ՀԵՍՈՒ22
  • 1Այն ժամանակ Յեսուն կանչեց Ռուբէնեաններին, Գադեաններին եւ Մանասէի կէս ցեղին,
  • 2Եւ նորանց ասեց. Դուք այն ամենը պահեցիք ինչ որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ հրամայել էր. եւ իմ խօսքին լսեցիք ամեն բանի մէջ, որ ձեզ պատուիրեցի:
  • 3Այսչափ շատ օրեր մինչեւ այս օրը ձեր եղբայրներին չ’թողեցիք, եւ ձեր Տէր Աստուծոյ պատուիրանքի պահպանութիւնը պահեցիք:
  • 4Եւ հիմա ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրներին հանգստացրեց, ինչպէս որ նորանց ասեց. ուրեմն հիմա ետ դառէք, եւ գնացէք ձեր վրանները դէպի ձեր կալուածքի երկիրը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը Յորդանանի այն կողմումը ձեզ տուաւ:
  • 5Միայն թէ շատ զգուշութիւն արէք որ գործադրէք այն պատուիրանքը եւ այն օրէնքը, որ Տիրոջ ծառայ Մովսէսը ձեզ պատուիրեց, որ ձեր Տէր Աստուծուն սիրէք, եւ նորա ամեն ճանապարհներումը գնաք, եւ նորա պատուիրանքները պահէք, եւ նորան յարիք, եւ նորան պաշտէք ձեր բոլոր սրտովը եւ ձեր բոլոր հոգիովը:
  • 6Եւ Յեսուն օրհնեց նորանց եւ արձակեց. Եւ նորանք գնացին իրանց վրանները:
  • 7Եւ Մանասէի կէս ցեղին Մովսէսը տուել էր Բասանի մէջ, եւ կէսին էլ Յեսուն նորանց եղբայրների հետ Յորդանանի այս կողմումը տուաւ դէպի արեւմուտք: Եւ երբոր Յեսուն նորանց իրանց վրաններն ուղարկեց, նորանց օրհնեց.
  • 8Եւ նորանց հետ խօսեց ասելով. Շատ հարստութիւնով ետ դառէք ձեր վրանները եւ խիստ շատ անասուններով, արծաթով, ոսկիով, պղնձով, երկաթով եւ խիստ շատ հանդերձներով, եւ ձեր թշնամիների աւարը ձեր եղբայրների հետ բաժանեցէք:
  • 9Եւ ետ դառան գնացին Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը Քանանի երկրումն եղող Սելովումը Իսրայէլի որդիներից, որ գնան իրանց ժառանգութեան երկիրը՝ այսինքն Գաղաադի երկիրը, որ Մովսէսի միջոցով եղած Տիրոջ հրամանովն առել էին:
  • 10Եւ եկան Յորդանանի կողմերը որ Քանանի երկրումն է եւ Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը այնտեղ Յորդանանի մօտ մէկ սեղան շինեցին՝ մի մեծ սեղան երեւութով:
  • 11Եւ Իսրայէլի որդիքը լսեցին թէ ահա Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի կէս ցեղը սեղանը շինել են Քանանի երկրի դէմ Յորդանանի կողմին Իսրայէլի որդկանց անցքի մօտ.
  • 12Եւ երբոր Իսրայէլի որդիքը լսեցին, Իսրայէլի որդկանց բոլոր ժողովքը Սելովի մէջ ժողովուեցան, որ նորանց վերայ գնան պատերազմի:
  • 13Եւ Իսրայէլի որդիքը Ռուբէնեանց, Գադեանց եւ Մանասէի կէս ցեղի մօտ Գաղաադի երկիրը ուղարկեցին Եղիազարի որդի Փենէհէս քահանային,
  • 14Եւ նորա հետ տասը իշխան, այսինքն Իսրայէլի ամեն ցեղերի ամեն մի նահապետութիւնից մէկ իշխան, որոնց ամեն մէկը Իսրայէլի հազարաւորների մի նահապետութեան իշխան էր:
  • 15Եւ նորանք գնացին Ռուբէնի որդկանց, Գադի որդկանց եւ Մանասէի կէս ցեղի մօտ՝ Գաղաադ, եւ նորանց հետ խօսեցին ասելով.
  • 16Տիրոջ բոլոր ժողովքը այսպէս են ասում. Դա ի՞նչ մեղք է որ դուք Իսրայէլի Աստուծոյ դէմ գործեցիք՝ այսօր Տէրիցը խոտորուելով, եւ այսօր Տիրոջ դէմ ապստամբութիւն անելով ձեզ համար սեղան շինեցիք:
  • 17Մի՞թէ Փոգովրի անօրէնութիւնը քիչ էր մեզ համար, որից մինչեւ այս օրը չ’մաքրուեցանք, եւ Տիրոջ ժողովքի վերայ եկաւ այն հարուածը:
  • 18Եւ դուք այսօր Տէրիցը խոտորուեցաք, ուրեմն եթէ դուք այսօր Տերիցն ապստամբուէք, նա էլ էգուց Իսրայէլի բոլոր ժողովքի վերայ կ’բարկանայ:
  • 19Սակայն եթէ ձեր կալուածքի երկիրն անմաքուր էք համարում, անց կացէք Տիրոջ կալուածքի երկիրը, ուր կանգնած է Տիրոջ խորանը եւ մեր միջում ժառանգութիւն առէք. եւ Տիրոջ դէմ մի ապստամբիք եւ մեզ դէմ էլ մի ապստամբիք մեր Տէր Աստուծոյ սեղանիցը ջոկ ձեզ համար սեղան շինելով:
  • 20Չէ՞ որ Զարայեան Աքարը նզովածիցն առնէլով մեղք գործեց, եւ բարկութիւնն Իսրայէլի բոլոր ժողովքի վերայ եկաւ եւ այն մարդը մինակ չ’մեռաւ իր անօրէնութեան մէջ:
  • 21Եւ Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը ու Մանասէի կէս ցեղը պատասխանեցին եւ ասեցին Իսրայէլի հազարապետներին.
