«Տեսնում էի սատանային, որ երկնքից կայծակի պես վայր էր ընկնում»։

Ղուկաս 10:18

luciferԱյստեղ Հիսուսն իր աշակերտներին նկարագրում է այն տեսարանը, որի վկան էր եղել շատ դարեր առաջ մինչև Մարիամի որդի լինելը։ Նա նրանց զգուշացնում է հպարտության վտանգի մասին։ Նրա նկարագրությունը վերաբերում է Աստծո կողմից արարված Լյուցիֆեր հրեշտակապետի անկմանը։
Լյուցիֆերը բացառիկ պատվավոր դիրք ուներ երկնքում։ Աստված ասել է նրա մասին հետևյալը.

«Դու կատարելության կնիքն ես՝ լիքն իմաստությունով և գեղեցկությամբ կատարյալ։ Եդեմում՝ Աստծո դրախտում էիր. բոլոր պատվական քարերը քո ծածկոցն էին՝ սարդիոն, տպազիոն, ադամանդ, ոսկեքար, եղեգնաքար և հասպիս, շափյուղա, կարկեհան և զմրուխտ և ոսկի։ Քո թմբուկների և քո սրինգների գործը քեզ համար քո ստեղծված օրը պատրաստվեց։ Դու մի օծված քերովբե էիր ծածկող, և ես քեզ շինեցի։ Աստծո սուրբ սարի վրա էիր, կրակի քարերի մեջտեղն էիր ման գալիս։ Դու կատարյալ էիր քո ճանապարհներում քո ստեղծված օրից, մինչև որ քեզանում անօրինություն գտնվեց»։

Եզեկիել 28:12-15

Այս պատմությունը երկու հնարավոր հարցեր է բարձրացնում։ Առաջին՝ երկնքի ո՞ր ոլորտից վայր նետվեց Լյուցիֆերը։ Երկրորդ՝ ո՞ր ոլորտի մեջ նա նետվեց։
Ես անձամբ չեմ հավատում, որ Լյուցիֆերը երբևէ մուտք է ունեցել դեպի երրորդ երկինք՝ այնտեղ ապստամբություն բարձրացնելու համար։ Իմ պատկերացումը երրորդ երկնքի մասին այն է, որ դա կատարյալ սրբության այնպիսի մի վայր է, որտեղ ոչ մի տեսակի մեղք չի կարող գոյություն ունենալ։ Բայց սա պարզապես իմ անձնական պատկերացումն է։

Ես Աստվածաշնչում որևէ հատված չեմ գտել, որը կնկարագրեր այն հստակ վայրը, որտեղ Լյուցիֆերն ու իր հրեշտակները վտարվել են, սակայն ակնհայտ է, որ նրանք հաստատել են իրենց թշնամական թագավորությունը երկնքի մեկ այլ ոլորտում, ամենայն հավանականությամբ՝ միջանկյալ հատվածում։
Ինչպես նշեցի առաջին գլխում, Աստվածաշնչում առնվազն երեք ոլորտներ կան, որոնք երկինք են անվանվում։ Առաջին՝ մեր գլխավերևում գտնվող տեսանելի երկինքը։ Այնուհետև գալիս է միջին երկինքը՝ նկարագրված Հայտնություն 8:13, 14:6 և 19:17-ում։ Եվ վերջապես, երրորդ երկինքը, որը բարձր է բոլորից, որն Աստծո բնակության սրբագույն վայրն է, մի վայր, որը Սողոմոնը 2-րդ Մնացորդաց 2։6-ում նկարագրում է որպես «երկինքների երկինք». «Եվ ո՞վ կարող է Նրա համար տուն շինել, որովհետև երկինքն ու երկինքների երկինքը Նրան չեն պարունակի»։

Եզեկիել 28:14-ում Լյուցիֆերը նկարագրված է որպես օծված քերովբե ծածկող (կամ՝ փայլատակող)։ Թվում է, թե Լյուցիֆերն իր թևերով ծածկել է Աստծո երկնային տաճարում գտնվող Աստծո փառքի դրսևորման վայրը ճիշտ այնպես, ինչպես քերովբեները ծածկում էին Մովսեսի խորանում գտնվող Ուխտի տապանակի քավությունը և այն վայրը, որտեղ հայտնվում էր Աստծո ներկայության տեսանելի փառքը։ Սա նկարագրված է Ելից 37:9-ում. «Եվ քերովբեները տարածում էին իրենց թևերը՝ վերևից իրենց թևերով քավությունը ծածկելով, և նրանց երեսները դեպի իրար էին, քավության վրա էին քերովբեների երեսները»։
Լյուցիֆերը կատարյալ էր իր գեղեցկությամբ։ Հպարտությունը դրդեց նրան մարտահրավեր նետել Աստծուն՝ հավակնելով Աստծուն հավասար դիրք զբաղեցնել։ Ակնհայտ է, որ Լյուցիֆերը իշխանություն է ունեցել շատ հրեշտակների վրա, որոնց մի մասին նա ներքաշեց ապստամբության մեջ։ Ի պատասխան այդ ապստամբության, Աստված Լյուցիֆերին և նրա աջակից հրեշտակներին վտարեց Իր ներկայությունից։

Նկարագրելով Լյուցիֆերի կողմից որոշ հրեշտակներին Աստծո դեմ հանելու պատմությունը՝ Աստվածաշունչն օգտագործում է առևտուր բառը, որը համարժեք է նախատեսված դավադրությանը.

