Մաթևոսի 7։15-ում Հիսուսը նախազգուշացնում է մեզ՝ կապված սուտ մարգարեների հետ.

«Զգու՛շ կացեք սուտ մարգարեներից, որ գալիս են ձեզ մոտ ոչխարների հանդերձներով, բայց ներսից՝ հափշտակող գայլեր են»: Մաթ. 7։15

Գայլը ոչխարների բնական թշնամին է, և ոչխարը ներկայացնում է ճշմարիտ հավատացյալներին։ Գայլը, որը գալիս է ոչխարի հանդերձներով, մոլորեցնողն է, մեկը, ով իրեն ներկայացնում է որպես իրական քրիստոնյա, բայց այդպիսին չէ։ Հիսուսը շարունակում է.

«Իրենց պտուղներից կճանաչեք նրանց: Մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ»: Մատթ. 7։16

Քանի՞ անգամ մենք պետք է մեր մատը փշերի մեջ մտցնենք՝ հուսալով խաղող քաղել, մինչև հասկանանք, որ ինչ-որ մեկը սուտ մարգարե է։

Ամփոփելով Հիսուսը մեզ վճռորոշ թեստ է առաջարկում՝ պտուղը փորձել.

«Այսպես էլ ամեն բարի ծառ բարի պտուղ է տալիս, և չար ծառը չար պտուղ է տալիս: Բարի ծառը չի կարող չար պտուղ տալ, ոչ էլ չար ծառը՝ բարի պտուղ տալ: Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում է և կրակի մեջ գցվում: Ուրեմն, իրենց պտուղներից կճանաչեք նրանց»: Մատթ. 7։17-20

Պտուղի և պարգևների տարբերությունը կարող ենք հասկանալ՝ համեմատելով տոնածառը և խնձորենին։ Պարգևները տոնածառի վրա են կախվում մեկ գործողությամբ և նույն կերպ վերցվում են դրա վրայից մեկ գործողությամբ։ Հասունացման կամ աճի որևէ գործընթաց չի պահանջվում։

Մյուս կողմից՝ խնձորենու պտուղը առաջանում է մի գործընթացի արդյունքում, որը տեղի է ունենում ժամանակի ընթացքում։ Այդ գործընթացը ներառում է տնկելը, ջրելը, խնամելը, մշակելը և ի վերջո պտուղը հավաքելը։ Ակնթարթորեն առաջացող պտուղ չի լինում։

Հոգևոր իրականության մեջ այն պտուղը, որ մենք պետք է փնտրենք, քրիստոնեական բնավորությունն է։ Այս բնավորությունը զարգանում է մի գործընթացի արդյունքում, որը ներառում է փորձությունները և կարգապահությունը։ Վերջնական արդյունքը աշակերտն է։ Պողոսը սա նկատի ուներ, երբ խոսում էր Տիմոթեոսի մասին Փիլիպեցիների 2։22-ում.

«Բայց դուք գիտեք նրա փորձված բնավորությունը, որ ինչպես մի որդի իր հորը, այնպես ինձ հետ ծառայեց Ավետարանին»: Փիլիպ. 2։22

Եթե մենք հոգևոր իրականությանը մոտենում ենք՝ փնտրելով միայն ակնթարթայինը, մենք մեզ բացում ենք մոլորության առջև։ Ոչ ոք դեռ ակնթարթումթուզ կամ խաղող չի տվել։ Եթե որևէ մեկը այսպիսի բան է առաջարկում մեզ, ապա մենք պետք է անմիջապես զգուշություն անենք։ Նմանապես մենք պետք է նաև զգուշանանք այն ծառայություններից, որոնք կենտրոնանում են միայն պահի ազդեցության տակ առաջացող արդյունքներին, որոնք ազդում են մեր զգացմունքների վրա։

Հիսուսը ակնհայտ տարբերություն է դնում երկու տեսակի ծառերի միջև. բարի ծառը չի կարող չար պտուղ տալ, չար ծառը չի կարող բարի պտուղ տալ։ Սա գործնական կիրառություն ունի։ Երբ էլ որ մենք հանդիպում ենք չար պտուղի, գիտենք, որ դրա աղբյուրը չար ծառ է։ Մենք կարիք ունենք ճանաչելու չար ծառը և համապատասխան վերաբերմունք ցույց տալու դրան։

Հիսուսը, բարի պտուղ չտվող ծառերի հետ կապված, իր խոսքն ամփոփում է սարսափելի զգուշացումով.«Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տալիս, կտրվում է և կրակի մեջ գցվում (Մաթ. 7:19)»:

Աստված բարի պտուղ է պահանջում։ Այն ծառերը, որոնք չար պտուղ են տալիս և նրանք, որ պտուղ չեն տալիս, ընկնում են միևնույն դատաստանի տակ։ Նրանց վերջնական տեղը դժոխքի կրակն է։

Հատված «Դատել. ե՞րբ, ինչո՞ւ, ինչպե՞ս» գրքից

(պատրաստվում է տպագրության)