ՆԵԵՄԻԱ9
  • 1Եւ այս ամսի քսանեւչորսերորդ օրը ժողովուեցան Իսրայէլի որդիքը ծոմով, քուրձերով եւ իրանց վերայ հող.
  • 2Եւ ջոկուեցան Իսրայէլի սերունդ եղողները բոլոր օտարազգիներից, եւ կանգնած խոստովանում էին իրանց մեղքերը եւ իրանց հայրերի անօրէնութիւնները.
  • 3Եւ կանգնել էին իրանց տեղը, եւ կարդացին իրանց Եհովայ Աստուծոյ օրէնքի գրքիցը օրուայ քառորդը, եւ մի քառորդը խոստովանվում եւ երկրպագութիւն էին անում իրանց Տէր Աստուծուն։
  • 4Եւ բարձր տեղի վերայ կանգնել էին Յեսուն, Բանին, Կադմիէլը, Սաբանիան, Բունին, Սարաբիան, Բանին և Քենանին Ղեւտացիները, եւ մեծ ձայնով աղաղակում էին դէպի իրանց Տէր Աստուածը։
  • 5Եւ Յեսուն, Կադմիէլը, Բանին, Ասաբանիան, Սարաբիան, Ովդիան, Սաբանիան և Փեթայիան՝ Ղեւտացիները ասեցին. Վեր կացէք օրհնեցէք ձեր Տէր Աստուծուն յաւիտեանս յաւիտենից։ Օրհնեալ լինի քո փառաւորեալ անունը, որ ամեն օրհնութիւնից եւ փառաբանութիւնից բարձրեալ է։
  • 6Դու՝ միայն դու ես Եհովայ. դու ստեղծեցիր երկինքը, երկինքների երկինքը եւ երկրի բոլոր զօրքերը, եւ բոլոր նորա վերայ եղածը, ծովերը եւ բոլոր նորանց մէջ եղածը եւ դու ես նորանց բոլորին կենդանութիւն տուողը, եւ երկնքի զօրքերը քեզ երկրպագութիւն են անում։
  • 7Դու ես Եհովայ Աստուածը, որ ընտրեցիր Աբրամին եւ նորան հանեցիր Քաղդէացիների Ուրիցը եւ նորա անունը Աբրահամ դրիր։
  • 8Եւ նորա սիրտը հաւատարիմ գտար քո առաջին, եւ նորա հետ տալու համար ուխտ արիր, որ տաս նորա սերունդին Քանանացիների, Քետացիների, Ամօրհացիների, Փերեզացիների, Յեբուսացիների եւ Գերգեսացիների երկիրը. Եւ քո խօսքը հաստատեցիր. Որովհետեւ դու արդար ես։
  • 9Եւ տեսար մեր հայրերի նեղութիւնը Եգիպտոսումը, եւ նորանց աղաղակը լսեցիր Կարմիր ծովի մօտ։
  • 10Եւ նշաններ ու հրաշքներ արիր Փարաւօնի վերայ եւ նորա բոլոր ծառաների եւ նորա երկրի բոլոր ժողովրդի վերայ. Որովհետեւ գիտացիր որ ամբարտաւան եղան նորանց դէմ, եւ քեզ համար անուն հանեցիր՝ ինչպէս որ այսօր կայ։
  • 11Եւ ծովը ճղեցիր նորանց առաջին, եւ նորանք անց կացան ծովի միջովը զօրութիւնով, եւ նորանց հալածողներին խորերը խորտակեցիր՝ ինչպէս քարը՝ մեծ ջրերի մէջ։
  • 12Եւ ամպի սիւնովը առաջնորդեցիր նորանց, եւ կրակի սիւնով գիշերը՝ որ լուսաւորէիր նորանց գնալու ճանապարհը։
  • 13Եւ վայր իջար Սինա սարի վերայ եւ խօսեցիր նորանց հետ երկնքիցը, եւ նորանց տուիր ուղիղ իրաւունքներ եւ ճշմարիտ օրէնքներ, բարի կանոններ եւ պատուիրանքներ։
  • 14Եւ քո սուրբ շաբաթը հասկացրիր նորանց, եւ նորանց կանոններ եւ օրէնք պատուիրեցիր Մովսէս ծառայիդ ձեռովը։
  • 15Եւ երկնքիցը հաց տուիր նորանց՝ նորանք սովածանալիս, եւ նորանց համար ջուր հանեցիր ապառաժիցը՝ նորանք ծարաւելիս. Եւ նորանց ասեցիր որ մտնեն եւ ժառանգեն այն երկիրը, որը նորանց տալու համար ձեռքդ բարձրացրել էիր։
  • 16Բայց նորանք եւ մեր հայրերը ամբարտաւանացան եւ խստացրին իրանց պարանոցը եւ չ’լսեցին քո պատուիրանքները։
  • 17Եւ չ’ուզեցին լսել եւ չ’յիշեցին քո հրաշքները, որ արել էիր նորանց մէջ, եւ խստացրին իրանց պարանոցը. Եւ իրանց ապստամբութեամբը գլուխ նշանակեցին որ ետ դառնան իրանց ծառայութեան մէջ. Բայց դու ներող, ողորմած, գթած, երկայնամիտ եւ բազումողորմ Աստուած էիր եւ նորանց չ’ձգեցիր.
