ՀԵՍՈՒ21
  • 1Եւ Ղեւտացիների նահապետները մօտեցան Եղիազար քահանային, Նաւեան Յեսուին եւ Իսրայէլի որդկանց ցեղերի նահապետներին,
  • 2Եւ խօսեցին նորանց հետ Քանանի երկրումը Սելովումը ասելով. Տէրը Մովսէսի միջոցովը հրամայեց բնակուելու համար արուարձանները տալ մեզ:
  • 3Եւ Իսրայէլի որդիքը Տիրոջ հրամանովն իրանց ժառանգութիւններիցն այս քաղաքները եւ նորանց արուարձանները տուին Ղեւտացիներին:
  • 4Եւ վիճակը ելաւ Կահաթեանց ազգատոհմներին. եւ Ղեւտացիներից Ահարօն քահանայի որդիներին վիճակով տասնեւերեք քաղաք ելաւ, Յուդայի ցեղիցը, Շմաւոնի ցեղիցը եւ Բենիամինի ցեղիցը:
  • 5Եւ Կահաթի միւս որդիներին Եփրեմի ցեղի ազգատոհմներիցը եւ Դանի ցեղիցը, եւ Մանասէի կէս ցեղիցը վիճակով տասը քաղաք:
  • 6Եւ Գերսոնի որդիներին՝ Իսաքարի ցեղի ազգատոհմներիցը եւ Ասերի ցեղիցը եւ Նեփթաղիմի ցեղիցը, եւ Բասանի մէջ եղող Մանասէի կէս ցեղիցը վիճակով տասնեւերեք քաղաք:
  • 7Մերարիի որդկանց համար իրանց տոհմերի համեմատ՝ Ռուբէնի ցեղիցը Գադի ցեղիցը եւ Զաբուղոնի ցեղիցը տասնեւերկու քաղաք:
  • 8Եւ Իսրայէլի որդիքը այս քաղաքները եւ նորանց արուարձանները վիճակով տուին Ղեւտացիներին, ինչպէս որ Տէրը պատուիրել էր Մովսէսի միջոցովը:
  • 9Եւ Յուդայի որդկանց ցեղիցը եւ Շմաւոնի որդկանց ցեղիցն այս քաղաքները տուին, որ իրանց անունովը յիշուած էին.
  • 10Եւ Ահարօնի որդիներինը եղան, որոնք Ղեւիի որդիներիցն եղող Կահաթեանց ազգատոհմներիցն էին. որովհետեւ առաջի վիճակը նորանցն էր:
  • 11Եւ նորանց տուին Յուդայի սարի վերայ՝ Ենակի հօր Արբայի քաղաքը՝ այսինքն Քեբրոնը, նորա շրջակայ արուարձաններովը.
  • 12Եւ քաղաքի ագարակներն ու գիւղերը Յեփոնեան Քաղէբին կալուածք տուին:
  • 13Եւ Ահարօն քահանայի որդիներին՝ սպանողի համար ապաստանի քաղաք Քեբրոնը տուին իր արուարձաններովը. նաեւ Լեբնան իր արուարձաններովը:
  • 14Եւ Յաթիրն իր արուարձաններովը, եւ Եթսեմովն իր արուարձաններովը,
  • 15Եւ Քօղօնն իր արուարձաններովը, եւ Դաբիրն իր արուարձաններովը,
  • 16Եւ Այինը իր արուարձաններովը, եւ Յետտան իր արուարձաններովը, եւ Բեթսամիւսն իր արուարձաններովը. այս երկու ցեղիցը ինը քաղաք:
  • 17Եւ Բենիամինի ցեղիցը Գաբաւօնն իր արուարձաններովը, Գաբան իր արուարձաններովը,
  • 18Անաթովթն իր արուարձաններովը, եւ Գաղմոնն իր արուարձաններովը. չորս քաղաք:
  • 19Ահարօնի որդիք՝ քահանաների բոլոր քաղաքները տասնեւերեք քաղաք էին եւ նորանց արուարձանները:
  • 20Եւ Կահաթի որդիներից մնացած Ղեւտացի Կահաթեանց ազգատոհմներն էլ Եփրեմի ցեղիցը վիճակով քաղաքներ առան:
  • 21Եւ նորանց տուին Եփրեմի լեռնակողմումը՝ սպանողի համար ապաստանի քաղաք Սիւքէմն իր արուարձաններովը, եւ Գաղէրն իր արուարձաններովը,
  • 22Եւ Կաբսեմն իր արուարձաններովը, եւ Բեթորոնն իր արուարձաններովը. չորս քաղաք:
