ՄԱՏԹԵՈՍ5
  • 1Եւ ժողովուրդները տեսնելով վեր ելաւ սարը. Եւ երբոր ինքը նստեց, նորա աշակերտներն եկան նորա մօտ։
  • 2Եւ նա իր բերանը բանալով նորանց սովորեցնում էր եւ ասում.
  • 3Երանի հոգով աղքատներին, որ նորանցն է երկնքի թագաւորութիւնը։
  • 4Երանի սգաւորներին, որ նորանք կ’մխիթարուին։
  • 5Երանի հեզերին, որ նորանք կ’ժառանգեն երկիրը։
  • 6Երանի նորանց, որ սոված եւ ծարաւ են արդարութեան, որ նորանք կ’կշտանան։
  • 7Երանի ողորմածներին, որ նորանք ողորմութիւն կ’գտնեն։
  • 8Երանի նորանց, որ սրտով մաքուր են, որ նորանք Աստուծուն կ’տեսնեն։
  • 9Երանի խաղաղութիւն անողներին, որ նորանք Աստուծոյ որդիք կ’կոչուին։
  • 10Երանի նորանց՝ որ արդարութեան համար հալածուած են, որ նորանցն է երկնքի արքայութիւնը։
  • 11Երանի է ձեզ, երբոր կ’նախատեն ձեզ եւ կ’հալածեն եւ ամեն չար բան սուտ տեղը կ’ասեն ձեր վերայ իմ պատճառովը։
  • 12Ուրախացէք եւ ցնծացէք, որ ձեր վարձքը շատ է երկնքումը. Որովհետեւ այսպէս հալածեցին մարգարէներին, որ ձեզանից առաջ կային։
  • 13Դուք երկրի աղն էք. եթէ աղն անհամանայ, ի՞նչով կ’աղանուի. Այլ եւս ոչնչի պէտք չէ, միայն թէ դուրս գցուի եւ մարդկանցից ոտնակոխ լինի։
  • 14Դուք աշխարհի լոյսն էք. Մի քաղաք, որ կենում է սարի վերայ, կարող չէ թագչուիլ։
  • 15Եւ ճրագը չեն վառիլ եւ դնիլ գրուանի տակ, այլ ճրագակալի վերայ, եւ նա լոյս կ’տայ ամենին՝ որ տան մէջ են։
  • 16Այսպէս լուսաւորէ ձեր լոյսը մարդկանց առաջին, որ ձեր բարի գործերը տեսնեն, եւ փառաւորեն ձեր Հօրը որ երկնքումն է։
  • 17Մի կարծէք, թէ ես եկայ օրէնքը կամ մարգարէները քանդելու. Ես չ’եկայ քանդելու, այլ կատարելու։
  • 18Որովհետեւ ճշմարիտն ասում եմ ձեզ, մինչեւ որ երկինքն եւ երկիրս անց կենան, օրէնքիցը մի կէտ կամ մէկ պզտիկ նշանագիր չի անցնիլ մինչեւ որ բոլորը չ’կատարուի։
  • 19Արդ՝ ով որ այս ամենափոքր պատուիրանքներից մէկը քանդէ, եւ մարդկանց այնպէս սովորեցնէ, նա փոքրագոյն կ’կոչուի երկնքի արքայութիւնումը. Բայց նա որ կ’անէ եւ կ’սովորեցնէ, նա մեծ կ’կոչուի երկնքի արքայութիւնումը։
  • 20Որովհետեւ ասում եմ ձեզ, Եթէ չ’աւելանայ ձեր արդարութիւնն աւելի քան դպիրներինը եւ Փարիսեցիներինը, բնաւ չէք մտնիլ երկնքի արքայութիւնը։
  • 21Լսել էք, որ առաջիններին ասուեցաւ, Մի սպանիր, եւ ով որ սպանէ, պարտական կ’լինի դատաստանին։
  • 23Արդ՝ եթէ սեղանի վերայ մատուցանես քո ընծան, եւ այնտեղ յիշես, թէ քո եղբայրը քեզ դէմ մէկ բան ունի,
  • 24Թո՛ղ այնտեղ քո ընծան սեղանի առաջին. Եւ գնա առաջ հաշտուիր քո եղբօր հետ. Եւ յետոյ եկ ընծադ մատուցրու։
  • 25Քո ոսոխի հետ շուտով միաբանուիր, քանի որ նորա հետ ճանապարհումն ես. Որ մի գուցէ ոսոխը քեզ դատաւորին մատնէ, եւ դատաւորը քեզ մատնէ դահճին, եւ բանտը գցուիս։
