ՅՈԲ27
- 1Եւ Յոբը շարունակեց իր առակը յառաջ տանել եւ ասեց.
- 2Կենդանի է իմ իրաւունքը մերժող Աստուածը, եւ իմ հոգին դառնացնող Ամենակարողը.
- 3Որ քանի որ տակաւին շունչս ինձանում է, եւ Աստուծոյ հոգին կայ իմ ռնգացը մէջ,
- 4Իմ շրթունքները անիրաւութիւն պիտի չ’խօսեն, եւ լեզուս պիտի նենգութիւն չ’խորհէ։
- 5Քաւ լիցի ինձ որ ձեզ արդարացնեմ, մինչեւ մեռնելս չեմ ձգելու ինձանից իմ ուղղութիւնը։
- 6Արդարութիւնս բռնել եմ պինդ, եւ բաց չեմ թողուլ, իմ խիղճն ինձ չէ տանջում օրերիցս մէկին համար էլ։
- 7Ամբարշտի պէս լինի իմ թշնամին, եւ իմ հակառակորդը անզգամի պէս։
- 8Վասն զի ի՞նչ է կեղծաւորի յոյսը, (թէեւ հարուստ էլ լինի,) երբոր Աստուած հանէ նորա հոգին։
- 9Մի՞թէ նորա աղաղակը կ’լսէ Աստուած, երբոր նորա վերայ նեղութիւն գայ։
- 10Կամ թէ նա Ամենակարողովը ուրախանալո՞ւ է. Ամեն ժամանակ կարո՞ղ է կանչել Աստուծուն։
- 11Սովորեցնեմ ձեզ Աստուծոյ ձեռքինը. Ամենակարողի մօտ եղածը չեմ ծածկելու։
- 12Ահա դուք ամենքդ էլ տեսաք, եւ ի՞նչու այդպէս ունայն ունայնաբանութիւն էք անում։
- 13Ահաւասիկ անզգամ մարդի բաժինը Աստուծոյ մօտ, եւ բռնաւորների ժառանգութիւնը, որ առնում են Ամենակարողից։
- 14Եթէ շատանում են նորա որդիքը, սուրի համար է. Եւ նորա զաւակունքը պիտի չ’կշտանան հացով։
- 15Նորա մնացորդները մահի մէջ պիտի թաղուին, եւ նորա որբեւայրիները չի պիտի լան։
- 16Եթէ նա հողի պէս արծաթ դիզելու լինի, եւ ցեխին չափ հանդերձ պատրաստէ,
- 17Նա կ’պատրաստէ, բայց արդարը կ’հագնէ, եւ անմեղը պիտի ստանայ արծաթը իբրեւ բաժին։
- 18Նա ցեցի պէս շինում է իր տունը, եւ այն խրճիթի նման, որ այգիի պահապանն է շինում։
- 19Հարուստ կ’պառկէ, բայց միւսանգամ չի անիլ՝՝. Աչքերը կ’բանայ, եւ էլ նա չէ։
- 20Արհաւիրքը ջրերի պէս կ’հասնէ նորան. Գիշերը փոթորիկը պիտի գողանայ նորան։
- 21Արեւելեան քամին նորան վեր կ’առնէ, որ նա գնայ. Եւ փոթորիկով նորան կ’թռցնէ իր տեղիցը։
- 22Կ’գցէ նորա վերայ եւ նորան չի խնայիլ Աստուած. Նորա ձեռքիցը նա կ’փախչէ այստեղ այնտեղ։
- 23Նորա վերայ ծափ կ’տան, եւ կ’սուլեն նորան իր տեղիցը։
