Դերեկ Պրինս. «Ամուսնությունը խորհուրդ է»

«Ամուսնական ուխտ» գրքից

Եփեսացիների ուղերձի 5:22-32-ում Պողոսը բացատրում է ամուսնության քրիստոնեական տեսակետը։ Նա իր խոսքը վերջացնում է հետևյալ կերպ. «Այս խորհուրդը մեծ է…»։ Այսպիսով, նա ընդունում է, որ ամուսնությունը խորհուրդ է։ Պողոսի ժամանակներում խորհուրդ կամ միստերիա բառն ավելի յուրահատուկ իմաստ է ունեցել, քան այսօր։ Այդ ժամանակ այն կրոնական նշանակություն է ունեցել։ Այն նշանակել է գիտության մի տեսակ, որն արժեքավոր օգուտ էր բերում, որը սակայն հասանելի էր միայն հատուկ խմբի մարդկանց, ովքեր միմյանց հետ միաբանված են միևնույն կրոնի մեջ։ Որպեսզի որևէ մեկն ի վիճակի լինի ընդունել այս գիտությունը, պետք է առաջին հերթին նվիրված լինի այդ խմբին։

Այսպիսով, Պողոսի կողմից ամուսնական հարաբերությունները նկարագրելու համար օգտագործվող խորհուրդ բառը երկու իմաստ ունի, առաջինը՝ այն թաքնված մի գիտություն է, որը կարող է ամուսնությունն այնպես անել, ինչպիսին, որ պետք է լինի։ Երկրորդ՝ մարդը կարող է ձեռք բերել այդ թաքնված գիտությունը՝ միայն անցնելով հատուկ քննության և հատուկ հանգամանքների միջով։ Այս գրքի գլխավոր նպատակն է ընթերցողին անցկացնել այս քննությունների և հանգամանքների միջով։

2-րդ Օրինաց գրքում, երբ հրեաները պատրաստ էին մտնել իրենց խոստացված ժառանգության մեջ՝ Քանանի երկիր, Մովսեսը ևս մեկ անգամ հորդորեց նրանց այն կենսաձևի համար, որով նրանք պետք է ապրեին նոր երկրում։ Նա Աստծո կողմից խոստացավ նրանց, որ եթե պահեն Աստծո օրենքը, առատորեն կօրհնվեն իրենց կյանքի բոլոր ոլորտներում։ Մասնավորապես Մովսեսը նրանց ասաց, որ իրենց տունը նման կլինի «երկնքի օրերին, որոնք երկրի վրա կլինեն» (2-րդ Օրինաց 11:21)։ Նա բավարարվածության և անխափան ներդաշնակության մի պատկեր է տալիս մեզ։ Այսպիսին պետք է լինի այն ընտանեկան կյանքը, որն Աստված է ծրագրել Իր ժողովրդի համար։

Մոտ տասներկու դար անց՝ Մաղաքիա մարգարեի միջոցով Աստված խիստ դատապարտում է Իսրայելի պահվածքն այն բանից հետո, երբ նրանք բնակություն հաստատեցին իրենց խոստացված երկրում։ Ընդհանուր առմամբ նրանք չկատարեցին Աստծո պայմանները և այդ պատճառով չվայելեցին կյանքի այն մակարդակը, որն Աստված նախատեսել էր նրանց համար։ Իր գնահատականում Աստված մատնանշում է նրանց անհաջողությունների հատուկ ոլորտները։ Դրանցից մեկը նրանց ընտանեկան կյանքն էր, մասնավորապես նրանց փոխհարաբերություններն ընտանիքում։ Ահա թե այս առումով ինչ է ասվում Մաղաքիա 2:13-14-ում.

«Եվ երկրորդ՝ սա եք անում. ծածկում եք արտասուքով Տիրոջ սեղանը՝ լացով ու ողբով, որ Նա այլևս չի նայում ձեր ընծային և հաճությամբ չի ընդունում ձեր ձեռքից։ Բայց դուք ասում եք՝ ինչու՞ համար։ Նրա համար, որ Տերը վկայում է քո և քո երիտասարդության կնոջ մեջտեղը, որի դեմ դու անհավատարիմ ես եղել. սակայն նա քո ընկերն է և քո ուխտի կինը»։

Ակնհայտ է, որ Իսրայելի անկումը կապված չէր կրոնավորության պակասի հետ. նրանք «ծածկում էին արտասուքով Տիրոջ սեղանը»։ Չնայած նրանց բոլոր աղոթքներին, նրանց ամուսնությունները ձախողվում էին։ Այսօր մենք բավականին հաճախ ենք առնչվում նման իրավիճակների հետ։ Մարդիկ կարող են շատ ակտիվ լինել կրոնական գործողությունների մեջ, սակայն հաջողություն չունենալ իրենց ամուսնության մեջ։ Նրանց կրոնական գործունեությունը հաջողություն չի բերում իրենց ընտանիքներում։ Եվ իրոք, ընտանիքից դուրս կրոնական չափից դուրս զբաղվածությունը կողմերից մեկի կամ երկուսի մասնակցությամբ, երբեմն իրական պատճառ է դառնում ամուսնության անհաջողության համար։

Իսրայելի անկման էությունը զետեղված է Մաղաքիայի 2:14 խոսքի վերջում. «սակայն նա… քո ուխտի կինն է»։ Իսրայելը ամուսնությունը դիտում էր որպես մի փոխհարաբերություն, որոնցում կարելի է վարվել սեփական հայեցողությամբ, օրինակ՝ ազատորեն նախաձեռնել կամ էլ վերջ տալ ամուսնությանը։ Սակայն Աստված հիշեցրեց նրանց, որ Նա բացարձակ այլ ձև է նայում ամուսնությանը։ Համաձայն Իր անփոփոխ նախասահմանվածության, ամուսնությունը ուխտ է, և հենց դրա մեջ է այն միակ գաղտնիքը, որը կարող է երաշխավորել ամուսնական հարաբերությունների հաջողությունը։ Երբ այս գաղտնիքը մոռացվում կամ արհամարհվում է, ամուսնությունը կորցնում է իր սրբությունը և հետևաբար նաև իր ուժն ու ամրությունը։ Շատ բաներ, որոնք մենք տեսնում ենք ժամանակակից մեր հասարակության մեջ, կարելի է զուգահեռներ անցկացնել Մաղաքիայի ժամանակների Իսրայելի հետ, և գլխավոր պատճառը միևնույն բանն էր՝ սխալ հայացք ամուսնության հանդեպ։