Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ11
  • 1Երանի թէ մի քիչ իմ անմտութեանը ներէիք. Բայց ներում էլ էք ինձ։
  • 2Վասնզի ձեզ համար նախանձաւոր եմ Աստուծոյ նախանձովը. որովհետեւ ձեզ մի մարդի նշանեցի՝ որ մի սուրբ կոյս կանգնեցնեմ Քրիստոսի առաջին։
  • 3Բայց վախենում եմ՝ մի գուցէ ինչպէս օձն իր խորամանկութեամբը խաբեց Եւային, այնպէս էլ ձեր միտքն ապականուի այն միամտութիւնիցը՝ որ Քրիստոսումն է։
  • 4Որովհետեւ եթէ մէկը գայ եւ ուրիշ Յիսուս քարոզէ՝ որ մենք չ’քարոզեցինք, կամ ուրիշ հոգի առնէք՝ որ չ’առաք, կամ ուրիշ աւետարան որ չ’ընդունեցիք, լաւ կ’համբերէիք։
  • 5Որովհետեւ կարծեմ թէ ոչ մի բանով պակաս չեմ քան թէ մեծամեծ առաքեալները։
  • 6Թէեւ տգէտ լինիմ խօսքով, բայց ոչ թէ գիտութիւնով. այլ ամեն բանի մէջ բոլորովին յայտնուեցանք ձեզ։
  • 7Կամ թէ մե՞ղք գործեցի՝ որ իմ անձը խոնարհեցրի. Որ դուք բարձրանաք. որովհետեւ Աստուծոյ աւետարանը ձրի աւետարանեցի ձեզ։
  • 8Ուրիշ եկեղեցիներ կողոպտեցի, եւ վարձք առայ ձեզ ծառայելու համար։
  • 10Քրիստոսի ճշմարտութիւնն է ինձանում. որ այս պարծանքն Աքայիայի կողմերումը չի խափանուիլ ինձանից։
  • 11Ի՞նչու համար. որովհետեւ ձեզ չե՞մ սիրում. Աստուած գիտէ։
  • 12Այն որ անում եմ՝ կ’անեմ էլ, որ պատճառ որոնողների պատճառը կտրեմ. Որ ինչով որ պարծենում են՝ նորանք էլ մեզ նման գտնուին։
  • 13Որովհետեւ այնպիսիները սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, Քրիստոսի առաքեալների պէս կերպարանուողներ են։
  • 14Եւ զարմանալի էլ չէ. Որովհետեւ սատանան ինքն էլ լոյսի հրեշտակի կերպարանքն իրան վերայ է առնում։
  • 15Ուրեմն մեծ բան չէ որ նորա պաշտօնեաներն էլ կերպարանուին արդարութեան պաշտօնեաների նման. որոնց վերջը իրանց գործերին պէս կ’լինի։
  • 16Դարձեալ ասում եմ. Չ’լինի որ մէկն ինձ յիմար համարէ. Ապա թէ ոչ գոնեա յիմարի պէս ընդունեցէք ինձ որ ես էլ մի քիչ պարծենամ։
  • 17Ինչ որ խօսում եմ, ոչ թէ Տիրոջ կամքի համեմատ եմ խօսում, այլ ինչպէս անմտութեամբ այս պարծանքի նիւթին նկատմամբ։
  • 18Եւ որովհետեւ շատերը մարմնի կողմանէ պարծենում են, ես էլ կ’պարծենամ։
  • 19Վասնզի յօժարութեամբ համբերում էք անմիտներին՝ իմաստուն գոլով։
  • 20Որովհետեւ համբերում էք, եթէ մէկը ձեզ ծառայեցնէ, եթէ մէկը ձեր բանն ուտէ, եթէ մէկը բան առնէ, եթէ մէկը գոռոզանայ, եթէ մէկը ձեր երեսին զարկէ։
  • 21Անարգանքի համար եմ ասում. իբր թէ մենք տկար էինք. ինչ բանով որ մէկը համարձակէ պարծենալ, անմտութիւնով եմ ասում, ես էլ եմ համարձակում։
  • 22Եբրայեցի՞ են, ես էլ. Իսրայէլացի՞ են, ես էլ. Աբրահամի զաւա՞կ են, ես էլ։
  • 23Քրիստոսի պաշտօնեանե՞ր են, յիմարութիւնով եմ ասում՝ թէ էլ աւելի ես, մանաւանդ աշխատանքներով, ծեծերով էլ աւելի, բանտերի մէջ մանաւանդ, մահերով շատ անգամ։
  • 24Հրէաներիցը հինգ անգամ՝ քառասունից մէկը պակաս ծեծ ընդունեցի։
  • 25Երեք անգամ ձաղկով ծեծուեցայ. մէկ անգամ քարկոծուեցայ. երեք անգամ նաւակոծ եղայ. Մի ցերեկ ու գիշեր անդնդումը մնացի։
  • 26Շատ անգամ ճանապարհներում. Գետերից վտանգներ, աւազակներից վտանգներ, ազգիցս վտանգներ, հեթանոսներից վտանգներ, քաղաքի մէջ վտանգներ, անապատի մէջ վտանգներ, ծովի մէջ վտանգներ, սուտ եղբայրներից վտանգներ։
  • 27Ջանքի մէջ եւ աշխատանքի մէջ. շատ անգամ արթնութիւների մէջ. սովի եւ ծարաւի մէջ. Շատ անգամ ծոմի մէջ. Ցրտի եւ մերկութեան մէջ։
  • 28Բացի արտաքին նեղութիւնները, ինձ վերայ կիտվում է՝ ամեն օր ամեն եկեղեցիների հոգսը։
  • 29Ո՞վ կ’տկարանայ՝ եւ ես չեմ տկարանալ. Ո՞վ կ’գայթակղէ՝ եւ ես չեմ բորբոքուիլ։
  • 30Եթէ պարծենալ պէտք լինի, իմ տկարութիւնովը կ’պարծենամ։
  • 31Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը՝ որ յաւիտեան օրհնեալ է՝ գիտէ որ սուտ չէմ ասում.
  • 32Դամասկոսումն Արետա թագաւորի ազգապետը Դամասկացիների քաղաքումը պահապաններ էր դրել որ ինձ բռնէ.
  • 33Եւ ես պատուհանիցը քթոցով կախուեցայ պարսպիցը, եւ փախայ նորա ձեռիցը։
← Ցանկ