ԺԱՄԵՐ ԵՎ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Հոգով մկրտված շատ հավատացյալներ իրենց սեփական պատկերացումն ունեն ազատության մասին: Ոմանց համար ազատությունը բղավելու մեջ է: Ըստ այդմ, եթե մենք կարողանայինք բավականաչափ բարձր և երկար գոռալ, կթվար, թե ազատությունը վաստակել ենք: Բայց  մենք չենք կարող Սուրբ Հոգին վաստակել. Նա կա՛մ վերից է  իջնում, կա՛մ ներսից բխում: Երկու դեպքում էլ Նրա դրսևորումն ազատ և ինքնքբուխ է, երբեք աշխատատար կամ  հոգնեցուցիչ չէ: Հոգով մկրտված այլ հավատացյալներ ամբողջ շեշտը դնում են այլ արտահայտչաձևերի կամ դրսևորումների` երգելու, ծափահարելու կամ պարելու վրա: Շատ դեպքերում պատճառն այն է, որ Աստված իրենց օրհնել է դրանց միջոցով, և նրանք  հավատում են, որ Աստծո օրհնությունը միշտ պետք է  հենց այդ և ոչ թե որևէ այլ կերպ  շարունակվի: Մի անգամ Տերը նրանց օրհնել է բարձրաձայն աղաղակելու ժամանակ, դրա համար էլ նրանք ուզում են միշտ աղաղակել: Կամ, մի անգամ Տերը նրանց պարելով է օրհնել, նրանք միշտ ուզում են պարել:

Նրանք Սուրբ Հոգու վերաբերյալ այնպես են սահմանափակել իրենց հայացքներն ու գաղափարները, որ երբեք չեն կարող Աստծո օրհնությունը որևէ այլ կերպ հասկանալ: Շատ հաճախ նրանք նույնիսկ արհամարհում են այն հավատացյալներին, ովքեր չեն միանում իրեց՝ պարելու, աղաղակելու կամ ծափ տալու մեջ: Նրանք նույնիսկ ակնարկում են, որ այդ հավատացյալներն իրականում «Հոգու մեջ ազատ» չեն:

Եկեք զգույշ լինենք և ավելացնենք, որ աղաղակելու, պարելու կամ ծափահարելու մեջ Աստվածաշնչին հակասող ոչինչ չկա: Աստվածաշնչի մեջ շատ պարզ և հստակ օրինակներ կան Աստծո ժողովրդի՝ Իրեն բոլոր այդ ձևերով պաշտելու մասին: Բայց, իհարկե սուրբգրային չէ, նաև անմտություն է մտածել, որ այդ ձևերից որևէ մեկը պարտադիր կերպով իրենից հոգևոր ճշմարիտ, իրական ազատության ապացույցը լինի:

Այն մարդն, ով հավատում է, որ նա պետք է միշտ Աստծուն երկրպագի աղաղակելով, բացականչելով կամ ծափ տալով, ապա նա այլևս հոգևոր ճշմարիտ ազատություն չի վայելում, ընդհակառակը նա վերադառնում է կրոնական գերության մի ձևի, որն ինքն է ստեղծել: Այդպիսի մարդը նման է գերի դարձած այնպիսի քրիստոնյայի, ով կրոնական սանդղակի մյուս կողմում է գտնվում և Աստծուն գրված պատարագի և բառերի ձևից բացիերկրպագելու ուրիշ ոչ մի այլ ձև չգիտի:

Մենք հոգևոր ճշմարիտ ազատության մի հրաշալի բանալի ենք գտնում Սողոմոնի խոսքերի մեջ.

«Ամեն բան իր ժամանակն ունի, ու երկնքի տակ եղող ամեն ձեռնարկ՝ ի ժամանակը: Ծնվելու ժամանակ, և մեռնելու ժամանակ տնկելու ժամանակ և տնկվածն արմատախիլ անելու ժամանակ: Սպանելու ժամանակ և բժշկելու ժամանակ, քանդելու ժամանակ և շինելու ժամանակ, լալու ժամանակ, և ծիծաղելու ժամանակ, սգալու ժամանակ և պարելու ժամանակ, քարերը գցելու ժամանակ և քարեր հավաքելու ժամանակ, գրկելու ժամանակ և գրկից հեռացնելու ժամանակ, փնտրելու ժամանակ և կորցնելու ժամանակ և դեն գցելու ժամանակ, պատառելու ժամանակ և կարելու ժամանակ, լռելու ժամանակ և խոսելու ժամանակ: Սիրելու ժամանակ, և ատելու ժամանակ, պատերազմի ժամանակ և խաղաղության ժամանակ»:

Ժողովող 3:1-8

Այստեղ Սողոմոնը գործունեության 28 ձևեր է նշում, որոնք իրեցից  24 զույգ հակասություններ են ներկայացնում: Յուրաքանչյուր հակադիր զույգի մեջ ճիշտ է մեկն իր ժամանակին անել, մյուսն էլ՝ իր: Մենք երբեք չենք կարող բացարձակապես վստահ լինել և  ասել, որ մեկն անելը միշտ ճիշտ է, իսկ մյուսն անելը՝ սխալ: Անկախ այն բանից, թե դրանցից որն է ճիշտ և որը սխալ, ժամանակ է որոշում:

Այս հակադիր զույգերից շատերը վերաբերում են հավաքույթի երկրպագությանն ու կյանքին, ինչպես օրինակ «տնկելը կամ տնկածը պոկելը, սպանելը կամ բժշկելը, քանդելը կամ կառուցելը, լացելը կամ ծիծաղելը, սգալը կամ  պարելը, դեն գցելը կամ ժողովելը, լռելը կամ խոսելը»:

Սրանցից ոչ մեկը բացառապես ճիշտ կամ սխալ չէ: Յուրաքանչյուրը ճիշտ է, եթե ճիշտ ժամանակին է արվում, և սխալ, եթե ոչ ճիշտ ժամանակին է արվում:

Ուրեմն, մենք ինչպե՞ս կիմանանք, թե ի՞նչ և ե՞րբ պիտի անենք: Պատասխանը հետևյալն է` տեղ տալ Սուրբ Հոգուն, որպեսզի Նա եկեղեցում գերիշխան և ինքնիշխան Տեր լինի: Նա հայտնում է և ցույց է տալիս թե ինչ անել, ինչպես անել և երբ անել: Սուրբ Հոգով առաջնորդվող համայնքը ճիշտ ժամանակին ճիշտ կերպ կվարվի: Սա է ճշմարիտ ազատության, ներդաշնակության և միասնության աղբյուրը: Սրանից դուրս միայն գերության, տարաձայնության և անհամաձայնության տարբեր աստիճաններ և ձևեր  կան:

«Քրիստոսի վարդապետության հիմքերը» գրքից

(պատրաստվում է տպագրության)