ԵԶԵԿԻԵԼ46
  • 1Այսպէս է ասում Տէր Եհովան. Ներսի գաւիթի դէպի արեւելք նայող դուռը կղպուած մնայ գործի վեց օրը, իսկ շաբաթ օրը բացուի. Եւ ամսագլուխ օրն էլ բացուի։
  • 2Եւ իշխանը մտնէ դրսիցը դռան սրահի ճանապարհովը եւ կանգնէ դռան դրանդիքի մօտ, եւ քահանաները մատուցանեն նորա ողջակէզը եւ նորա խաղաղութեան զոհերը, եւ նա երկրպագութիւն անէ դռան սեմի վերայ եւ դուրս գայ. Եւ դուռը չ’կղպուի մինչեւ իրիկուն։
  • 3Եւ երկրի ժողովուրդը երկրպագութիւն անեն այն դռան մուտքումը շաբաթներին եւ ամսագլուխներին Տիրոջ առաջին։
  • 4Եւ իշխանի ողջակէզը որ պիտի մատուցանէ Տիրոջը՝ շաբաթ օրը վեց կատարեալ գառ եւ մէկ կատարեալ խոյ։
  • 5Եւ իբրեւ հացի նուէր մէկ արդու մէկ խոյին, եւ գառների համար իբրեւ հացի նուէր ձեռքիցը եկածը, եւ մէկ հիմէն իւղ իւրաքանչիւր արդուի համար։
  • 6Ամսագլուխ օրը արջառներից մէկ զուարակ կատարեալ եւ վեց գառներ եւ մէկ խոյ, որ պէտք է կատարեալ լինեն։
  • 7Եւ մէկ արդու մէկ զուարակի համար եւ մէկ արդու մէկ խոյի համար մատուցուի իբրեւ հացի նուէր, եւ գառերի համար՝ ձեռին հասածը. Իսկ մէկ հիմէն իւղ մէկ արդուին։
  • 8Եւ իշխանը գալիս դռան սրահի ճանապարհովը պիտի գայ եւ նոյն ճանապարհովը դուրս գայ։
  • 9Եւ երկրի ժողովուրդը տօներին Տիրոջ առաջը գալիս հիւսիսային դռան ճանապարհով երկրպագելու համար մտնողը հարաւային դռան ճանապարհովը դուրս գայ, եւ հարաւային դռան ճանապարհովը մտնողը հիւսիսային դռան ճանապարհովը դուրս գայ, իր ներս մտած դռան ճանապարհովը ետ չ’դառնայ, այլ դիմացինով դուրս գայ։
  • 10Եւ իշխանը նորանց մէջ նորանք մտնելիս մտնէ, եւ դուրս գալիս դուրս գայ։
  • 11Եւ տօներին ու հանդիսաւոր օրերին հացի նուէրը մէկ արդու մէկ զուարակին եւ մէկ արդու մէկ խոյին. Եւ գառերին ձեռքիցը եկածը. Իսկ մէկ հիմէն իւղ մէկ արդուին։
  • 12Եւ երբոր իշխանը մէկ կամաւոր ողջակէզ կամ կամաւոր խաղաղութեան զոհ մատուցանէ Տիրոջը, այն ժամանակ նորա համար բանան դէպի արեւելք նայող դուռը, եւ նա մատուցանէ իր ողջակէզը եւ իր խաղաղութեան զոհը ինչպէս որ մատուցանում է շաբաթ օրը, եւ դուրս գայ, եւ դուռը կղպեն նորա դուրս գալուց յետոյ։
  • 13Եւ ամեն օր մէկ տարեկան կատարեալ գառ ողջակէզ մատուցանես Տիրոջը. Ամեն առաւօտ մատուցանես նորան։
  • 14Եւ նորա համար հացի նուէր մատուցանես ամեն առաւօտ մէկ վեցերորդ արդու, եւ մէկ երրորդ հիմէն իւղ նաշիհի հետ խառնելու համար. Սա մշտական հացի նուէր է Տիրոջը՝ յաւիտենական կանոնով։
  • 15Եւ մատուցանեն գառը եւ հացի ընծան եւ իւղը ամեն առաւօտ՝ մշտնջենական ողջակէզ։
  • 16Այսպէս է ասում Տէր Եհովան. Երբոր իշխանը իր որդկանցից մէկին ընծայ տայ, նա նորա ժառանգութիւնն է՝ նորա որդիներինը լինի. Նա նորանց ժառանգական կալուածքն է։
  • 17Եւ երբոր իր ժառանգութիւնից ընծայ տայ իր ծառաներից մէկին, դա նորանը լինի մինչեւ թողութեան տարին. Յետոյ ետ դառնայ իշխանին. Նորա ժառանգութիւնը միմիայն իր որդկանցը պիտի լինի։
  • 18Եւ իշխանը պիտի չ’առնէ ժողովրդի ժառանգութիւնիցը, նորանց զրկելով իրանց կալուածքիցը. Իր կալուածքիցը ժառանգութիւն տայ իր որդկանցը, որպէս զի ժողովուրդը չ’ցրուի ամեն մէկն իր կալուածքից։
  • 19Եւ ինձ տարաւ դռան մօտ եղող մուտքովը դէպի քահանաների սուրբ սենեակները, որ ուղղուած են դէպի հիւսիս. Եւ ահա այնտեղ մէկ տեղ կար ետքի կողմերումը դէպի արեւմուտք։
  • 20Եւ ասեց ինձ. Սա այն տեղն է ուր որ քահանաները պիտի եփեն յանցանքի պատարագի եւ մեղքի պատարագի միսը, ուր որ հացի նուէրը պիտի թխեն, որպէս զի դուրս չ’տանեն դուրսի գաւիթը, որ ժողովուրդը սրբեն։
  • 21Եւ ինձ դուրսը տարաւ դրսի գաւիթը եւ ինձ ման ածեց գաւիթի չորս անկիւնները. Եւ ահա գաւիթի ամեն մէկ անկիւնում մէկ գաւիթ կար։
  • 22Գաւիթի չորս անկիւններումը շրջապատ գաւիթներ կային քառասուն կանգուն երկայն եւ երեսուն՝ լայն. Այն չորս անկիւնները մէկ չափով էին։
  • 23Եւ նորանց չորսի շուրջն էլ շուրջանակի մէկ կարգ շէնք կար. Եւ եփարաններ էին շինուած կարգերի տակին շուրջանակի։
  • 24Եւ ինձ ասեց. Սորանք եփողների տունն են, ուր որ տանը պաշտօնեաները պիտի եփեն ժողովրդի զոհը։
← Ցանկ