«ԱՄԵՆ ԲԱՆ ԻՐ ԺԱՄԱՆԱԿՆ ՈՒՆԻ»

Սուրբ Հոգով մկրտված բազմաթիվ հավատացյալներ իրենց սեփական պատկերացումն ունեն ազատության մասին։ Ոմանք պատկերացնում են, որ այդ ազատությունն աղաղակելու մեջ է։ Նրանք կարծում են, որ եթե պարզապես կարողանայինք բավականին բարձր և երկար աղաղակել, ապա կկարողանայինք ազատություն կերտել։ Բայց Սուրբ Հոգին երբեք չի կերտվում, նա կա՛մ իջնում է, կա՛մ էլ ներքուստ է բխում։ Երկու դեպքում էլ նրա դրսևորումն ազատ է և ինքնաբուխ և երբեք ծանր կամ ձանձրացնող չի լինում։

Սուրբ Հոգով մկրտված այլ հավատացյալներ ամեն անգամ ընդգծում են դրսևորման միևնույն ձևը` ինչպիսիք են երգելը, ծափահարելը կամ էլ պարելը։ Պատճառներից մեկն այն է, որ Աստված ինչ-որ ժամանակ նրանց օրհնել է այդ միջոցներով, որից հետո նրանք հավատացել են, որ Աստծո օրհնությունը միշտ գալու է հենց նույն ճանապարհով և ոչ թե այլ։ Աստված մեկ անգամ օրհնեց նրանց, երբ նրանք աղաղակում էին, և այդ պատճառով նրանք միշտ ցանկանում են աղաղակել։ Կամ էլ Աստված մեկ անգամ օրհնել է նրանց, երբ նրանք պարում էին, և այդ պատճառով նրանք միշտ ցանկանում են պարել։

Նրանք այնքան են իրենց սահմանափակել իրենց պատկերացումն ու հասկացողությունը Սուրբ Հոգու վերաբերյալ, որ չեն ընդունում Աստծո օրհնությունը մեկ այլ ճանապարհով։ Շատ հաճախ նրանք անգամ նախատում են այն հավատացյալներին, ովքեր չեն միանում նրանց՝ աղաղակելու, պարելու կամ էլ ծափահարելու մեջ և անգամ ակնարկում են, որ այդ հավատացյալներն «ազատ չեն Հոգու մեջ»։

Եկեք զգուշավորությամբ նշենք, որ որևէ անհոգևոր բան չկա աղաղակելու, պարելու կամ էլ ծափահարելու մեջ։ Աստվածաշունչը հստակ ցույց է տալիս, որ սրանք Աստծո ժողովրդի փառաբանության բաղկացուցիչներից են։ Սակայն բացարձակ հակասուրբգրային և անմիտ է պնդել, որ դրսևորումների ցանկացած ձևը պարտադիր արտահայտում է հոգևոր ճշմարիտ ազատությունը։

Այն անձը, ով հավատում է, թե ինքը միշտ պետք է փառաբանի Աստծուն աղաղակելով, պարելով և ծափահարելով, չի կարող վայելել հոգևոր ճշմարիտ ազատությունը։ Ընդհակառակը, նա իր սեփական պատկերացումների պատճառով հայտնվել է կրոնական հատուկ կապանքի մեջ։ Այսպիսի մարդը ճիշտ նույն դիրքում է, ինչպես հակառակ կողմում գտնվող հավատացյալը, որն Աստծուն երկրպագելու և փառաբանելու այլ ձև չգիտի, քան նույն բառերի և շարադրված արարողությունների միջոցով։

Հոգևոր ճշմարիտ ազատությունը հասկանալու համար կարող ենք դիմել Սողոմոնի խոսքերին` Ժողովող 3:1-8-ում.

«Ամեն բանի ժամանակ կա, և ժամանակ՝ երկնքի տակի բոլոր ձեռնարկության։ Ծնելու ժամանակ և մեռնելու ժամանակ, սպանելու ժամանակ և բժշկելու ժամանակ, տնկելու ժամանակ և տնկածը պոկելու ժամանակ, քանդելու ժամանակ և շինելու ժամանակ, լացելու ժամանակ և ծիծաղելու ժամանակ, սգալու ժամանակ և պարելու ժամանակ, քարեր դեն գցելու ժամանակ և քարեր ժողովելու ժամանակ, գրկելու ժամանակ և գրկելուց հեռանալու ժամանակ, որոնելու ժամանակ և կորցնելու ժամանակ, պահելու ժամանակ և դեն գցելու ժամանակ, պատառելու ժամանակ և կարելու ժամանակ, լռելու ժամանակ և խոսելու ժամանակ, սիրելու ժամանակ և ատելու ժամանակ, պատերազմելու ժամանակ և խաղաղության ժամանակ»։

Այստեղ Սողոմոնը քսանութ գործողությունների տեսակ է թվարկում, որոնք բաղկացած են տասնչորս զույգ հակադրություններից։ Հակադրությունների ամեն զույգում մենք տեսնում ենք, որ որոշակի ժամանակում ճիշտ է անել մի բան, իսկ մյուս ժամանակում՝ հակառակը։ Մենք երբեք բացարձակ համոզվածությամբ չենք կարող ասել, որ միշտ ճիշտ է որևէ կոնկրետ բան անելը և չի կարելի մեկ այլ բան անելը։ Ճիշտը և սխալը որոշվում է ժամանակի կողմից։

Այս զույգ հակադրություններից շատերը վերաբերում են եկեղեցու կյանքին և երկրպագությանը, ինչպես օրինակ տնկելը և տնկածը պոկելը, սպանելը կամ բժշկելը, լաց լինելն ու ծիծաղելը, սգալն ու պարելը, քարեր դեն գցելն ու հավաքելը, լռելը և խոսելը։

Սրանցից ոչ մեկը բացարձակ ճշմարիտ կամ էլ բացարձակ սխալ չէ։ Յուրաքանչյուրը ճշմարիտ է, եթե ճիշտ ժամանակին է արված և սխալ է, եթե սխալ ժամանակին է արված։

Ուրեմն ինչպե՞ս իմանանք, թե որը երբ անել։ Պատասխանն այսպիսինն է. սա Սուրբ Հոգու տնօրինման ինքնիշխան գործն է եկեղեցում։ Նա հայտնում և առաջնորդում է, թե ինչ անել և երբ անել։ Մի եկեղեցի, որն առաջնորդվում է Սուրբ Հոգուց, ճիշտ բաներ կանի ճիշտ ժամանակին։ Սա ամենայն ճշմարիտ ազատության, ներդաշնակության և միաբանության աղբյուրն է։ Առանց սրա կլինի միայն ստրկություն, բռնություն և անմիաբանություն։