ՄԱՏԹԵՈՍ25
  • 1Այն ժամանակ կ’նմանի երկնքի արքայութիւնը տասը կոյսերի, որ իրանց լապտերները վեր առան եւ դուրս եկան փեսային դիմաւորելու։
  • 2Նորանցից հինգը իմաստուն էին, եւ հինգը յիմար։
  • 3Այն յիմարները վեր առան իրանց լապտերները, բայց ձէթ վեր չ’առան իրանց հետ։
  • 4Սակայն իմաստուններն իրանց ամաններումը ձէթ վեր առան իրանց լապտերների հետ մէկտեղ։
  • 5Եւ երբոր փեսան ուշացաւ, ամենքը թմրեցան եւ քնեցին։
  • 6Եւ կէս գիշերին աղաղակ եղաւ՝ Ահա փեսան գալիս է. Դուրս եկէք նորան դիմաւորելու։
  • 7Այն ժամանակ ամեն կոյսերը վերկացան եւ իրանց լապտերները պատրաստեցին։
  • 8Բայց յիմարներն ասեցին իմաստուններին. Տուէք մեզ ձեր իւղիցը, որովհետեւ մեր լապտերները հանգչում են։
  • 9Իմաստուններն էլ պատասխանեցին եւ ասեցին. Մի գուցէ մեզ ու ձեզ բաւական չ’լինի. Բայց աւելի լաւ՝ գնացէք ծախողների մօտ եւ գնեցէք ձեզ համար։
  • 10Եւ երբոր նորանք գնացին գնելու, փեսան եկաւ. Եւ պատրաստները նորա հետ հարսանիքը մտան, եւ դուռն փակուեցաւ։
  • 11Եւ յետոյ այն միւս կոյսերն էլ եկան եւ ասեցին. Տէր, Տէր բաց մեզ։
  • 12Նա էլ պատասխանեց եւ ասեց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, Ես չեմ ճանաչում ձեզ։
  • 13Արդ՝ արթուն կացէք. Որովհետեւ չ’գիտէք ոչ օրը եւ ոչ ժամը, [որ նորանում մարդի Որդին կ’գայ։]
  • 14Որովհետեւ ինչպէս մի մարդ, որ օտար երկիր էր գնում, իր ծառաներին կանչեց, եւ իր ունեցածը նորանց յանձնեց։
  • 15Եւ մէկին հինգ քանքար տուաւ, եւ միւսին՝ երկու, եւ միւսին՝ մէկ, իւրաքանչիւրին իր կարողութեան չափ, եւ շուտով գնաց։
  • 16Եւ այն հինգ քանքար առնողը գնաց նորանցով բան արաւ եւ ուրիշ հինգ քանքար էլ շահեց։
  • 17Այնպէս էլ նա՝ որ երկուսն առաւ, ուրիշ երկուսն էլ շահեց։
  • 18Իսկ այն մէկն առնողը գնաց՝ գետինը փորեց՝ եւ իր տիրոջ արծաթը թագցրեց։
  • 19Եւ շատ ժամանակից յետոյ գալիս է այն ծառաների տէրը եւ նորանցից հաշիւ առնում։
  • 20Եւ այն հինգ քանքար առնողը մօտ եկաւ. Ուրիշ հինգ քանքար էլ առաջ բերաւ եւ ասեց. Տէր, ինձ հինգ քանքար տուիր, տես, ուրիշ հինգ քանքար էլ շահեցի նորանց վերայ։
  • 21Նորա տէրն էլ ասեց նորան. Լա՜ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ, քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կ’դնեմ. մտիր քո տիրոջ ուրախութիւնը։
  • 22Եւ այն երկու քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէր, ինձ երկու քանքար տուիր. Տես, երկու ուրիշ քանքար էլ շահեցի նորանց վերայ։
  • 23Նորա տէրը նորան ասեց. Լա՛ւ, բարի եւ հաւատարիմ ծառայ. Քիչ բաների վերայ հաւատարիմ էիր, ես քեզ շատ բաների վերայ կ’դնեմ. Մտիր քո տիրոջ ուրախութիւնը։
  • 24Եւ այն մէկ քանքար առնողն էլ մօտ եկաւ եւ ասեց. Տէ՛ր, ես ճանաչում էի քեզ, որ դու մի պինդ մարդ ես. Հնձում ես ուր որ չ’սերմեցիր, եւ հաւաքում ես, ուր որ չ’փռեցիր։
  • 25Եւ վախենալով գնացի՝ թագցրի քո քանքարը գետնի մէջ. Ահա քոնը առ։
  • 26Նորա տէրն էլ պատասխանեց եւ ասեց նորան. Չար եւ ծոյլ ծառայ, գիտէիր որ ես հնձում եմ ուր որ չ’սերմեցի, եւ հաւաքում եմ ուր որ չ’փռեցի։
  • 27Ուրեմն պետք էր որ իմ արծաթը սեղանաւորներին տայիր՝ եւ ես կ’գայի տոկոսով կ’առնէի իմը։
  • 28Արդ՝ առէք դորանից քանքարը, եւ տուէք տասը քանքարն ունեցողին։
  • 29Որովհետեւ ամեն ով որ ունի՝ նորան կ’տրուի եւ կ’աւելանայ, բայց նա որ չ’ունի՝ նորանից այն ունեցածն էլ վեր կ’առնուի։
  • 30Եւ այն անպիտան ծառային հանեցէք դրսի խաւարը, այնտեղ կ’լինի լացը եւ ատամների կրճտելը։
  • 31Եւ երբոր մարդի Որդին իր փառքովը կ’գայ եւ ամեն սուրբ հրեշտակները նորա հետ, այն ժամանակ կ’նստի իր փառաց աթոռի վերայ.
