ՅՈԲ30
  • 1Բայց հիմա ինձ ծաղր են անում հասակով ինձանից փոքրերը, որոնց հայրերին ես չէի ուզիլ դնել իմ խաշանց շների հետ։
  • 2Եւ ինձ ի՞նչ պէտք էր նորանց ձեռքերի զօրութիւնն էլ, որոնց առոյգութիւնը կորած էր։
  • 3Չքաւորութիւնից եւ սովածութիւնից ցամաքած՝ փախչում էին անապատը՝ մթին աւերակ եւ ամայի տեղերը.
  • 4Մացառի վերայի մոլոշն էին քաղում, եւ գիհիի արմատը՝ իբրեւ իրանց հաց.
  • 6Սոսկալի ձորերումն էին բնակվում, գետնի եւ ապառաժների ծերպերում.
  • 7Մացառների մէջ բղաւում էին, եղինջների տակին վայր էին թափվում.
  • 8Յիմարների որդիք եւ աննշանների որդիք լինելով՝ դուրս էին քշվում երկրիցը։
  • 9Բայց հիմա ես նորանց խաղն եմ դառել, եւ առակ եմ եղել նորանց համար։
  • 10Ինձանից զզվում, եւ հեռանում են ինձանից, եւ երեսիցս թուքը չեն խնայում։
  • 11Որովհետեւ իմ կապը լուծել եւ ինձ նեղել է, նորանք էլ երասանակը բաց են թողել առաջիս։
  • 12Աջ կողմից լակոտներն են կանգնում ոտքերս քաշում, եւ ինձ համար պատրաստում իրանց կորստեան ճանապարհները։
  • 13Նրանք քանդում են իմ շաւիղները, եւ աշխատում են իմ կործանման համար, որ իրանք օգնող չ’ունին։
  • 14Գալիս են իբրեւ թէ լայն խրամատով, դղրդոցով գլորուելով են գալիս։
  • 15Արհաւիրքները ինձ վերայ դարձան, քամիի պէս հալածում են իմ մեծութիւնը, եւ ամպի պէս անցաւ իմ ազատութիւնը։
  • 16Եւ հիմա հոգիս թափվում է իմ ներսումը, ինձ բռնել են տրտմութեան օրերը։
  • 17Գիշերը ոսկերքս են ծակոտում ինձ վերայ եւ կրծողներս չեն հանգստանում։
  • 18Մեծ դժուարութեամբ են փոխում իմ հանդերձը, պատմուճանիս օձիքին պէս պատում է ինձ։
  • 19Նա ինձ գցել է ցեխը, եւ ես նման եմ եղել հողի եւ մոխիրի։
  • 20Ես քեզ աղաղակում եմ, եւ դու ինձ չես պատասխանում, կանգնում եմ, եւ դու ինձ չես մտիկ անում։
  • 21Դու ինձ համար անգութ ես դառել, ձեռքիդ զօրութեամբը ինձ հետ թշնամութիւն ես անում։
  • 22Դու ինձ բարձրացրել եւ ինձ քամիին ես հեծցրել, եւ փչացնում ես մրրիկով։
  • 23Ստոյգ գիտեմ, ինձ մահուան ես տանելու, եւ բոլոր կենդանիների համար սահմանուած տունը։
  • 24Արդարեւ աղաչանք չ’կայ՝ նա իր ձեռքը երկարացնելիս, եւ աղաղակ նորանց համար՝ նա կորցնելիս՝՝։
  • 25Մի՞թէ ես չեմ լացել օրը դժուարութեամբ անցկացնողի համար, հոգիս չէ՞ նեղացել աղքատի համար։
  • 26Երբոր ես բարիքի էի սպասում, եւ չարիք եկաւ. Եւ ակնկալում էի լոյսի, եւ եկաւ խաւար։
  • 27Աղիքներս եռացին եւ չ’հանդարտեցին, տրտմութեան օրերը առաջս կտրեցին։
  • 28Սեւացած եմ ման գալիս, բայց ոչ թէ արեւից, կանգնում եմ ժողովքի մէջ աղաղակում։
  • 29Չագալներին եղբայր եմ դառել, եւ ջայլամներին ընկեր։
  • 30Կաշիս սեւացել է ինձ վերայ, եւ ոսկերքս վառուել են տաքութիւնից։
  • 31Եւ սուգի է փոխուել իմ քնարը, եւ իմ սրինգը՝ լալկանների ձայնի։
← Ցանկ