  • 18Մանաւանդ երբոր իրանց համար ձուլածոյ որթ շինեցին եւ ասեցին. Սա է քո աստուածը, որ քեզ Եգիպտոսից հանել է. Եւ մեծ անարգանք գործեցին։
  • 19Եւ դու քո մեծ ողորմութեամբը նորանց չ’ձգեցիր անապատումը. Ամպի սիւնը չ’հեռացաւ նորանց վերայից ցերեկը նորանց առաջնորդելով ճանապարհին, եւ կրակի սիւնը՝ գիշերը որ նորանց լոյս տայ եւ լուսաւորէ այն ճանապարհը որ գնում էին։
  • 20Եւ քո բարի հոգին տուիր նորանց իմաստուն անելու համար. Եւ քո մանանան չ’արգիլեցիր նորանց բերանիցը, եւ ջուր տուիր նորանց՝ նորանք ծարաւելիս։
  • 21Եւ քառասուն տարի նորանց կերակրեցիր անապատումը. Նորանք պակասութիւն չ’ունեցան, նորանց հանդերձները չ’մաշուեցան, եւ նորանց ոտքերը չ’ուռեցան
  • 22Եւ նորանց տուիր թագաւորութիւններ եւ ազգեր, եւ նորանց բաժիններ տուիր սահմաններով, եւ նորանք ժառանգեցին Սեհոնի երկիրը եւ Եսեբոն թագաւորի երկիրը, եւ Բասանի Ովգ թագաւորի երկիրը։
  • 23Եւ նորանց որդկանցը շատացրիր երկնքի աստղերի չափ եւ նորանց բերիր այս երկիրը, որի համար ասել էիր նորանց հայրերին որ գան եւ ժառանգեն։
  • 24Եւ նորանց որդիքը եկան եւ ժառանգեցին այս երկիրը, եւ դու նուաճեցրիր նորանց առաջին այս երկրի բնակիչներին՝ Քանանացիներին, եւ նորանց ձեռքը մատնեցիր նորանց, եւ նորանց թագաւորներին եւ երկրի ազգերին, որ իրանց հաճութեան պէս անէին նորանց։
  • 25Եւ նորանք ամուր քաղաքներ եւ պարարտ երկիր յաղթեցին, եւ ժառանգեցին ամեն բարիքով լիքը տներ, փորուած ջրհորներ, այգիներ, ձիթենիներ, եւ պտղաբեր ծառեր առատօրէն. Եւ նորանք կերան, կշտացան եւ պարարտացան, եւ զուարճացան քո մեծամեծ բարիքներովը։
  • 26Սակայն նորանք անհնազանդութիւն արին եւ ապստամբուեցան քեզ դէմ, եւ քո օրէնքն իրանց ետեւը գցեցին, եւ սպանեցին քո մարգարէներին որ նորանց դէմ վկայում էին, որ դէպի քեզ դառնան. Եւ մեծամեծ անարգանքներ արին։
  • 27Եւ դու նորանց մատնեցիր իրանց թշնամիների ձեռքը, եւ նորանք նեղացրին նորանց. Եւ իրանց նեղութեան ժամանակին դէպի քեզ աղաղակեցին, եւ դու լսեցիր երկնքից, եւ դու քո շատ ողորմութեան համեմատ նորանց ազատիչներ տուիր, եւ նորանք ազատեցին նորանց իրանց թշնամիների ձեռքիցը։