«Քո առևտուրի շատության համար լցվեց քո ներսը զրկանքով և դու մեղանչեցիր… Քո անօրինությունների շատությունով` քո անիրավ վաճառականություններով պղծեցիր քո սրբարանները»:

Եզեկիել 28:16, 18

Այս առևտուր բառին համարժեք են նաև բանսարկու և չարախոս բառերը: Այլ խոսքերով, այն կարող է նկարագրել մեկին, ով վաճառում կամ տարածում է թե՛ ապրանքներ և թե՛ բամբասանք: Օրինակ` Ղևտացիների 19:16-ն ասում է. «Քո ժողովրդի մեջ չարախոսություն անելու (բամբասելու) ման չգաս»:

Առակաց 20:19-ում բամբասելու այս սովորությունը սերտ կապ ունի շրթունքներով քծնելու հետ: Մեզ զգուշացվում է մարդկանց այս երկու տեսակներից էլ. «Գաղտնիքը հայտնում է բանսարկությամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ (ով քծնում է իր շրթներով) մի՛ հաղորդակցվիր»:

Ակնհայտ է, որ սա այն բանի հստակ նկարագրությունն է, թե ինչով էր զբաղված Լյուցիֆերը: Նա քայլում էր արարված հրեշտակային էակների4_jesus-crush-serpent մեջ` բորբոքելով նրանց և Աստծո դեմ ապստամբություն կազմակերպելով: Ես անձամբ պատկերացնում եմ, թե ինչպես է նա իր ենթակայության տակ գտնվող հրեշտակներին նման մի բան ասում. «Աստված իրականում ձեզ չի գնահատում: Ձեր զբաղեցրած դիրքը ձեր կարողությունից շատ ցածր է, ավելի ցածր, քան դուք արժանի եք: Եթե ես իշխանություն ունենայի, ապա կգնահատեի ձեր արժանիքները և կարժևորեի ձեր գինը` բարձրացնելով ձեզ: Ես ձեզ ավելի մեծ պաշտոն կտամ` տիեզերքը կառավարելու համար»:

Ակնհայտ է, որ սա անմիջապես կամ մի քանի օրվա ընթացքում չէր, որ տեղի ունեցավ: Մենք չենք կարող գնահատել այն տևական ժամանակը, որը Լյուցիֆերն օգտագործեց ապստամբության կազմակերպման համար, սակայն այն այնքան տևեց, որ նա հասցրեց ապստամբություն բարձրացնել Աստծո դեմ` դրա մեջ ներքաշելով հրեշտակների մեկ երրորդ մասին:

Այս թիվը հիմնված է այն փաստի վրա, որն ասված է սատանայի հանդեպ Հայտնություն 12:4-ում. «Եվ նրա պոչը քաշում էր երկնքի աստղերի երրորդ մասը: Դրանք երկրի վրա գցեց»: Երկնքի աստղեր արտահայտությունը վերաբերում է երկնքի բոլոր հրեշտակներին: Սակայն նման մեկնաբանությունը կարող է հարցականի տակ դրվել:

Գուցե երբեք ձեր մտքով չանցնի երկնքում գտնվող հրեշտակների այս պահվածքը: Ինչպես ես արդեն նախապես նշեցի, ապստամբությունը սկզբում տեղի է ունեցել ոչ թե երկրի վրա, այլ` երկնքում: Ավելին, սատանան երբեք չի փոխել իր մեթոդները ո՛չ երկնքում և ո՛չ էլ երկրի վրա մեկ պարզ պատճառով. դրանք մինչ օրս գործուն են: Որպես բամբասանքի և չարախոսության վարպետ, նա մշտապես կատարածուների է ման գալիս, որպեսզի խափանի Եկեղեցում և աշխարհում Աստծո կողմից հաստատված իշխանությունը:

Երբ Լյուցիֆերը վտարվեց երկնքից, նա չդադարեցրեց իր ապստամբությունը, այլ շարունակեց` հաստատելով իր սեփական թագավորությունը` որպես հակակշիռ Աստծո թագավորության: Ղուկասի ավետարանի 11:17-18-ում Հիսուսը բացահայտում է, որ սատանան ունի իր սեփական թագավորությունը. «Ամեն թագավորություն, որ ինքն իր մեջ բաժանված է, կավերվի, և տունը, որ իր մեջ բաժանված է, կկործանվի: Ապա եթե սատանան ինքն իր դեմ բաժանված է, նրա թագավորությունն ինչպե՞ս կմնա»:

Շարունակելի…