Վերջերս մեր ծառայության գործընկերներից մեկը մեզ շնորհակալական մի նամակ էր գրել։ Նամակի վերջում նա հարցրել էր. «Ինձ հետաքրքիր է, թե Դերեկն ինչպես կարձագանքեր կորոնավիրուսային այս իրավիճակին, եթե նա ողջ լիներ»։

Այս հարցը միգուցե հուզում է նաև ձեզ։ Այդ իսկ պատճառով ցանկանում ենք բաժնեկցել ձեզ հետ մի հատվածով, որը վերցված է Դերեկի «Ավետարանի սպիտակ ձին» վիդեոպատգամից, որը, հավատում ենք, վերաբերում է ներկա իրավիճակին և Հիսուսի վերադարձին։

Ահա  թե ինչ է ասել Դերեկը.

«Եկե՛ք անդրադառնանք Նոր Կտակարանում գտնվող որոշ մարգարեություններին, որոնք վերաբերում են մեր ներկա ժամանակաշրջանին։ Եվ այս մարգարեությունների սկզբնակետը գտնվում է այն խոսքերում, որոնք խոսվել են Հիսուսի կողմից Ձիթենյաց լեռան վրա և որոնք արձանագրված են Մատթեոսի 13, Մարկոսի 13 և Ղուկասի 21 գլուխներում:

«Լսելու եք պատերազմների ձայներ ու պատերազմների լուրեր։ Տեսե՛ք, որ չսարսափեք, որովհետև այդ ամենը պետք է լինի, սակայն դա դեռ վերջը չէ։ Ազգն ազգի դեմ վեր կկենա, և թագավորությունը՝ թագավորության դեմ. լինելու են սով և տեղ առ տեղ երկրաշարժեր։ Բայց այս ամենը սկիզբն է երկունքի»։

Այս բոլոր իրադարձությունները ծննդկանի ցավերի սկիզբն են։ Գիտենք, որ երբ ծննդկանի ցավերը սկսվում են, դրանք գնալով ավելի հաճախակի և ավելի պարբերաբար են դառնում, երբ մոտենում է ծննդաբերության պահը։ Ահա  թե ինչպես է լինելու երկրի վրա։ Կյանքն ավելի դյուրին չի դառնալու։ Այն պահից, երբ սկսվել են ծննդկանի ցավերը, որևէ կերպ հնարավոր չէ այդ ընթացքը հետ շրջել։ Այն կշարունակվի այնքան, մինչև լինի ծննդաբերությունը։

Ծննդաբերության այս ցավերի արդյունքը լինելու է երկրի վրա Աստծու թագավորության հաստատումը։

Եկե՛ք անդրադառնանք Ղուկասի ավետարանի 21-րդ գլխին, որը Մատթեոսի 24 գլխի զուգահեռն է։ Ղուկասի 21:28.

«Եվ երբ այս բաներն սկսեն լինել…»։

«Այս բաները» ծննդկանի ցավերն են։ Սակայն ինչպե՞ս պետք է դուք և ես վերաբերվենք այս ցավերին։ Արդյոք պետք է ապաստարա՞ն փնտրել, արդյոք պետք է խնդրել, որ Աստված մտափոխվի՞։

Ճիշտ պատասխանը գտնվում է Աստծու Խոսքում.

«…վե՛ր նայեք ու ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև ձեր փրկությունը մոտ է»։

Ձեր վերաբերմունքը իմ ասածի հանդեպ,- ասում է Դերեկ Պրինսը,- որոշում է, թե դուք արդյոք իրապես սպասո՞ւմ եք Տիրոջ վերադարձին, թե՞ ոչ։ Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է բաղձանքով սպասենք Նրա վերադարձին»։

Այսպիսով, եթե մենք արձագանքելու լինեինք այս ուսուցմանը, ո՞րն է լինելու մեր վերաբերմունքը։ Արդյո՞ք մեր արձագանքը կլինի այն, որ մենք, ճանաչելով ծննդականի ցավերը, կասենք.

– Փա՜ռք Տիրոջը, Նրա նպատակները սկսել են ի կատար ածվել երկրի վրա։

Եվ եթե դուք «ամեն» ասեք դրան, ապա դուք և ես կարիք ունենք մեր ուշադրությունը վերասևեռելու՝ ամեն ցեղին և ազգին Հիսուսի բարի լուրը հասցնելու հանձնարարականն անելու վրա։

Մատթեոս 24:14. «Եվ արքայության այս Ավետարանը քարոզվելու է ամբողջ աշխարհով՝ որպես վկայություն բոլոր հեթանոսներին, և այդ ժամանակ գալու է վերջը»։»։