  • 32Եւ ամեն ազգերը կ’ժողովուին նորա առաջը, եւ նա նորանց կ’բաժանէ իրարից ինչպէս հովիւը բաժանում է ոչխարներն այծերիցը.
  • 33Եւ ոչխարներն իր աջ կողմին կ’կանգնեցնէ, իսկ այծերը՝ ձախ կողմին։
  • 34Այն ժամանակ թագաւորը կ’ասէ իր աջ կողմիններին, Եկէք, ով իմ Հօր օրհնածները, ժառանգեցէք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստուած թագաւորութիւնը։
  • 35Որովհետեւ սովեցի, եւ դուք տուիք ինձ ուտել. Ծարաւեցի եւ խմեցրիք ինձ. օտար էի, եւ ինձ ձեզ մօտ առաք.
  • 36Մերկ էի, եւ հագցրիք ինձ. Հիւանդ էի, եւ ինձ այցելեցիք. բանտի մէջ էի, եւ ինձ մօտ եկաք։
  • 37Այն ժամանակ արդարները կ’պատասխանեն նորան եւ կ’ասեն. Տէ՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված, եւ կերակրեցինք, կամ ծարաւ, եւ խմեցրինք։
  • 38Ե՞րբ տեսանք քեզ օտար, եւ մեզ մօտ առանք, կամ մերկ, եւ հագցրինք։
  • 39Ե՞րբ տեսանք քեզ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ եկանք քեզ մօտ։
  • 40Թագաւորն էլ կ’պատասխանէ եւ կ’ասէ նորանց. Ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետեւ այս իմ փոքր եղբայրներից մէկին արիք, ինձ արիք։
  • 41Այն ժամանակ կ’ասէ ձախ կողմիններին էլ. Ինձանից դէն գնացէք, ով անիծեալներ, յաւիտենական կրակի մէջ, որ պատրաստուած է սատանայի եւ նորա հրեշտակների համար։
  • 42Որովհետեւ ես սովեցի, եւ դուք չ’տուիք ինձ ուտել, ծարաւեցի, եւ ինձ չ’խմեցրիք։
  • 43Օտար էի՝ եւ ինձ ձեզ մօտ չ’առաք, մերկ՝ եւ ինձ չ’հագցրիք, հիւանդ եւ բանտի մէջ՝ եւ ինձ չ’այցելեցիք։
  • 44Այն ժամանակ նորանք էլ կ’պատասխանեն եւ կ’ասեն. Տէ՛ր, քեզ ե՞րբ տեսանք սոված, կամ ծարաւ, կամ օտար, կամ մերկ, կամ հիւանդ, կամ բանտի մէջ, եւ քեզ ծառայութիւն չ’արինք։
  • 45Այն ժամանակ կ’պատասխանէ նորանց եւ կ’ասէ. Ճշմարիտ ասում եմ ձեզ՝ որովհետեւ այս փոքրներից մէկին չ’արիք, ինձ էլ չ’արիք։
  • 46Եւ սորանք կ’գնան յաւիտենական տանջանքը, իսկ արդարները՝ յաւիտենական կեանքը։
← Ցանկ