Մեր զոհաբերությունը

Ամեն անգամ, երբ մենք գալիս ենք Աստծո ներկայության մեջ, Նա մեզանից զոհեր և ընծաներ է ակնկալում: Այն իր մեջ ներառում է նաև մեր ֆինանսական և նյութական հնարավորությունները: Սակայն զոհը դրանով չի սահմանափակվում: Աստվածաշունչը խոսում է ավելի բարձր մակարդակի զոհերի և հոգևոր ընծաների մասին, որն Աստված պահանջում է մատուցել Իրեն: Հոգևոր այս ընծաներն են գոհությունը, փառաբանությունը և երկրպագությունը:

Հաճախ մենք այս բառերը գործածում ենք մեկը մյուսին փոխարինելու նպատակով: Ես սրանք համեմատում եմ ծիածանի գույների հետ, որոնք տարբեր են միմյանցից, սակայն միաժամանակ այնպես են միահյուսված միմյանց հետ, որ չի երևում նրանց բաժանող գիծը: Նմանապես գոհությունը, փառաբանությունն ու երկրպագությունը տարբեր են միմյանցից, սակայն նրանք բնականորեն միահյուսված են միմյանց: Ահա թե ինչպես եմ զանազանում նրանց.

գոհությունը կապված է Աստծո բարության հետ,
փառաբանությունը կապված է Աստծո մեծության հետ,
երկրպագությունը կապված է Աստծո սրբության հետ:

Սրբությունն ինքնին ինքնատիպ հասկացողություն է: Սա Աստծո այն որակն է, որն ամենադժվար ընկալելին է մարդկային հասկացողության համար, քանի որ այն չունի համապատասխանը երկրի վրա: Մենք կարող ենք խոսել Աստծո իմաստության մասին, քանի որ մենք ճանաչում ենք իմաստուն մարդկանց: Մենք կարող ենք խոսել Աստծո զորության մասին, քանի որ տեսել ենք մեծ զորության դրսևորումներ: Սակայն Աստծուց դուրս գոյություն չունի սրբության երկրային որևէ այլ օրինակ, դա մի բան է, որը հատուկ է միայն Աստծուն և նրանց, որոնք ընդունում են այն Նրանից: Ես հավատում եմ, որ երկրպագությունն անմիջական կապ ունի Աստծո սրբության հետ: Սակայն, քանի որ դժվար է ըմբռնել Նրա սրբությունը, դժվար է նաև ամբողջապես հասկանալ և մուտք գործել երկրպագության մեջ:

Այդ իսկ պատճառով հավատացյալի համար երկրպագությունը ամենադժվար բանն է այս երեք զոհերից, որպեսզի մատուցի այնպես, որ ընդունելի լինի Աստծուն: Գոհությունն ու փառաբանությունը առաջին հերթին մեր շուրթերի արտահայտումն են, սակայն երկրպագությունը նախ և առաջ վերաբերմունք է: Այդ պատճառով կարևոր է ըմբռնել այս երեք հասկացողությունները, որպեսզի ի վիճակի լինենք դրանք դարձնել Աստծուն մատուցելիք զոհերի մի մասը: