ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ20
  • 1Եւ տեսայ մի հրեշտակ վայր գալիս երկնքիցը, որ դժոխքի բանալին ունէր, եւ մի մեծ շղթայ իր ձեռքումը։
  • 2Եւ նա բռնեց այն վիշապին այն առաջի օձին որ է Բանսարկուն եւ սատանան, եւ կապեց նորան հազար տարի։
  • 3Եւ գցեց նորան անդունդի մէջ, եւ փակեց եւ կնիք դրաւ նորա վերայ որ էլ չ’մոլորեցնէ ազգերին մինչեւ որ հազար տարին լրանայ. Եւ նորանից յետոյ պէտք է որ նա մի քիչ ժամանակ արձակուի։
  • 4Եւ տեսայ աթոռներ, եւ նորանց վերայ նստեցին. եւ դատաւորութիւն տրուեցաւ նորանց, եւ նորանց հոգիքը որ գլխատուել էին Յիսուսի վկայութեան համար եւ Աստուծոյ խօսքի համար, եւ նորանց որ չ’երկրպագեցին գազանին եւ ոչ էլ նորա պատկերին, եւ նորա դրոշմը չ’առան իրանց ճակատի եւ ոչ էլ իրանց [աջ] ձեռքի վերայ, եւ սորանք կենդանացան եւ Քրիստոսի հետ թագաւորութիւն արին հազար տարի.
  • 5Իսկ մեռելների մնացեալները չ’կենդանացան, մինչեւ որ հազար տարին լրանայ։ Սա առաջի յարութիւնն է։
  • 6Երանելի եւ սուրբ է, որ բաժին ունի առաջի յարութեան մէջ. սորանց վերայ իշխանութիւն չ’ունի երկրորդ մահը. այլ Աստուծոյ եւ Քրիստոսի քահանաներ կ’լինին. Եւ նորա հետ կ’թագաւորեն հազար տարի։
  • 7Եւ երբոր հազար տարին կ’լրանայ՝ կ’արձակուի սատանան իր բանտիցը. Եւ դուրս կ’գնայ որ մոլորեցնէ այն ազգերը, որ երկրի չորս անկիւնումն են, եւ Գոգը եւ Մագոգը, որ հաւաքէ նորանց պատերազմի, որոնց թիւը ծովի աւազի չափ է։
  • 8Եւ վեր գնացին երկրի լայնութեան վերայ, եւ սուրբերի բանակը եւ սիրելի քաղաքը շրջապատեցին։
  • 9Եւ երկնքիցը կրակ իջաւ Աստուածանից եւ լափեց նորանց. Եւ Բանսարկուն որ նորանց մոլորեցնում էր գցուեցաւ կրակի եւ ծծմբի լիճը, ուր որ էին գազանը եւ սուտ մարգարէն։
  • 10Եւ կ’չարչարուին գիշեր եւ ցերեկ յաւիտեանս յաւիտենից։
  • 11Եւ տեսայ մի սպիտակ մեծ աթոռ, եւ նորա վերայ նստողին. որի երեսից երկինքը եւ երկիրը փախան. Եւ տեղ չ’գտնուեցաւ նորանց համար։
  • 12Եւ տեսայ մեռելները մեծ եւ փոքր կանգնած աթոռի առաջին. եւ գրքեր բացուեցան, եւ մի ուրիշ գիրք էլ բացուեցաւ, որ է կեանքի գիրքը, եւ մեռելները դատուեցան այն գրքերում գրուածներից իրանց գործերի համեմատ։
  • 13Եւ ծովն իր մէջի մեռելները տուաւ, եւ մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին. եւ ամեն մէկն իրանց գործերի համեմատ դատուեցան։
  • 14Մահը եւ դժոխքը գցուեցան կրակի լճի մէջ. սա երկրորդ մահն է։
  • 15Եւ եթէ մէկը գրուած չ’գտնուեցաւ կեանքի գրքի մէջ, կրակի լճի մէջ գցուեցաւ։
← Ցանկ