ՈՎՍԵ12
  • 1Եփրեմը քամի է արածում, եւ արեւելեան քամիի ետեւից գնում. Ամեն օր ստութիւնն ու աւերումը շատացնում է, եւ դաշինք են դնում Ասորեստանի հետ, եւ իւղ են տանում Եգիպտոս։
  • 2Եւ Յուդայի հետ էլ վէճ ունի Տէրը, եւ պիտի այցելէ Յակոբին նորա ճանապարհներին համեմատ, նորա գործերին համեմատ պիտի հատուցանէ նորան։
  • 3Արգանդումը բռնեց եղբօր գարշապարիցը, եւ իր ոյժովը գօտեմարտեց Աստուծոյ հետ։
  • 4Եւ գօտեմարտեց հրեշտակի հետ եւ յաղթեց, լաց եղաւ եւ աղաչանք արաւ նորան. Բեթէլումը գտաւ նորան, եւ այնտեղ խօսեց մեզ հետ,
  • 5Այսինքն Տէրը՝ Զօրաց Աստուածը, որի յիշատակը Եհովայ է։
  • 6Եւ դու քո Աստուծուն դարձիր, ողորմութիւն եւ իրաւունք պահիր, եւ քո Աստուծուն յուսա միշտ։
  • 7Եփրեմը վաճառական է. նորա ձեռքին խաբէութեան կշիռք կայ, նա սիրում է հարստահարել։
  • 8Բայց Եփրեմն ասում է. Իրաւ հարստացայ, ինձ համար ստացուածք գտայ. Իմ բոլոր վաստակներումը մի անօրէնութիւն չեն գտնիլ որ մեղք լինի։
  • 9Բայց ես քո Տէր Աստուածն եմ Եգիպտոսի երկրիցը, դեռ քեզ վրանների մէջ եմ բնակեցնելու հանդիսաւոր օրերի պէս։
  • 10Որովհետեւ ես խօսեցի մարգարէների հետ, եւ շատացրի տեսիլքները. Եւ մարգարէների ձեռով առակախօսութիւն արի։
  • 11Անշուշտ անօրէն է Գաղաադը, իրաւ ունայն են դառել. Գաղգաղայումն արջառներ մորթեցին, նորանց սեղաններն էլ քարակոյտների նման են արտի ակօսների վերայ։
  • 12Եւ Յակոբը փախաւ Ասորիների դաշտը, եւ Իսրայէլը ծառայեց կնոջ համար, եւ կնոջ համար հօտերի պահապան եղաւ։
  • 13Եւ մի մարգարէով Տէրը վեր հանեց Իսրայէլին Եգիպտոսից, եւ մի մարգարէով նա պահպանուեցաւ։
  • 14Եփրեմը դառնապէս բարկացրեց Աստուծուն, եւ նորա արիւնը նորա վերայ պիտի թափէ, եւ նորա նախատինքը նորան ետ պիտի դարձնէ նորա Տէրը։
← Ցանկ