ԵՍԹԵՐ4
  • 1Եւ Մուրթքէն իմացաւ այս բոլոր եղածները, եւ Մուրթքէն պատառեց իր հանդերձները եւ քուրձ հագաւ ու մոխիրը ցանեց իր վերայ եւ գնաց քաղաքի մէջ եւ մեծ ու ողբալի ձայնով աղաղակեց.
  • 3Եւ ամեն գաւառներում ամեն տեղ, ուր որ թագաւորի խօսքը եւ հրամանը հասնում էր, Հրէաները մեծ սուգ էին ունենում, եւ ծոմ էին պահում, եւ լաց ու ողբ անում. Եւ շատերը պառկում էին քուրձով եւ մոխրի վերայ։
  • 4Եւ Եսթերի աղախինները եւ ներքինիները եկան եւ պատմեցին նորան, եւ թագուհին շատ այլայլուեցաւ, եւ հանդերձներ ուղարկեց Մուրթքէին հագցնելու համար եւ նորա քուրձը նորանից վեր առնելու համար. Բայց նա չ’ընդունեց։
  • 5Եւ Եսթերը կանչեց Հաթաքին որ թագաւորի ներքինիներիցն էր, որին թագաւորը տուել էր նորան, եւ նորան հրամայեց Մուրթքէի մասին որ իմանայ, թէ սա ի՞նչ է եւ ի՞նչու համար է սա.
  • 6Եւ Հաթաքը գնաց Մուրթքէի մօտ քաղաքի հրապարակը, որ թագաւորի դռան դիմացին էր։
  • 7Եւ Մուրթքէն պատմեց նորան ամեն ինչ որ նորան պատահել էր այն որոշ գումար արծաթը, որ Համանն ասել էր թէ կշռով պիտի տար թագաւորի գանձարանին Հրէաների համար որ նորանց փչացնէ։
  • 8Եւ այն հրովարտակի պատճէնը, որ Շուշանում տրուել էր նորանց փչացնելու համար, տուաւ նորան, որ Եսթերին ցոյց տայ եւ նորան իմացնէ եւ նորան պատուիրէ, որ թագաւորի մօտը գնայ եւ նորան աղաչէ եւ նորա առաջին խնդրուածք մատուցանէ իր ազգի համար։
  • 9Եւ Հաթաքը գնաց եւ Մուրթքէի խօսքերը պատմեց Եսթերին։
  • 10Եւ Եսթերն ասեց Հաթաքին եւ նորան պատուիրեց Մուրթքէի մօտ գնալ և ասել.
  • 11Թագաւորի բոլոր ծառաները եւ թագաւորի գաւառների ժողովուրդը գիտեն, որ ամեն մարդ կամ կին, որ չ’կանչուած մտնէ թագաւորի մօտ ներքին գաւիթը, մէկ հատ օրէնք կայ որ նորան կ’սպանեն՝ բացի նորանից, որին որ թագաւորը մեկնէ ոսկի գաւազանը, նա կ’ապրէ. Բայց ես՝ ահա երեսուն օր է՝ չեմ կանչուել որ թագաւորի մօտ գնամ։
  • 12Եւ Մուրթքէին պատմեցին Եսթերի խօսքերը։
  • 13Եւ Մուրթքէն պատասխան ետ ուղարկեց Եսթերին ասելով. Մի խորհիր քո մտքումը թէ դու կ’ազատուիս թագաւորի տանը՝ բոլոր Հրէաներիցը։
  • 14Եւ եթէ դու այս միջոցին լռես, մի ուրիշ տեղից Հրէաների համար ազատութիւն եւ փրկութիւն վեր կ’կենայ, բայց դու եւ քո հօր տունը կ’կորչէք, եւ ո՞վ գիտէ գուցէ մի այսպիսի ժամանակի համար ես դու թագուհութեան հասել։
  • 15Եւ Եսթերը պատասխան ուղարկեց Մուրթքէին ասելով.
  • 16Գնա ժողովիր Շուշանում գտնուող բոլոր Հրէաներին, եւ ծոմ պահեցէք ինձ համար, եւ երեք օր գիշեր եւ ցերեկ ոչ կերէք եւ ոչ խմեցէք. Ես էլ իմ աղախինների հետ այդպէս ծոմ եմ պահելու, եւ այնուհետեւ թագաւորի մօտ պիտի գնամ թէեւ օրէնք չէ, եւ եթէ կ’մեռնեմ թող մեռնեմ։
  • 17Այն ժամանակ Մուրթքէն գնաց եւ այն ամենին համեմատ արաւ որ Եսթերն իրան պատուիրել էր։
← Ցանկ