  • 22Աստուածների Աստուածը Եհովան, աստուածների Աստուածը Եհովան գիտէ. եւ Իսրայէլը թող գիտենայ. եթէ այս բանն ապստամբութեամբ կամ Տիրոջ դէմ յանցանք գործելով արին՝ (մեզ այսօր չ’փրկես):
  • 23Մեզ համար սեղան շինեցինք Տէրիցը ետ դառնալու համար, կամ նորա վերայ ողջակէզ եւ հացի նուէր մատուցանելու համար, եւ կամ նորա վերայ խաղաղութեան զոհեր անելու համար, Տէրն ինքը քննութիւն անէ:
  • 24Եթէ որ մենք այս մեր վախիցը չ’շինեցինք, ասելով. որ էգուց ձեր որդիքը մեր որդկանցը կ’ասեն. թէ Դուք Իսրայէլի Եհովայ Աստուծոյ հետ ի՞նչ ունիք.
  • 25Ով Ռուբէնեանք եւ Գադեանք, Եհովան մեր ու ձեր մէջ Յորդանանը սահման դրաւ. Դուք Տէրիցը բաժին չ’ունէք. եւ ձեր որդիքը մեր որդիներիցը Տիրոջ երկիւղը կ’դադարեցնեն:
  • 26Այս պատճառով ասեցինք. Մեզ համար մէկ սեղան շինենք, ոչ թէ ողջակէզի համար, ոչ էլ զոհի համար,
  • 27Այլ որ վկայ լինի մեր ու ձեր մէջ, եւ մեզանից յետոյ մեր սերունդների մէջ, որ մեր ողջակէզներովը, մեր պատարագներովը եւ մեր խաղաղութեան զոհերովը Տիրոջ ծառայութիւնը՝ նորա առաջին անենք, եւ էգուց ձեր որդիքը չ’ասեն մեր որդկանցը՝ թէ Դուք բաժին չ’ունէք Տէրիցը:
  • 28Եւ ասեցինք. Եթէ մեզ կամ մեր սերունդին էգուց ասելու լինեն, մենք էլ կ’ասենք թէ Տեսէք Եհովայի սեղանի օրինակը որ մեր հայրերը շինեցին, ոչ թէ ողջակէզի համար կամ զոհի համար, այլ մեր եւ ձեր մէջ վկայութիւն լինելու համար:
  • 29Քաւ լիցի մեզ որ մենք Տերիցը ապստամբուենք, եւ այսօր Տէրիցը ետ դառնալով սեղան շինենք ողջակէզի համար, հացի նուէրի համար եւ զոհի համար բացի մեր Տէր Աստուծոյ սեղանիցը որ խորանի առաջին է:
  • 30Եւ Փենէհէս քահանան եւ նորա հետ եղող ժողովքի իշխանները եւ Իսրայէլի հազարապետները լսեցին այն խօսքերը, որ Ռուբէնի որդիքը, Գադի որդիքը եւ Մանասէի որդիքը խօսեցին, եւ իրանց հաճոյ երեւեցաւ.
  • 31Եւ Եղիազարի որդի Փենէհէս քահանան Ռուբէնի որդկանցը, Գադի որդկանցը եւ Մանասէի որդկանցն ասեց. Այսօր իմացանք որ Տէրը մեր մէջն է, որովհետեւ դուք Տիրոջ դէմ չ’գործեցիք այս յանցանքը, եւ ազատեցիք Իսրայէլի որդկանցը Տիրոջ ձեռքիցը:
  • 32Եւ Եղիազարի որդի Փենէհէս քահանան եւ իշխանները ետ դառան Ռուբէնի որդկանց եւ Գադի որդկանց մօտից Գաղաադի երկրիցը Քանանի երկիրը Իսրայէլի որդկանց մօտ եւ լուր բերին նորանց:
  • 33Եւ այս բանը Իսրայէլի որդկանցը հաճոյ երեւեցաւ, եւ Իսրայէլի որդիքն օրհնեցին Աստուծուն, եւ չ’ասեցին որ նորանց վերայ գնան պատերազմելու, որ կործանեն Ռուբէնի որդկանց եւ Գադի որդկանց բնակած երկիրը:
  • 34Եւ Ռուբէնի որդիքը եւ Գադի որդիքը այն սեղանին անունը Վկայութիւն դրին, որովհետեւ նա մեր միջումը վկայ է որ Եհովան է Աստուած:
← Ցանկ