Աստվածաշնչյան բարգավաճումը

(հատված «Ինչո՞ւ հենց ինձ հետ» գրքից/Դերեկ Պրինս)

Եթե դուք ուզում եք ունենալ բարգավաճման աստվածաշնչյան պատկերը, ապա այն չի համապատասխանում ժամանակակից  ամերիկյան տեսակետին, որը հաճախ իր մեջ ներառում է Մերսեդես Բենզ ավտոմեքենա, մոդայիկ հագուստներ, Ռոլեքս ժամացույցներ և շատ փող: Ես սրանցից որևէ մեկին դեմ չեմ, բայց դրանք չեն ներկայացնում այն բարգավաճումը, որի մասին խոսվում է Աստվածաշնչում: Սուրբ Գրքում բարգավաճումը քեզ հանձնարարված առաջադրանքը հաջողությամբ կատարելն է, ինչպես հռոմեացի գեներալի դեպքում, որն ուղարկված էր պատերազմելու: Երբ նա պարտության էր մատնում թշնամուն և նոր տարածքներ էր ավելացնում կայսրությանը, այն ժամանակ կարելի էր ասել, որ նա հաջողությամբ կատարել էր իր առաջադրանքը: Եթե դուք այսպես եք հասկանում բարգավաճման նշանակությունը, ուրեմն կարող եք սկսել աստվածաշնչյան բարգավաճում ակնկալել, եթե իհարկե, կատարեք պայմանները:

Եթե բարգավաճման ժամանակակից տեսակետը ճիշտ լիներ, ուրեմն Հիսուսն ու նրա առաքյալները ամենաձախողակ մարդիկ էին: Ինչո՞ւ: Որովհետև նրանք երբեք չեն բարգավաճել` ամերիկյան չափանիշների համեմատ:

Կարո՞ղ եք կատարել պայմանները

Մի քանի տարի առաջ Գանայում քարոզում էի ծառայողական պարգևների` առաքյալների, մարգարեների, ավետարանիչների, հովիվների և վարդապետների մասին: Եվ ինձ մի խումբ ջերմեռանդ երիտասարդներ էին լսում, այնպես որ ես հարցրի. «Քանի՞սդ կցանկանայիք առաքյալ լինել»: Նրանցից շատերը բարձրացրին ձեռքերը, իսկ ոմանք նույնիսկ կանգնեցին, որպեսզի ցույց տային իրենց խանդավառությունը:

«Լա՛վ, ասացի ես,- մինչ դուք կընդունվեք, թույլ տվեք տալ ձեզ աշխատանքի նկարագրությունը»: Այնուհետև ես կարդացի 1-ին Կորնթացիներին 4:7-13-ը: Պողոսը, գրելով կորնթացիներին, ասում է.

«Որովհետև ո՞վ է քեզ տարբերում ուրիշից. ի՞նչ ունես դու, որ չես ստացել, և եթե ստացել ես, ինչո՞ւ ես չստացողի պես պարծենում: Արդեն կշտացե՞լ եք, արդեն հարստացա՞ք, առանց մեզ թագավորեցի՞ք: Եվ երանի՜ թե թագավորեիք, որ մենք էլ ձեզ հետ թագավորեինք: Որովհետև ինձ այնպես է թվում, թե Աստված մեզ` առաքյալներիս, հետինների դասին կարգեց մահապարտների պես»:

1-ին Կորնթացիներին 4:7-9

Պողոսը մի տեսարան է պատկերում, որտեղ գերիներին տանում են արենա` մահապատժի ենթարկելու, և առաքյալներն այդ շարքի հետիներն են.

«Մենք տեսարան դարձանք ամբողջ տիեզերքին` և՛ հրեշտակներին, և՛ մարդկանց: Մենք Քրիստոսի համար հիմար համարվեցինք, իսկ դուք` իմաստուն Քրիստոսով, մենք` տկար, իսկ դուք` զորավոր, դուք` փառավորված, իսկ մենք` անարգված: Մինչև օրս մնում ենք քաղցած, ծարավ, մերկ, ծեծվում ենք և աստանդական շրջում: Եվ վաստակում ենք` մեր ձեռքերով աշխատելով: Մեզ զրպարտում են, իսկ մենք օրհնում ենք, հալածում են, դիմանում ենք: Վարկաբեկում են, մենք մխիթարում ենք, երկրի տականք ենք դարձել, աշխարհի` աղբ»:

1-ին Կորնթացիների 4:9-13

Այս համարները կարդալուց հետո ես ասացի այդ երիտասարդներին. «Հիմա քանի՞սդ եք ցանկանում առաքյալ լինել»: Նրանց մի մասը դարձյալ կանգնեց, սակայն ոչ այնքան, որքան առաջին անգամ: Այդ համարների ճշմարտությունն իմանալով` քանի՞սս կցանկանայինք առաքյալ լինել:

Բարգավաճման աստվածաշնչյան օրինակներ

Այսպիսով, եկեք հարցնենք. ինչպիսի՞ բարգավաճում են ունեցել առաքյալները: Դա այն չէր, ինչ ամերիկացիները բարգավաճում են անվանում: Բայց առաքյալները բարգավաճել են, որովհետև նրանք հաջողությամբ կատարել են Աստծու կողմից իրենց հանձնարարված առաջադրանքը: Դա է բարգավաճումը:

Ահա երեք հատված, որտեղ բարգավաճում բառն օգտագործվում է Սուրբ Գրքում:

Հեսուի օրինակը

Ինչպես արդեն նշեցի, Հեսուի 1:8:

«…Եվ անես ամեն նրա (օրենքի) մեջ գրվածի պես, այն ժամանակ ճանապարհդ հաջողակ (բարգավաճ) կանես և հաջողություն կունենաս»:

Հեսուն ռազմական ղեկավար էր: Նա կադիլակ չէր վարում, այլ հավանաբար, ձի կամ ավանակ: Նա առաջին կարգի հյուրանոցներում չէր քնում, այլ բաց երկնքի տակ: Նա դժվարին, լարված և պատասխանատու գործ ուներ, որը պահանջում էր նրա ամբողջ կարողությունը և վճռականությունը: Բայց նա բարգավաճում էր ոչ թե ամերկյան չափանիշներով, այլ աստվածաշնչյան: Ինչպե՞ս. կատարելով այն առաջադրանքը, որի համար Աստված նշանակել էր իրեն:

Պողոսի օրինակը

Հռոմեացիներին 1:9-10-ում Պողոսը գրում է հռոմեացիներին.

«Անդադար հիշում եմ ձեզ` միշտ իմ աղոթքներում աղաչելով, որ գուցե ինձ երբևէ հաջողվի մի անգամ Աստծու կամքով ձեզ մոտ գալ»:

«Հաջողվի» բառը միևնույն հունարեն բառն է, որն օգտագործված է 3-րդ Հովհաննեսի 1:2-ում, որտեղ Հովհաննեսը գրում է.

«Սիրելի՛, աղոթում եմ, որ ամեն բանի մեջ հաջող և առողջ լինես, ինչպես քո հոգին է հաջող»:

Ինչպե՞ս պատասխանեց Աստված Պողոսի աղոթքին դեպի Հռոմ հաջող ճամփորդության համար: Նա չուղևորվեց շքեղ նավի առաջին կարգով` ապահովված լինելով ամեն տեսակ կերակուրներով և մատուցողներով: Նա ճանապարհ ընկավ որպես բանտարկյալ` շղթաներով կապված, մի նավով, որն անցավ տասնչորսօրյա հզոր փոթորկի միջով, երբ արևի շող անգամ չկար: Այնուհետև, երբ նրանք դուրս եկան փոթորկի միջից, Պողոսը և բոլոր ուղևորները նավաբեկության ենթարկվեցին Մալթա (Մելիտե) կղզու մոտ: Երբ նրանք ափ բարձրացան, խարույկ վառեցին: Եվ երբ Պողոսը վառելիք էր հավաքում, մի իժ բռնեց նրա ձեռքից: Արդյո՞ք դա հաջող ուղևորություն էր: Այո՛, այն հաջողակ էր այն իմաստով, որ նա չմահացավ նախ փոթորիկի մեջ, հետո օձի կծելուց: Այնուհետև Պողոսն աղոթեց կղզու առաջնորդի հոր համար, և նա բժշկվեց արյունալուծից: Արդյունքում կղզու շատ ուրիշ մարդիկ եկան բժշկություն ստանալու: Երեք ամիս անց նրանք վերջապես կարողացան վերականգնվել և նավարկեցին դեպի Հռոմ: Մեր արևմտյան հանրահայտ չափանիշների համաձայն՝ մենք կասեինք, որ դա հաջող ճամփորդություն չէր: Այնուամենայնիվ, դա հաջող էր, որովհետև Պողոսը կատարում էր Աստծու նպատակները: Եվ ոչ միայն դա. երկու հարյուր յոթանասունյոթ այլ մարդիկ փրկվեցին, և շատերը բժշկվեցին Պողոսի շնորհիվ: Հուսամ, դուք սկսում եք հասկանալ, թե Աստվածաշունչն ինչ նկատի ունի, երբ խոսում է բարգավաճման մասին: Աստծու նպատակը մեզ համար բարգավաճումն է: Բայց Նոր Կտակարանը չի խոսում այն մասին, որ մեզ համար նախախնամություն կա բարգավաճելու ժամանակակից նյութապաշտական չափանիշներով: