ՄԱՏԹԵՈՍ7
  • 1Ուրեմն էգուցվայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ. Օրուայ համար բաւական է իր նեղութիւնը։
  • 2Մի դատէք, որ չ’դատուիք։
  • 3Որովհետեւ ինչ դատաստանով որ դատում էք, նորանով պիտի դատուիք. Եւ ինչ չափով որ չափում էք, նորանով կ’չափուի ձեզ։
  • 4Եւ ի՞նչու քո եղբօր աչքի միջի շիւղը տեսնում ես, եւ քո աչքի միջի գերանը չես նշմարում,
  • 5Կամ ի՞նչպէս կ’ասես քո եղբօրը, Թող շիւղը աչքիցդ հանեմ. Եւ ահա քո աչքի մէջ գերան կայ։
  • 6Կե՛ղծաւոր, առաջ քո աչքիցը գերանը հանիր, եւ յետոյ մտիկ կ’տաս քո եղբօր աչքիցը շիւղը հանելու։
  • 7Սուրբ բանը շներին մի տաք, ոչ էլ ձեր մարգարիտները գցեցէք խոզերի առաջին. Որ նորանց կոխ չ’տան իրանց ոտքերովը եւ ետ դառնան ձեզ պատառեն։
  • 8Խնդրեցէք եւ կ’տրուի ձեզ. Որոնեցէք եւ կ’գտնէք, դուռը թակեցէք եւ կ’բացուի ձեզ։
  • 9Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կ’բացուի։
  • 10Կամ ո՞վ է ձեզանից այն մարդն, որ եթէ նորանից իր որդին հաց ուզէ, մի՞թէ քար կ’տայ նորան։
  • 11Եւ եթէ ձուկ ուզէ, մի՞թէ օձ կ’տայ նորան։
  • 12Արդ՝ եթէ դուք չար լինելով, գիտէք բարի պարգեւներ տալ ձեր որդկանցը. Ո՞րքան աւելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կ’տայ նորանց, որ խնդրում են իրանից։
  • 13Ամեն ինչ որ կամենում էք՝ թէ ձեզ անեն մարդիկ, այնպէս էլ դուք արէք նորանց. Որովհետեւ այս է օրէնքը եւ մարգարէները։
  • 15Քանի՜ նեղ է դուռը՝ եւ նեղուածք է ճանապարհը, որ տանում է կեանքը. Եւ քիչ են նորան գտնողները։
  • 16Զգոյշ կացէք սուտ մարգարէներիցը, որ գալիս են ձեզ մօտ ոչխարների հանդերձներով, բայց ներսեւանց յափշտակող գայլեր են։
  • 17Իրանց պտուղներիցը նորանց ճանաչեցէք. մի՞թէ փշերից խաղող են քաղում, կամ տատասկից՝ թուզ։
  • 18Այսպէս ամեն բարի ծառ բարի պտուղ է բերում, եւ չար ծառը չար պտուղ է բերում։
  • 19Չէ կարող բարի ծառը չար պտուղ բերել, ոչ էլ չար ծառը բարի պտուղ բերել։
  • 20Ամեն ծառ որ բարի պտուղ չէ բերում, կտրվում է եւ կրակի մէջ գցվում։
  • 21Ուրեմն իրանց պտուղներիցը ճանաչեցէք նորանց։
  • 22Ոչ թէ ամեն ինձ Տէ՛ր, Տէ՛ր ասողը կ’մտնէ երկնքի արքայութիւնը. Այլ նա որ կատարում է իմ Հօր կամքը, որ երկնքումն է։
  • 23Շատերը կ’ասեն ինձ այն օրը, Տէ՛ր, Տէ՛ր, չէ՞ որ քո անունովը մարգարէացանք, եւ քո անունովը դեւեր հանեցինք, եւ քո անունովը շատ զօրութիւններ գործեցինք։
  • 24Եւ ես այն ժամանակ պարզ կ’ասեմ նորանց, թէ Երբէք ձեզ չեմ ճանաչել. ինձանից դէն գնացէք, ով անօրէնութիւն գործողներ։
  • 25Արդ՝ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց կատարում, կ’նմանացնեմ նորան մի իմաստուն մարդի որ իր տունը շինեց ժայռի վերայ։
  • 26Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին եւ այն տանը զարկեցին, եւ նա չ’կործանուեցաւ. Որովհետեւ ժայռի վերայ հաստատուած էր։
  • 27Եւ ամեն ով որ իմ այս խօսքերը լսում է եւ նորանց չէ կատարում, նա կ’նմանուի մի անխելք մարդի՝ որ իր տունը շինեց աւազի վերայ։
  • 28Եւ անձրեւն էլ եկաւ, գետերն էլ վարարեցին, քամիներն էլ փչեցին, եւ այն տանը զարկեցին, եւ նա կործանուեցաւ, եւ նորա կործանումը մեծ էր։
  • 29Եւ եղաւ երբոր Յիսուսը այս խօսքերը վերջացրեց, ժողովուրդները զարմանում էին նորա վարդապետութեան վերայ։
← Ցանկ