ՅՈԲ30
- 1Բայց հիմա ինձ ծաղր են անում հասակով ինձանից փոքրերը, որոնց հայրերին ես չէի ուզիլ դնել իմ խաշանց շների հետ։
- 2Եւ ինձ ի՞նչ պէտք էր նորանց ձեռքերի զօրութիւնն էլ, որոնց առոյգութիւնը կորած էր։
- 3Չքաւորութիւնից եւ սովածութիւնից ցամաքած՝ փախչում էին անապատը՝ մթին աւերակ եւ ամայի տեղերը.
- 4Մացառի վերայի մոլոշն էին քաղում, եւ գիհիի արմատը՝ իբրեւ իրանց հաց.
- 5Որոնք ընկերութիւնից դուրս են արվում, եւ որոնց վերայ իբրեւ գողի վերայ գոչում են։
- 6Սոսկալի ձորերումն էին բնակվում, գետնի եւ ապառաժների ծերպերում.
- 7Մացառների մէջ բղաւում էին, եղինջների տակին վայր էին թափվում.
- 8Յիմարների որդիք եւ աննշանների որդիք լինելով՝ դուրս էին քշվում երկրիցը։
- 9Բայց հիմա ես նորանց խաղն եմ դառել, եւ առակ եմ եղել նորանց համար։
- 10Ինձանից զզվում, եւ հեռանում են ինձանից, եւ երեսիցս թուքը չեն խնայում։
- 11Որովհետեւ իմ կապը լուծել եւ ինձ նեղել է, նորանք էլ երասանակը բաց են թողել առաջիս։
- 12Աջ կողմից լակոտներն են կանգնում ոտքերս քաշում, եւ ինձ համար պատրաստում իրանց կորստեան ճանապարհները։
- 13Նրանք քանդում են իմ շաւիղները, եւ աշխատում են իմ կործանման համար, որ իրանք օգնող չ’ունին։
- 14Գալիս են իբրեւ թէ լայն խրամատով, դղրդոցով գլորուելով են գալիս։
- 15Արհաւիրքները ինձ վերայ դարձան, քամիի պէս հալածում են իմ մեծութիւնը, եւ ամպի պէս անցաւ իմ ազատութիւնը։
- 16Եւ հիմա հոգիս թափվում է իմ ներսումը, ինձ բռնել են տրտմութեան օրերը։
- 17Գիշերը ոսկերքս են ծակոտում ինձ վերայ եւ կրծողներս չեն հանգստանում։
- 18Մեծ դժուարութեամբ են փոխում իմ հանդերձը, պատմուճանիս օձիքին պէս պատում է ինձ։
- 19Նա ինձ գցել է ցեխը, եւ ես նման եմ եղել հողի եւ մոխիրի։
- 20Ես քեզ աղաղակում եմ, եւ դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, եւ դու ինձ չես մտիկ անում։
- 21Դու ինձ համար անգութ ես դառել, ձեռքիդ զօրութեամբը ինձ հետ թշնամութիւն ես անում։
- 22Դու ինձ բարձրացրել եւ ինձ քամիին ես հեծցրել, եւ փչացնում ես մրրիկով։
- 23Ստոյգ գիտեմ, ինձ մահուան ես տանելու, եւ բոլոր կենդանիների համար սահմանուած տունը։
- 24Արդարեւ աղաչանք չ’կայ՝ նա իր ձեռքը երկարացնելիս, եւ աղաղակ նորանց համար՝ նա կորցնելիս՝՝։
- 25Մի՞թէ ես չեմ լացել օրը դժուարութեամբ անցկացնողի համար, հոգիս չէ՞ նեղացել աղքատի համար։
- 26Երբոր ես բարիքի էի սպասում, եւ չարիք եկաւ. Եւ ակնկալում էի լոյսի, եւ եկաւ խաւար։
- 27Աղիքներս եռացին եւ չ’հանդարտեցին, տրտմութեան օրերը առաջս կտրեցին։
- 28Սեւացած եմ ման գալիս, բայց ոչ թէ արեւից, կանգնում եմ ժողովքի մէջ աղաղակում։
- 29Չագալներին եղբայր եմ դառել, եւ ջայլամներին ընկեր։
- 30Կաշիս սեւացել է ինձ վերայ, եւ ոսկերքս վառուել են տաքութիւնից։
- 31Եւ սուգի է փոխուել իմ քնարը, եւ իմ սրինգը՝ լալկանների ձայնի։