  • 26Ճշմարիտն ասում եմ քեզ, դուրս չես գալ այն տեղից, մինչեւ որ վերջի նաքարակիտը չ’վճարես։
  • 27Լսել էք որ ասուեցաւ առաջիններին, թէ Շնութի՛ւն մի՛ անիր։
  • 28Բայց ես ասում եմ ձեզ թէ Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ։
  • 29Եւ եթէ քո աջ աչքը գայթակղեցնում է քեզ, հանիր նորան եւ քեզանից դէն գցիր, որովհետեւ լաւ է քեզ համար, որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չ’գցուի գեհենը։
  • 30Եւ եթէ քո աջ ձեռքը գայթակղեցնում է քեզ, կտրիր նորան եւ քեզանից դէն գցիր. Որովհետեւ լաւ է քեզ համար՝ որ քո անդամներից մէկը կորչի, եւ քո բոլոր մարմինը չ’գցուի գեհենը։
  • 31Էլի ասուեցաւ՝ թէ Ով որ իր կնիկն արձակէ, թող արձակման թուղթ տայ նորան։
  • 32Բայց ես ասում եմ ձեզ թէ Ով որ իր կնիկն արձակէ առանց պոռնկութեան պատճառի, նա նորան շնութիւն անել է տալիս. Եւ ով որ մի արձակուածին առնէ, շնութիւն է անում։
  • 33Դարձեալ լսել էք որ ասուեցաւ առաջիններին, Սուտ երդում մի անիր, բայց Տիրոջը վճարիր քո երդմունքը։
  • 34Բայց ես ասում եմ ձեզ. Բնաւ երդում մի՛ անիր. Ո՛չ երկնքովն՝ որովհետեւ նա աթոռ է Աստուծոյ.
  • 35Եւ ոչ երկրովը՝ որովհետեւ պատուանդան է նորա ոտների. Եւ ո՛չ Երուսաղէմովն՝ որ քաղաք է մեծ թագաւորի։
  • 36Եւ ոչ քո գլխովն երդում արա, որովհետեւ կարող չես մէկ մազ սպիտակ անել կամ սեւ։
  • 37Բայց ձեր խօսքը լինի, Այոն՝ այո, եւ Ոչն՝ ոչ. Եւ սորանից աւելին չարիցն է։
  • 38Լսել էք՝ որ ասուեցաւ Աչքի տեղ աչք, եւ ատամի տեղ ատամ։
  • 39Բայց ես ասում եմ ձեզ. Չարին հակառակ մի կենաք, այլ ով որ ապտակ տայ քո աջ երեսին, միւսն էլ նորան դարձրու։
  • 40Եւ ով որ ուզէ քեզ հետ դատ վարել եւ քո շապիկն առնել, քո բաճկոնն էլ թող նորա մօտ։
  • 41Եւ ով որ քեզ պահակ բռնած մէկ մղոն քշէ, նորա հետ երկուսը գնա։
  • 42Քեզանից բան ուզողին տուր. Քեզանից փոխ առնել կամեցողից երես մի դարձնիր։
  • 43Լսել էք որ ասուեցաւ, քո ընկերին սիրիր, եւ քո թշնամիին ատիր։
  • 44Բայց ես ասում եմ ձեզ, Սիրեցէք ձեր թշնամիներին, օրհնեցէք ձեզ անիծողներին. Բարի արէք ձեզ ատողներին. Եւ աղօթք արէք ձեզ չարչարողների եւ ձեզ հալածողների համար.
  • 45Որ որդիք լինիք ձեր Հօրն, որ երկնքումն է. Որովհետեւ նա իր արեգակը ծագեցնում է չարերի եւ բարիների վերայ, եւ անձրեւ է բերում արդարների եւ անիրաւների վերայ։
  • 46Որովհետեւ՝ եթէ ձեզ սիրողներին սիրէք, ի՞նչ վարձք ունիք. Չէ՞ որ մաքսաւորներն էլ նոյնն են անում։
  • 47Եւ եթէ միայն ձեր եղբայրներին բարեւ տաք, ի՞նչ աւելի բան էք անում. Չէ՞ որ մաքսաւորներն էլ են այնպէս անում։
  • 48Արդ դուք կատարեալ եղիք, ինչպէս ձեր Հայրը որ երկնքումն է, կատարեալ է։
← Ցանկ