Ղուկասի տասներկուերորդ գլխում Հիսուսն առակ պատմեց մի մարդու մասին, որը հենց այս տեսակ սխալ վերաբերմունք ուներ՝ անկախ լինելու հակվածություն, որն, ըստ էության, հպարտություն է: Մինչև մենք չհասկանանք հպարտության էությունը, չենք կարողանա, այս առակը կարդալով, ըմբռնել հարուստ մարդու իսկական սխալը:

«Եվ նրանց մի առակ պատմեց ու ասաց. «Մի հարուստ մարդու արտն առատ պտուղ տվեց։ Նա ինքն իր մեջ մտածում էր ու ասում. “Ի՞նչ անեմ. տեղ չունեմ, որ իմ պտուղներն այնտեղ հավաքեմ։ Եվ ասաց. “Այս կանեմ. իմ շտեմարանները կքանդեմ, ավելի մեծերը կշինեմ և իմ ամբողջ բերքն ու բարիքներն այնտեղ կամբարեմ։ Եվ ինքս ինձ կասեմ՝ ո՛վ մարդ, շատ տարիների համար ամբարված բազում բարիքներ ունես. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր, զվարճացի՛ր»:

Ղուկասի 12:16-19

Երբևէ լսե՞լ եք, որ մեր ժամանակակից աշխարհում մարդիկ այսպես խոսեն: Այն, ինչ այս մարդն ասաց, իրականում արտացոլում է այսօրվա մեր հասարակության վերաբերմունքը: Այժմ եկեք ավարտենք այս առակը:

«Բայց Աստված նրան ասաց. “Անմի՛տ, հենց այս գիշեր հոգիդ քեզանից պահանջելու են. ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու։ Նույնպես է նաև նա, ով իր անձի համար գանձ է դիզում, բայց Աստծո՛վ չէ հարուստ»:

Ղուկասի 12:20-21

Աստված այդ հարուստ մարդուն անմիտ կոչեց, սակայն նա անում էր հենց այն, ինչ միլիոնավոր մարդիկ անում են մեր ժամանակակից քաղաքակրթության մեջ: Նա հոգ էր տանում իր անձի մասին: Ինչ որ առումով նա շրջահայաց էր: Նա լավ տնտեսվար էր: Սեփական դաշտից առատ բերք ստանալու նրա կարողությունը գովասանքի էր արժանի: Երբ նա զգաց, որ ավելի մեծ շտեմարանների կարիք ունի, բավականաչափ հեռատեսություն և հմտություն դրսևորեց, որպեսզի կառուցեր դրանք:

Շատ մարդիկ նրան բավականին հարգարժան և խելամիտ անձնավորություն կհամարեին: Ի դեպ, նա հեշտությամբ կարող էր եկեղեցի հաճախող լինել և ընդունված մեր ժամանակակից եկեղեցիներից շատերում: Այս նույն վերաբերմունքը նկատվում է այսօրվա միլիոնավոր քրիստոնյաների և եկեղեցի հաճախողների մոտ:

Այսպիսով, ո՞րն էր խնդիրը: Ինչո՞ւ նա անմիտ կոչվեց: Ո՞րն էր նրա մեղքի էությունը: Ահա իմ պատասխանը. նա գործում էր այնպես, որ կարծես Աստծուց անկախ էր: Նա չէր ընդունում այն փաստը, որ ինքն իր յուրաքանչյուր շնչի համար կախված էր Աստծուց: Նա չէր ընդունում, որ կախված էր Աստծուց իր ցանած սերմերի աճելու և բերքատվության համար, ինչպես նաև իր առողջության և կարողության համար: Իր կյանքում ունեցած ամեն ինչի համար նա վերջնական արդյունքում կախված էր Աստծուց: Այդուհանդերձ, նա չէր տեսնում կամ ընդունում իր կախվածությունը: Նա փորձում էր ապրել այնպես, կարծես ինքն անկախ էր: Այդ վերաբերմունքի արմատը հպարտությունն է: Աստծուց անկախ լինելու ցանկությունն ըստ էության հպարտություն է:

Դերեկ Պրինս

«Հպարտությունն ընդդեմ խոնարհության» գրքից

Պատրաստվում է տպագրության