ԵԶԵԿԻԵԼ44
  • 1Եւ ինձ ետ դարձրեց դուրսի սրբարանի դռան ճանապարհովը, որ նայում է դէպի արեւելք. Եւ նա կղպուած էր։
  • 2Եւ Տէրն ասեց ինձ. Այս դուռը կղպուած պիտի մնայ. Չ’պիտի բացուի, նորանով պիտի չ’մտնեն, որովհետեւ Իսրայէլի Տէր Աստուածը մտաւ նորանով. Ուրեմն կղպուած պիտի մնայ։
  • 3Իսկ իշխանը ինքը իբրեւ իշխան նստէ այնտեղ Տիրոջ առաջին հաց ուտելու համար. նա դռան սրահի ճանապարհովը պիտի մտնէ, եւ նոյն ճանապարհովը դուրս գայ։
  • 4Եւ ինձ տարաւ հիւսիսային դռան ճանապարհովը տան առաջը, եւ տեսայ, եւ ահա լցրել էր Տիրոջ փառքը Տիրոջ տունը. Եւ ես ընկայ երեսիս վերայ։
  • 5Եւ Տէրն ասեց ինձ. Մարդի որդի, ուշադրութիւն արա եւ տես աչքերովդ եւ ականջներովդ լսիր ամեն ինչ որ խօսում եմ քեզ հետ Տիրոջ տան բոլոր կանոնների նկատմամբ եւ նորա բոլոր օրէնքի նկատմամբ. Եւ ուշդ դարձրու տան մուտքին սրբարանի բոլոր ելքերովը։
  • 6Եւ ասիր ապստամբներին՝ այսինքն Իսրայէլի տանը. Այսպէս է ասում Տէր Եհովան. Բաւական է ձեզ համար ձեր բոլոր պղծութիւնները, ով Իսրայէլի տուն,
  • 7Որ դուք ներս էք բերում օտարների որդկանցը՝ սրտով անթլփատներին՝ մարմնով անթլփատներին, որ իմ սրբարանումը լինեն իմ տունը պղծելու համար, դուք իմ հացը, ճարպը եւ արիւնը մատուցանելիս. Եւ նորանք դրժեցին իմ ուխտը, ձեր բոլոր պղծութիւններից ի զատ։
  • 8Եւ չ’պահեցիք իմ սուրբ բաների պահպանութիւնը, այլ իմ սրբարանումն իմ պահպանութիւնը անելու համար ձեզ համար պահապաններ դրիք։
  • 9Այսպէս է ասում Տէր Եհովան. Ոչ մի օտարազգի՝ սրտով անթլփատ եւ մարմնով անթլփատ պիտի չ’մտնէ իմ սրբարանը բոլոր օտարազգիներից, որոնք Իսրայէլի որդկանց մէջ են։
  • 10Այլ եւ Ղեւտացիքն էլ, որոնք հեռացան ինձանից Իսրայէլի ինձ դէմ արած մոլորութիւնովը մոլորուելով եւ իրանց կուռքերին հետեւելով, պիտի իրանց անօրէնութիւնները կրեն։
  • 11Եւ սպասաւորներ պիտի լինեն իմ սրբարանումը տան դռներին որոշուած եւ տանը ծառայողներ. նորանք պէտք է մորթեն ողջակէզը եւ զոհը ժողովրդի համար. Եւ նորանք պէտք է կանգնեն նորանց առաջին նորանց ծառայելու համար։
  • 12Որովհետեւ նորանց ծառայութիւն արին իրանց կուռքերի առաջին, եւ Իսրայէլի տան համար անօրէնութեան գայթակղութիւն եղան. Դորա համար ձեռքս բարձրացրի նորանց վերայ, ասում է Տէր Եհովան, որ կրեն իրանց անօրէնութիւնները։
  • 13Եւ պէտք է ինձ չ’մօտենան՝ ինձ համար քահանայութիւն անելու եւ իմ բոլոր սուրբ բաներին եւ ամենասուրբ բաներին մօտենալու համար. Այլ իրանց նախատինքը պիտի կրեն եւ իրանց արած պղծութիւնները։
  • 14Սակայն նորանց պիտի տանը պահապանութիւնը պահպանողներ շինեմ նորա բոլոր ծառայութեան համար, եւ այն ամեն բանի համար որ նորանում պիտի կատարուի։
  • 15Բայց Ղեւտացի քահանաները՝ Սադովկի որդիքը, որոնք պահեցին իմ սրբարանի պահապանութիւնը Իսրայէլի որդիքը ինձանից ապստամբուելու ժամանակ, նորանք պիտի մօտենան ինձ որ ինձ ծառայեն, եւ պիտի կանգնեն իմ առաջին ինձ ճարպ եւ արիւն մատուցանելու, ասում է Տէր Եհովան։
  • 16Նորանք պիտի իմ սրբարանը մտնեն, եւ նորանք պիտի մօտենան իմ սեղանին ինձ ծառայելու համար, եւ պիտի պահպանեն իմ պահպանութիւնը։
  • 17Եւ կ’լինի որ նորանք ներսի գաւիթի դռներովը մտնելիս՝ պէտք է կտաւի հանդերձներ հագնեն, եւ նորանց վերայ բուրդ պիտի չ’գայ, նորանք ներսի գաւիթի դռներումը եւ ներսումը ծառայելու ժամանակ։
  • 18Կտաւի ապարօշներ պիտի լինեն նորանց գլխին եւ կտաւի վարտիքներ՝ նորանց երանքների վերայ. Քրտնեցնող գօտի պիտի չ’կապեն։
  • 19Եւ դրսի գաւիթը գնալիս երբոր դուրս են գալիս դրսի գաւիթը ժողովրդի մօտ՝ պէտք է այն հանդերձները հանեն, որոնցով նորանց պաշտօն են մատուցանում, եւ նորանց պիտի սուրբ սենեակներումը դնեն, եւ ուրիշ հանդերձներ հագնեն, որպէս զի ժողովուրդը չ’սրբեն իրանց հանդերձներովը։
  • 20Եւ իրանց գլուխը պիտի չ’ածիլեն եւ իրանց վարսերը չ’երկայնացնեն. Իրանց գլխի մազերը պէտք է անպատճառ խուզեն։
  • 21Եւ բնաւ գինի պիտի չ’խմեն քահանաները երբոր ներքին գաւիթն են գալիս։
  • 22Եւ որբեւայրին ու արձակուածը իրանց համար կին չ’առնեն, այլ Իսրայէլի տան սերունդից եղող կոյսը, կամ այն որբեւայրին որ մի քահանայից որբեւայրի է մնացել, առնեն։
  • 23Եւ իմ ժողովրդին սովորեցնեն սուրբի եւ անսուրբի տարբերութիւնը, եւ պիղծի ու մաքուրի տարբերութիւնը պիտի հասկացնեն նորանց։
  • 24Եւ դատերի վերայ նորանք պէտք է կենան դատելու համար իմ դատաստաններումը եւ նորանց դատեն իմ օրէնքովը եւ իմ կանոններովը, եւ իմ տօները պիտի պահեն եւ իմ շաբաթները սրբեն։
  • 25Եւ մեռած մարդի մօտ պիտի չ’գնան որ չ’պղծուին, այլ միայն իր հօր եւ մօր, տղու եւ աղջկայ, եղբօր եւ քրոջ մօտ գնան որ մարդի չէ գնացած, դորանց մեռած դիակի մօտ թող պղծուին։
  • 26Եւ մէկը իր մաքրուելուց յետոյ եօթը օր համարէ իրան համար։
  • 27Եւ նա սրբարանը ներսի գաւիթը սրբարանում պաշտօն մատուցանելու մտած օրը, նա պիտի մատուցանէ իր մեղքի պատարագը, ասում է Տէր Եհովան։
  • 28Եւ սա նորանց համար ժառանգութիւն լինի՝ ես եմ նորանց ժառանգութիւնը. Եւ նորանց կալուածք չ’տաք Իսրայէլումը. Ես եմ նորանց կալուածքը։
  • 29Հացի ընծան, մեղքի պատարագը եւ յանցանքի պատարագը նորանք պիտի ուտեն. Եւ Իսրայէլի մէջ ամեն նուիրուածը նորանցը պիտի լինի։
  • 30Եւ ամեն բանի բոլոր երախայրիների առաջինը, եւ ամեն բանի բոլոր ընծան ձեր բոլոր ընծաներից քահանաներինը լինի. Եւ ձեր ցորենեղէնների երախայրիները տուէք քահանային, որ օրհնութիւնը հանգչէ քո տան վերայ։
  • 31Ոչ մի մեռած կամ գազանաբեկ, թէ թռչուն թէ անասուն, պիտի չ’ուտեն քահանաները։
← Ցանկ