ԵԶԵԿԻԵԼ45
  • 1Եւ երբոր վիճակ գցէք երկրի վերայ ժառանգելու, Տիրոջ համար մի սուրբ նուէր պիտի նուիրէք երկրիցը. Երկայնութիւնը քսանեւհինգ հազար երկայն, եւ լայնութիւնը տասը հազար. Սա սուրբ է շուրջանակի բոլոր սահմաններում։
  • 2Սորանից պէտք է լինի սրբարանի համար հինգ հարիւրով հինգ հարիւր քառակուսի շուրջանակի. Եւ յիսուն կանգուն նորա արուարձանը շուրջանակի։
  • 3Եւ այս չափածից չափիր երկայնութիւնով քսանեւհինգ հազար եւ լայնութիւնով տասը հազար. Եւ նորանում պիտի լինի սրբարանը՝ ամենասուրբ տեղը։
  • 4Սա սուրբ պիտի լինի երկրիցը սրբարանին ծառայող քահանաների համար, որոնք մօտենում են Տիրոջը ծառայելու, եւ նորանց համար տների տեղ պիտի լինի, եւ սուրբ՝ սրբարանի համար։
  • 5Եւ քսանեւհինգ հազար երկայնութիւնով եւ տասը հազար լայնութիւնով պիտի լինի Ղեւտացիներին, որոնք ծառայում են տանը, իբրեւ իրանց կալուածք. Նաեւ քսան սենեակ։
  • 6Եւ քաղաքին կալուածք տաք հինգ հազար լայն, եւ երկայնութիւնը քսանեւհինգ հազար սրբարանի ընծայի կշտին. Սա բոլոր Իսրայէլի տան համար պիտի լինի։
  • 7Իսկ իշխանին՝ սրբարանի կալուածքի եւ քաղաքի կալուածքի այս կողմից եւ այն կողմից, սրբարանի ընծայի դիմաց եւ քաղաքի կալուածքի դիմաց, ծովի կողմից դէպի արեւմուտք եւ արեւելեան կողմից դէպի արեւելք. Եւ երկայնութիւնով ժառանգութիւնների մէկի մօտովը արեւմտեան սահմանից մինչեւ արեւելեան սահմանը։
  • 8Իբրեւ երկիր նորա կալուածքը լինի սա Իսրայէլի մէջ. Եւ այլ եւս չ’հարստահարեն իմ իշխանները իմ ժողովրդին. Եւ երկիրը տան Իսրայէլի տանը նորանց ցեղերի համեմատ։
  • 9Այսպէս է ասում Տէր Եհովան. Բաւական է ձեզ, ով Իսրայէլի իշխաններ, զրկանքն ու յափշտակութիւնը հեռացրէք. Եւ իրաւունք ու արդարութիւն արէք. Վեր առէք ձեր բռնի պահանջմունքները իմ ժողովրդի վերայից, ասում է Տէր Եհովան։
  • 10Արդար կշիռք եւ արդար արդու եւ արդար մար ունեցէք։
  • 11Արդուն եւ մարը մէկ չափ լինեն, որպէս զի մարը քոռի տասներորդը պարունակէ եւ արդուն էլ քոռի տասներորդը պարունակէ. Քոռի համեմատ լինի նորա չափը։
  • 12Եւ սիկղը քսան կերադ, ձեր մնասը քսան սիկղ, քսանեւհինգ սիկղ եւ տասնեւհինգ սիկղ լինի։
  • 13Սա է ձեր մատուցանելու ընծան՝ մէկ վեցերորդ արդու մէկ քոռ ցորենից, եւ մէկ վեցերորդ արդու մէկ քոռ գարիիցը։
  • 14Եւ իւղի կանոնը՝ մէկ մար իւղից մէկ մարի տասներորդը մէկ քոռից. Կամ տասը մարից որ մէկ խօմէր է, որովհետեւ տասը մարը մէկ խօմէր է։
  • 15Եւ Իսրայէլի ջրարբի արօտների հօտերից՝ երկու հարիւրից մէկ ոչխար. Իբրեւ հացի ընծայ եւ ողջակէզ եւ խաղաղութեան զոհ, որ նորանց համար քաւութիւն լինի, ասում է Տէր Եհովան։
  • 16Երկրի բոլոր ժողովուրդը պարտական են այս ընծան Իսրայէլումը իշխան եղողին։
  • 17Եւ իշխանի վերայ պիտի լինեն ողջակէզները եւ հացի նուէրը եւ թափելու ընծան տօներին եւ ամսագլուխներին եւ շաբաթներին եւ Իսրայէլի տան բոլոր տօներին. Նա պէտք է մատուցանէ մեղքի պատարագը եւ հացի նուէրը եւ ողջակէզը եւ խաղաղութեան զոհերը Իսրայէլի տան համար քաւութիւն անելու համար։
  • 18Այսպէս է ասում Տէր Եհովան. Առաջի ամսի առաջինին վեր առ մի կատարեալ զուարակ արջառներից, եւ նորան մեղքի պատարագ արա սրբարանի համար։
  • 19Եւ քահանան առնէ մեղքի պատարագի արիւնիցը եւ քսէ տան դրանդիքին եւ սեղանի շրջանակի չորս անկիւններին եւ ներսի գաւիթի դռան դրանդիքին։
  • 20Եւ այսպէս պիտի անես ամսի եօթին սխալուած եւ անմիտ մարդի համար, եւ տան համար քաւութիւն արէք։
  • 21Առաջի ամսի տասնեւչորսերորդ օրը ձեզ համար զատիկ լինի, եօթն օր տօն. Բաղարջ պիտի ուտուի։
  • 22Եւ այն օրը իշխանը իրան համար եւ երկրի բոլոր ժողովրդի համար մէկ զուարակ մատուցանէ իբրեւ մեղքի պատարագ։
  • 23Եւ տօնի եօթն օրը Տիրոջը ողջակէզ մատուցուի եօթը զուարակ եւ եօթը կատարեալ խոյ, իւրաքանչիւր օր եօթն օրերը. Իսկ մեղքի պատարագ այծերից մի նոխազ իւրաքանչիւր օր։
  • 24Եւ մէկ արդու հացի նուէր մէկ զուարակի համար եւ մէկ արդու մէկ խոյի համար մատուցուի. Եւ մէկ հիմէն իւղ մէկ արդուի համար։
  • 25Եօթներորդ ամսուայ ամսի տասնեւհինգերորդ օրը տօնի ժամանակին այսպէս անուի եօթն օր թէ մեղքի պատարագը թէ ողջակէզը թէ հացի նուէրը թէ իւղը։
← Ցանկ