Աստվածաշնչյան 5 կարևոր համարներ խաղաղության մասին

Մարդկային մեծագույն փափագներից և կարիքներից մեկը խաղաղությունն է` խաղաղություն ազգերի, հարևանների, բարեկամների և ընտանիքների միջև։ Դարեր շարունակ մարդկությունը հուսահատ և ապարդյուն փորձեր է արել խաղաղություն գտնելու համար։

Փորձել են այն գտնել երաժշտության, գրականության, փիլիսոփայության, կրոնի և անգամ քաղաքական գործողությունների մեջ։ Արդյունքը եղել է այն, որ վերը նշվածները լոկ ժամանակավորապես թմրեցրել, հանդարտեցրել են մարդուն, սակայն նրա հոգին շարունակ մնացել է անբավարար` փափագելով ճշմարիտ, մնայուն և անկեղծ խաղաղության։

Աստծո Խոսքը մեզ հստակ սովորեցնում է, որ մարդիկ «խաղաղության ճանապարհը չճանաչեցին, քանի որ Աստծո վախը չկա նրանց աչքերի առաջ» (Հռոմ. 3:17-18): Խաղաղությունն ունենալու համար նախ պետք է Խաղաղության Իշխանին ունենալ` հանձին Տեր Հիսուս Քրիստոսի։ Նա է մնայուն, անխախտ, աննկարագրելի ու անպատմելի խաղաղության ճշմարիտ աղբյուրը, Նա է մեզ հանդարտ ջրերի մոտ առաջնորդողն ու մեր փոթորիկները հանգստացնողը։

Ընդունենք այս խոսքերը որպես դեղահաբ, որպես մի բժշկարար միջոց` մեր անխաղաղ ու փոթորկուն հոգիների և մտքերի համար։ Խորհրդածե՛ք այս խոսքերի շուրջը, «շնչեք» այս խոսքերը, թույլ տվեք, որ դրանք թափանցենք ձեր ներաշխարհի, հույզերի և նյարդերի մեջ։ Շարունակ կրկնեք ու դավանեք, հռչակեք և աղոթասացությամբ ներկայացեք Սուրբ Հոգուն, և Նա ձեզ անհետաձգելի և անսահման խաղաղություն կպարգևի։

«Դերեկ Պրինսի ծառայության» տարածաշրջանային տնօրեն`

Վազգեն Զոհրաբյան

«Երբ ՏԻՐՈՋ համար մարդու ճամփաները հաճելի լինեն, մինչև անգամ նրա թշնամիներին խաղաղության մեջ կպահի նրա հետ»։

Առակաց 16:7

«Կատարյալ խաղաղության մեջ կպահես նրան, ում միտքը Քո վրա է մնացել, որովհետև Քեզ է հուսացել»։

Եսայու 26:3

«Խաղաղություն եմ թողնում ձեզ, Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, Ես տալիս եմ ձեզ։ Ձեր սիրտը թող չխռովվի, ո՛չ էլ վախենա»։

Հովհաննես 14:27

«Այս բաները ձեզ հետ խոսեցի, որ Իմ մեջ խաղաղություն ունենաք։ Աշխարհում նեղություն պիտի ունենաք, բայց քաջասի՛րտ եղեք, Ես աշխարհին հաղթեցի»։

Հովհաննես 16:33

«Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք, այլ թող ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ` ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծո խաղաղությունը, որ ամեն հասկացողությունից վեր է, պիտի պահի ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով»։

Փլիպպեցիներին 4:6-7