ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ33
- 1Եւ այս է այն օրհնութիւնը՝ որով օրհնեց Աստուծոյ մարդ՝ Մովսէսն Իսրայէլի որդկանց իր մեռնելուց առաջ.
- 2Եւ ասեց. Եհովան Սինայիցն եկաւ, Եւ Սէիրիցն երեւեցաւ նորանց, Փայլեցաւ Փառան սարիցը, Եւ եկաւ բիւրաւոր սուրբերով. Նորա աջ ձեռքիցը օրէնքի կրակը նորանց համար։
- 3Այո, նա սիրում է ժողովուրդներին. Նորա բոլոր սուրբերը քո ձեռքին են. Եւ նորանք նստում են քո ոտքերի մօտ Քո խօսքերիցն ընդունելու համար։
- 4Մովսէսը մեզ օրէնքը պատուիրեց. Յակոբի ժողովքի ժառանգութիւնը։
- 5Եւ Յեսուրունի մէջ թագաւոր եղաւ, Ժողովրդի գլխաւորները ժողովուելիս Իսրայէլի ցեղերի հետ մէկտեղ,
- 6Ռուբէնը ապրէ եւ չ’մեռնէ, Եւ նորա ժողովուրդը բազմաթիւ լինի։
- 7Եւ սա՝ Յուդայի համար, եւ ասեց. Լսիր, ով Եհովայ, Յուդայի ձայնը, Եւ իր ժողովրդի մօտ տար նորան. Նորա ձեռքերն իրան բաւական են, Եւ նորա թշնամիների դէմ օգնական եղիր։
- 8Եւ Ղեւիի համար ասեց. Թումիմդ ու Ուրիմդ քո սուրբ մարդին լինի, Որին փորձեցիր Մասսայի մէջ, Եւ Մերիբայի ջրի վերայ նորա հետ վիճեցիր։
- 9Այն որ իր հօրն ու մօրը համար ասեց՝ Ես նորան չ’տեսայ, Եւ իր եղբայրներին չ’ճանաչեց, Եւ իր որդիներին չ’իմացաւ. Որովհետեւ նորանք քո խօսքին զգուշութիւն արին, Եւ քո ուխտը պահեցին։
- 10Քո դատաստանները սովորեցնում են Յակոբին՝ Եւ քո օրէնքն՝ Իսրայէլին. Քո առաջին խունկ կ’մատուցանեն, Եւ քո սեղանի վերայ՝ ողջակէզ։
- 11Եհովայ, օրհնիր նորա զօրութիւնը, Եւ նորա ձեռքի գործքը ընդունիր. Փշրիր նորա հակառակորդների մէջքը, Եւ նորա ատողներին, որ այլ եւս վեր չ’կենան։
- 12Բենիամինի համար ասեց. Եհովայի սիրելին ապահով բնակուէ նորա մօտ. Միշտ պաշտպանում է նորան, Եւ նորա ուսերի մէջ է բնակվում։
- 13Եւ Յովսէփի համար ասեց. Նորա երկիրը Եհովայիցն օրհնուած լինի Երկնքի ընտիր պարգեւներովը, ցօղովը, Եւ ցածումը պառկող անդունդներովը,
- 14Եւ արեգակից առաջ եկած ընտիր բերքերովը, Եւ ամիսների ընտիր արդիւնքներովը,
- 15Եւ վաղեմի սարերի ընտիր պտուղներովը, Եւ մշտնջենաւոր բլուրների ընտիր պարգեւներովը,
- 16Եւ երկրիս եւ նորա առատութեան ընտիր պարգեւներովը, Ու մորենումը բնակողի բարեհաճութիւնովը Գան Յովսէփի գլխի վերայ, Եւ իր եղբայրների մէջ երեւելի եղողի գագաթի վերայ։
- 17Իր ցուլի առաջինեկի պէս գեղեցկութիւն ունի նա, Եւ նորա եղջիւրները միեղջերուի եղջիւրներ են, Նորանցով կ’զարկէ ժողովուրդներին միասին, Մինչեւ երկրի ծայրերը. Եւ սորանք են Եփրեմի բիւրաւորները Եւ Մանասէի հազարաւորները։
- 18Եւ Զաբուղոնի համար ասեց. Ուրախացիր, Զաբուղոն, քո դուրս գալու ժամանակին, Եւ դու, Իսաքար, քո վրաններումը։
- 19Ժողովուրդներին սարն են հրաւիրում՝ Այնտեղ արդարութեան զոհեր են մատուցանում։ Որովհետեւ նորանք կ’ծծեն ծովերի առատութիւնը Եւ աւազի ծածուկ գանձերը։
- 20Եւ Գադի համար ասեց. Օրհնուած է Գադին ընդարձակողը. Մատակ առիւծի պէս է նստել, Եւ գիշատում է թեւերը նաեւ գլուխը.
- 21Եւ տեսաւ առաջի մասն իրան յարմար. Որովհետեւ այնտեղ օրէնսդրի տուած բաժինը որոշուեցաւ, Եւ ժողովրդի գլխաւորների հետ եկաւ, Եհովայի արդարութիւնը գործեց Եւ նորա դատաստանները Իսրայէլի հետ։
- 22Եւ Դանի համար ասեց. Դանը առիւծի ձագ է. Բասանիցն է դուրս թռչում։
- 23Եւ Նեփթաղիմի համար ասեց. Նեփթաղիմը շնորհքով կշտացած, Եւ Եհովայի օրհնութիւնովը լցուած, Արեւմուտքն ու հարաւը կ’ժառանգէ։
- 24Եւ Ասերի համար ասեց. Ասերը որդիներիցն օրհնուած է. Նա իր եղբայրներին հաճոյ լինի. Եւ ոտքը իւղի մէջ թաթախէ։
- 25Քո կօշիկները երկաթ եւ պղինձ լինեն, Եւ քո ոյժը քո օրերի չափ լինի։
- 26Յեսուրունի Աստուծոյ նմանը չ’կայ. Որ նստած է երկնքումը քեզ օգնութիւն անելու համար՝ Եւ իր մեծ վայելչութեամբը՝ ամպերի վերայ։
- 27Յաւիտենական Աստուածը ապաւէն է, Եւ ցածումը ոյժ ունեն նորա յաւիտենական բազուկները. Եւ նա կ’քշէ թշնամիներիդ քո առաջիցը, Եւ կ’ասէ՝ Փչացրու։
- 28Եւ Իսրայէլն ապահովութեամբ առանձին կ’բնակուէ. Յակոբին աղբիւրը՝ առանձին Ցորենի եւ գինիի երկրումը, Եւ նորա երկնքիցը ցօղ կ’կաթէ։
- 29Երանի քեզ, Իսրայէլ, ով է քեզ նման՝ Եհովայի ձեռքովը փրկուած ժողովուրդ. Որ նա է քո օգնութեան ասպարը Եւ քո յաղթութեան սուրը. Եւ քո թշնամիները քեզ պիտի շողոքորթեն, Եւ նորանց բարձր տեղերը պիտի կոխես։