  • 23Եւ Դանի ցեղիցը՝ Ելթեկէն իր արուարձաններովը, Գաբաթոնն իր արուարձաններովը,
  • 24Այեղոնն իր արուարձաններովը, եւ Գեթրեմոնն իր արուարձաններովը. չորս քաղաք:
  • 25Եւ Մանասէի կէս ցեղիցը՝ Թանաքն իր արուարձաններովը, եւ Գեթրեմոնն իր արուարձաններովը. երկու քաղաք:
  • 26Կահաթի որդիներից մնացած ազգատոհմների բոլոր քաղաքները տասն էին եւ նորանց արուարձանները:
  • 27Եւ Ղեւտացիների ազգատոհմներից եղող Գերսոնի որդիներին տուին Մանասէի կէս ցեղիցն սպանողի համար ապաստանի քաղաք Բասանումը Գովղանն իր արուարձաններովը. նաեւ Բեեստարան իր արուարձաններովը. երկու քաղաք:
  • 28Եւ Իսաքարի ցեղիցը՝ Կեսիօնն իր արուարձաններովը, Դաբարաթն իր արուարձաններովը,
  • 29Յերիմութն իր արուարձաններովը, Ենգանիմն իր արուարձաններովը. չորս քաղաք:
  • 30Եւ Ասերի ցեղից՝ Մասաղն իր արուարձաններովը, Աբդօնն իր արուարձաններովը,
  • 31Քեղկաթն իր արուարձաններովը, եւ Րոոբն իր արուարձաններովը. չորս քաղաք:
  • 32Եւ Նեփթաղիմի ցեղիցն սպանողի համար ապաստանի քաղաք Գալիլեայում Կադէսն իր արուարձաններովը. նաեւ Եմաթդովրն իր արուարձաններովը, եւ Կարթանն իր արուարձաններովը. երեք քաղաք:
  • 33Գերսոնեանց բոլոր քաղաքները նորանց ազգատոհմների համեմատ տասնեւերեք քաղաք էին եւ նորանց արուարձանները:
  • 34Եւ մնացած Ղեւտացիներին՝ այսինքն Մերարիի որդկանց ազգատոհմներին տուին Զաբուղոնի ցեղիցը Յեկնամն իր արուարձաններովը, Կարթան իր արուարձաններովը,
  • 35Դեմնան իր արուարձաններովը, եւ Նաաղօլն իր արուարձաններովը. չորս քաղաք:
  • 36Եւ Ռուբէնի ցեղիցը Բոսորն իր արուարձաններովը, Յասսան իր արուարձաններովը,
  • 37Կադեմօթն իր արուարձաններովը, եւ Մեփայաթն իր արուարձաններովը. չորս քաղաք:
  • 38Եւ Գադի ցեղիցն սպանողի համար ապաստանի քաղաք Գաղաադումը Ռամովթն իր արուարձաններովը. նաեւ Մանայիմն իր արուարձաններովը,
  • 39Եսեբոնն իր արուարձաններովը, եւ Յազերն իր արուարձաններովը. ամենը չորս քաղաք:
  • 40Ղեւտացիների ազգատոհմներից մնացած Մերարիի որդկանց բոլոր քաղաքներն իրանց տոհմերի համեմատ իրանց վիճակովը տասնեւերկու քաղաք եղաւ:
  • 41Իսրայէլի որդկանց կալուածքների մէջ Ղեւտացիների բոլոր քաղաքները քառասունեւութը քաղաք էին՝ եւ նորանց արուարձանները:
  • 42Այս քաղաքների ամեն մէկն իր շրջակայ արուարձաններն ունէր, այս քաղաքների ամենն էլ այնպէս էր:
  • 43Եւ Տէրը տուաւ Իսրայէլին այն բոլոր երկիրը, որ երդում էր արել նորանց հայրերին տալու. եւ նորան ժառանգեցին եւ նորանում բնակուեցան:
  • 44Եւ Տէրը նորանց ամեն կողմից հանգստացրեց. Ինչպէս որ նորանց հայրերին երդում էր արել. եւ նորանց բոլոր թշնամիներիցը բնաւ մէկը չ’կարողացաւ նորանց դէմ կենալ. Տէրը նորանց ամեն թշնամիներին նորանց ձեռքը տուաւ:
  • 45Ոչ մի բան չ’պակասեց այն ամեն բարի բաներիցը, որ Եհովան Իսրայէլի տան համար խօսել էր. բոլորը կատարուեցաւ:
← Ցանկ