ՆԵԵՄԻԱ8
  • 1Եւ բոլոր ժողովուրդը ժողովուեցաւ մէկ մարդի պէս այն հրապարակը որ Ջրի դռան առաջին է, եւ ասեցին Եզրաս դպրին, որ Մովսէսի օրէնքի գիրքը բերէ, որ Տէրը հրամայեց Իսրայէլին։
  • 2Եւ Եզրաս քահանան բերաւ օրէնքը ժողովքի առաջին, որ բաղկացած էր մարդից մինչեւ կին եւ ամեն հասկանալու կարողութիւն ունեցողներից՝ եօթներորդ ամսուայ առաջին օրը։
  • 3Եւ կարդաց նորանից այն հրապարակում որ Ջրի դռան առաջին է, առաւօտից մինչեւ կէսօր մարդկանց, կանանց եւ հասկացողների առաջին. Եւ բոլոր ժողովրդի ականջը տրուած էր օրէնքի գրքին։
  • 4Եւ Եզրաս դպիրը կանգնած էր մի փայտի բեմի վերայ, որ շինել էին այս բանի համար եւ նորա մօտ կանգնել էին Մատաթիան, Սեման, Անանիան, Ուրիան, Քեղկիան եւ Մաասիան աջ կողմին. Եւ նորա ձախ կողմին՝ Փադայիան, Միսայէլը, Մեղքիան, Հասումը, Ասբադանան, Զաքարիան և Մեսուղամը։
  • 5Եւ Եզրասը բացաւ գիրքը բոլոր ժողովրդի աչքի առաջին, որովհետեւ ինքը բոլոր ժողովրդիցը վեր էր, եւ երբոր բացաւ, բոլոր ժողովուրդը կանգնեց։
  • 6Եւ Եզրասն օրհնեց Եհովայ մեծ Աստուծուն. Եւ բոլոր ժողովուրդը պատասխանեցին. Ամէն, Ամէն, իրանց ձեռքերը բարձրացնելով, եւ խոնարհուելով երեսի վերայ մինչեւ գետինը երկրպագութիւն արին Տիրոջը։
  • 7Եւ Յեսուն, Բանին, Սարաբիան, Յամինը, Ակկուբը, Սաբեթան, Ովդիան, Մաասիան, Կովղիտան, Ազարիան, Յովզաբադը, Անանը, Բաղայիան եւ Ղեւտացիք օրէնքը հասկացնում էին ժողովրդին. Եւ ժողովուրդը կանգնած էր իր տեղը։
  • 8Եւ կարդում էին Աստուծոյ օրէնքի գրքումը յստակ, եւ բացատրութիւն տալով հասկացնում էին կարդացածը։
  • 9Եւ Նէեմիան, որ է Աթարսաթան, եւ Եզրաս քահանան և դպիրը՝ եւ Ղեւտացիք որ ժողովրդին հասկացնում էին, ասեցին բոլոր ժողովրդին. Այս օրը սուրբ է ձեր Տէր Աստուծոյ համար, սուգ մի անէք եւ մի լաք, որովհետեւ բոլոր ժողովուրդը լաց էին լինում երբոր լսում էին օրէնքի խօսքերը։
  • 10Եւ նորանց ասեց. Գնացէք՝ պարարտ բաներ կերէք եւ անոյշ բաներ խմեցէք, եւ բաժիններ ուղարկեցէք պատրաստութիւն չ’ունեցողին. Որովհետեւ այս օրը սուրբ է մեր Տիրոջ համար. Եւ մի տրտմիք, որովհետեւ Տիրոջ ուրախութիւնը ձեր զօրութիւնն է։
  • 11Եւ Ղեւտացիք լռեցրին բոլոր ժողովրդին՝ ասելով. Լռեցէք, որովհետեւ այս օրը սուրբ է, եւ մի տրտմիք։
  • 12Եւ բոլոր ժողովուրդը գնաց ուտելու, խմելու եւ բաժիններ ուղարկելու եւ մեծ ուրախութիւն անելու, որովհետեւ հասկանում էին այն խօսքերը որ նորանց իմացնում էին։
  • 13Եւ երկրորդ օրը բոլոր ժողովրդի տոհմապետները, քահանաները եւ Ղեւտացիները ժողովուեցան Եզրաս դպրի մօտ, օրէնքի խօսքերը էլի հասկանալու համար։
  • 14Եւ գտան օրէնքումը գրուած, որ Տէրը պատուիրել էր Մովսէսի ձեռովը, թէ Իսրայէլի որդիքը եօթներորդ ամսին տաղաւարներում պիտի բնակուեն.
  • 15Եւ լուր տան եւ մունետիկ կանչել տան նորանց բոլոր քաղաքներումը եւ Երուսաղէմումն ասելով. Վեր ելէք սարը, եւ ձիթենիի ոստեր, եւ իւղի ծառի ոստեր, եւ մրտենիի ոստեր եւ արմաւենիի ոստեր եւ տերեւախիտ ծառերի ոստեր բերէք որ տաղաւարներ շինէք ինչպէս որ գրուած է։
  • 16Եւ գնացին ու իրանց համար տաղաւարներ շինեցին ամեն մարդ իր կտուրի վերայ եւ իրանց գաւիթներումը եւ Աստուծոյ տան գաւիթներումը, եւ Ջրի դռան հրապարակումը եւ Եփրեմի դռան հրապարակումը։
  • 17Եւ գերութիւնից ետ դարձողների բոլոր ժողովքը տաղաւարներ շինեցին եւ տաղաւարներումը բնակուեցին. Որովհետեւ Իսրայէլի որդիքը Նաւեան Յեսուի օրերից մինչեւ այն օրը այնպէս չէին արել. Եւ շատ մեծ ուրախութիւն եղաւ։
  • 18Եւ կարդում էին Աստուծոյ օրէնքի գրքումը ամեն օր՝ առաջին օրից մինչեւ վերջին օրը, եւ եօթը օր տօն կատարեցին, եւ ութերորդ օրը հանդիսաւոր ժողով էր ըստ կանոնին։
← Ցանկ