Աշխարհի մեծագույն երկրպագուներից մեկը Դավիթն էր: Նա երկրպագությունը խորհրդանշող ձեռքերի երկու դիրք փոխանցեց մեզ: Սաղմոս 63-ը սկսվում է այս հրաշալի խոսքերով.

«Ո՛վ Աստված, Դու ես իմ Աստվածը, վաղ առավոտից ես Քեզ եմ փնտրելու. հոգիս Քեզ է ծարավում, ու մարմինս Քեզ է փափագում չոր ու ծարավուտ վայրում, ուր ջուր չկա»:

Սաղմոս 63:1

Դավիթը Հուդայի անապատում էր գտնվում, երբ Տիրոջը բարձրացրեց այս աղոթքը: Այնուհետև նա գրում է.

«Որովհետև Քո գթասիրությունը կյանքից ավելի լավ է, իմ շրթունքները Քեզ պիտի փառաբանեն: Այսպես պիտի օրհնեմ Քեզ իմ կյանքի ընթացքում, Քո անունով ձեռքերս վեր պիտի բարձրացնեմ»:

Սաղմոս 63:3-4

Տիրոջ անունով ձեր ձեռքերը վեր բարձրացնելը երկրպագության մի ակտ է, որը շատ անգամ է նկարագրված Աստվածաշնչում:

Սաղմոս 141:2-ում Դավիթը նկարագրում է ձեռքերի այս նույն դիրքը.

«Թող իմ աղոթքը խնկի պես համարվի Քո առջև, և իմ ձեռքերի բարձրացնելը` իրակնային զոհաբերության պես»:

Խունկը մեզ հուշում է երկրպագության մասին: Տաճարում երկու անգամ էին զոհ մատուցում` առավոտյան և երեկոյան: Դավիթն Աստծուն խնդրում էր, որ իր ձեռքերի վեր բարձրացումը երեկոյան պատարագի պես համարվի:

Այնուհետև` 143 սաղմոսում, Դավիթը նկարագրում է ձեռքերի մեկ այլ դիրք.

«Ձեռքերս դեպի Քեզ եմ տարածում. իմ անձը, ինչպես ճաքճքած հողը, ծարավի է Քեզ»։

Սաղմոս 143:6

Ուշադրություն դարձրեք այն լեզվին, որով Դավիթն արտահայտում է իր փափագն Աստծո հանդեպ:

Ես կարծում եմ` տարբերություն կա ձեռքերը բարձրացնելու այս երկու նկարագրության մեջ: Երբ բարձրացնում եք ձեր ձեռքերը, ընդունում եք Աստծո մեծությունն ու ինքնիշխանությունը: Երբ տարածում եք ձեր ձեռքերը, բացվում եք` ընդունելու համար:

Մեկ անգամ, երբ Հռութն ու ես Հոլանդիայում մի ժողովի մեջ էինք գտնվում, Հռութը տարածեց իր ձեռքերն այն ժամանակ, երբ մենք, իրոք, հրաշալի երկրպագություն էինք վայելում: Այնուհետև նա ասաց ինձ. «Իմ ձեռքերն այնքան ծանրացան, որ այլևս չկարողացա դրանք վեր պահել»: Փառք բառը երբրայերենում ծանրություն բառն է, որը հնչում է այսպես. խևեդ, խևրոն: Ես ասացի նրան. «Աստված Իր փառքն է դնում քո ձեռքերի մեջ»:

Ես սա ասում եմ ձեզ այն նպատակով, որ տեսնեք, թե Աստված որքան իրական է վերաբերում մեր մարմիններին: Մենք պարզապես անմարմին հոգիներ չենք` երկնքում սավառնող, մենք մարդիկ ենք, ովքեր ապրում են շատ իրական, ֆիզիկական մարմիններում: Եվ Աստված ցանկանում է ամբողջովին վերահսկել մեր մարմինը երկրպագության ժամանակ:

Ձեռքերի` երկրպագության ժամանակ մասնակցության ևս մեկ գործողություն կա, որը ես սիրում եմ.

«Ծա՛փ զարկեք, բոլոր ժողովուրդներ, հաղթանակի ձայնով աղաղակեցե՛ք Աստծուն»։

Սաղմոս 47:1

Երբ ծափահարում ենք, երկրպագում ենք Աստծուն: Երկրպագությունը խստասիրտ և քարացած մի դիրք չէ, այն ներառում է ողջ մարմնի մասնակցությունը: