կոչում, ասելով.
  • 44Տէրն իմ Տիրոջն ասեց. Իմ աջ կողմը նստիր, մինչեւ քո թշնամիները քո ոտների պատուանդան դնեմ։
  • 45Արդ՝ եթէ Դաւիթը նորան Տէր է կոչում, նա ի՞նչպես է նորա որդի։
  • 46Եւ ոչ ոք չէր կարողանում մի բան պատասխան տալ նորան. Եւ այն օրից յետոյ էլ մէկը չէր համարձակում նորանից մի բան հարցնելու։
← Ցանկ