  • 28Բայց երբոր նորանք հանգստութիւն ունեցան, դարձեալ չարութիւն արին քո առաջին, եւ դու նորանց թողեցիր իրանց թշնամիների ձեռքին, եւ նորանք տիրեցին նորանց վերայ. Եւ դարձեալ դէպի քեզ աղաղակեցին, եւ դու երկնքից լսեցիր եւ նորանց ազատեցիր շատ անգամ քո ողորմութեան համեմատ։
  • 29Եւ դու նորանց վկայեցիր, որ նորանց դարձնես դէպի քո օրէնքը, բայց նորանք ամբարտաւանացան եւ չ’լսեցին քո պատուէրներին եւ քո իրաւունքների դէմ մեղանչեցին, որոնց կատարող մարդը նորանցով կ’ապրէ. Եւ իրանց ուսերը անհնազանդեցրին եւ իրանց վիզը խստացրին, եւ չ’լսեցին։
  • 30Եւ դու շատ տարիներ երկայնամիտ եղար նորանց վերայ, եւ վկայեցիր նորանց դէմ քո հոգովը մարգարէների ձեռովը, բայց նորանք ականջ չ’դրին. Եւ դու մատնեցիր նորանց երկիրների ազգերի ձեռքը։
  • 31Սակայն դու քո առատ ողորմութեամբը նորանց վերջ չ’արիր եւ նորանց չ’ձգեցիր, որովհետեւ դու գթած եւ ողորմած Աստուած ես։
  • 32Եւ արդ, ով մեր Աստուած, մեծ, զօրաւոր եւ ահեղ՝ ուխտ ու ողորմութիւն պահող Աստուած, թող քո առաջին քիչ չ’երեւնան այն ամեն նեղութիւնները, որ պատահեցին մեզ, մեր թագաւորներին մեր իշխաններին, մեր քահանաներին, մեր մարգարէներին, մեր հայրերին եւ քո բոլոր ժողովրդին Ասորեստանի թագաւորի ժամանակից մինչեւ այսօր։
  • 33Բայց դու արդար ես մեզ վերայ եկած բոլոր բաներումը, որովհետեւ դու ճշմարտութեամբ արիր, եւ մենք անօրէնութիւն արինք։
  • 34Եւ մեր թագաւորները, մեր իշխանները եւ մեր հայրերը չ’արին քո օրէնքը եւ ականջ չ’դրին քո պատուիրանքներին եւ քո վկայութիւններին, որ նորանց դէմ վկայեցիր.
  • 35Եւ նորանք իրանց թագաւորելու ժամանակումը, եւ քո նորանց արած շատ բարիքներ արած ժամանակումը եւ այն ընդարձակ եւ պարարտ երկրումը, որ տուել էիր նորանց, քեզ չ’ծառայեցին եւ ետ չ’դառան իրանց չար գործերիցը։
  • 36Ահա մենք այսօր ծառաներ ենք, եւ ահա այն երկրումը, որ տուիր մեր հայրերին նորա պտուղը եւ բարիքը վայելելու, մենք ծառաներ ենք։
  • 37Եւ նորա առատ արիւնքը այն թագաւորներինն է, որոնց դրել ես մեզ վերայ մեր մեղքերի պատճառովը. Եւ նորանք տիրում են մեր մարմինների վերայ եւ մեր անասունների վերայ իրանց հաճութեան պէս. Եւ մենք մեծ նեղութեան մէջ ենք։
  • 38Եւ այս ամենի համար հաստատ ուխտեցինք եւ գրեցինք, եւ կնքուածի վերայ էին մեր իշխանները, Ղեւտացիները եւ քահանաները։
← Ցանկ