Հիշենք, որ փառավորված Քրիստոս նստելու է Իր դատաստանի աթոռին, և մեզանից յուրաքանչյուրն անխուսափելիորեն Նրա դիմաց է կանգնելու: Մենք տեսնելու ենք Նրան, ինչպես որ Հովհաննեսը տեսավ Նրան իր տեսիլքի մեջ` Պատմոս կղզում գտնվելու ժամանակ:

«Նրա գլուխն ու մազերը` բրդի պես էին ու ճերմակ` ձյան պես, և Նրա աչքերը` կրակի բոցի պես. և Նրա ոտքերը` ոսկեպղնձի նման, որ կարծես հնոցի մեջ վառվել էին, և Նրա ձայնը նման էր շատ ջրերի ձայնին»:

Հայտնություն 1:14-15

Այստեղ Քրիստոսի «ոսկեպղնձի նման ոտքերը» խորհրդանշում են նեղության կրակը, որով Նա դատելու է ամբարիշտների մեղսալի գործերը, իսկ Նրա «կրակի բոցի պես աչքերը» խորհրդանշում են խորքերը թափանցող և կլանող այն հայացքը, որով Նա փորձելու և գնահատելու է Իր ժողովրդի գործերը: Այդ բոցավառ աչքերի լույսի մեջ ակնթարթորեն և հավիտենապես ոչնչանալու են Նրա ժողովրդի ամեն ցածրակարգ, քիչ գին ունեցող և ոչ անկեղծությամբ արված ամեն բան:

Միայն այն կմնա, ինչը որ ճշմարիտ է և հավիտենական արժեք ունի և անցել ու զտվել է կրակի միջով` դիմանալով փորձությանը:

Դիտարկելով դատաստանի վերաբերյալ այս փուլը` մեզանից յուրաքանչյուրը կարիք ունի ինքն իրեն հետևյալ հարցը տալ. «Ինչպե՞ս ծառայել Քրիստոսին այս կյանքում, որ իմ գործերը կրակի փորձության միջով անցնեն այդ օրը»: Երեք կետեր կան, որոնցով մենք պետք է ինքներս մեզ քննենք: Դրանք են` մեր շարժառիթները, հնազանդությունը և զորությունը:

1. Առաջին հերթին, մենք պետք է քննենք մեր շարժառիթներն ու դրդապատճառները

Մեր ծառայության նպատակն ինքներս մեզ հաճեցնելը, մեզ բավարարված զգալն ու մեր անձը փառավորելու համա՞ր է, թե՞ մենք իսկապես և անկեղծորեն ձգտում և փափագում ենք Քրիստոսին փառավորել և Նրա կամքն անել:

2. Մենք կարիք ունենք հնազանդության տեսանկյունից էլ ինքներս մեզ քննել

Արդյոք մենք ծառայում ենք Քրիստոսին Աստծո Խոսքի մեջ եղած սկզբունքների՞ համաձայն, թե՞ ծառայության և երկրպագության մեր սեփական մեթոդներն ենք կիրառում` վերագրելով դրանք Քրիստոսի անվանը, կրոնական տիտղոսներին ու ընդունված արտայատություններին:

3. Մեզ պետք է քննենք նաև զորության առումով

1-ին Կորնթացիներին 4:20-ում Պողոսը մեզ հիշեցնում է. «Որովհետև Աստծո արքայությունը ոչ թե խոսքով է, այլ` զորությամբ»: Մենք արդյոք փափագո՞ւմ ենք ծառայել Աստծուն մեր մարմնավոր զորությամբ, թե՞ Սուրբ Հոգով ենք թարմանում և ամրապնդվում: Եթե այդպես է, ապա մենք կարող ենք Պողոսի նման հայտարարել.
«Այդ նպատակով ես նույնպես աշխատում եմ ջանք թափելով` ըստ Նրա ներգործության, որ զորությամբ գործում է իմ մեջ»:
Կողոսացիներին 1:29
Մեր շարժառիթների, հնազանդության և զորությանը վերաբերող հարցերի պատասխանից է կախված լինելու մեր այդ օրվա դատաստանը, երբ բոլորս կանգնենք Նրա ատյանի առաջ:

«Քրիստոսի վարդապետության հիմքերը» գրքից. շուտով