ԶԱՔԱՐԻԱ8
  • 1Եւ Զօրաց Տիրոջ խօսքը եղաւ ասելով.
  • 2Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ես նախանձեցի Սիօնի համար մեծ նախանձով, եւ մեծ բորբոքումով նախանձեցի նորա համար։
  • 3Այսպէս է ասում Տէրը. Ես դարձել եմ Սիօնին եւ բնակուելու եմ Երուսաղէմումը, եւ Երուսաղէմը պիտի Հաւատարիմ քաղաք կոչուի, եւ Զօրաց Տիրոջ սարը՝ Սուրբ սար։
  • 4Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Տակաւին ծերեր եւ պառաւներ պիտի բնակուեն Երուսաղէմի հրապարակներումը, եւ ամեն մարդ իր գաւազանը ձեռքին՝ օրերի շատութիւնիցը։
  • 5Եւ քաղաքի հրապարակները լիքը պիտի լինեն տղերքով ու աղջկերքով, որոնք խաղ են անելու նորա հրապարակներումը։
  • 6Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Եթէ դժուար լինի այս ժողովրդի մնացորդի աչքի առաջին այն օրերին, մի՞թէ իմ աչքերի առաջին էլ պիտի դժուար լինի, ասում է Զօրաց Տէրը։
  • 7Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ահա ես ազատելու եմ իմ ժողովրդին արեւելեան երկրիցը եւ արեւմտեան երկրիցը։
  • 8Եւ նորանց բերելու եմ, որ բնակուեն Երուսաղէմի մէջ, եւ ինձ համար ժողովուրդ լինեն եւ ես նորանց համար Աստուած լինեմ ճշմարտութիւնով եւ արդարութիւնով։
  • 9Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Թող զօրանան ձեր ձեռքերը, ով դուք, որ այս խօսքերը այս օրերում այն մարգարէների բերանից լսում էք, որոնք կային Զօրաց Տիրոջ տանը տաճարը շինուելիս։
  • 10Որովհետեւ այն օրերից առաջ մարդի վարձքը չ’կար, եւ անասունի վարձքը ոչինչ էր, եւ դուրս եկողն ու մտնողը խաղաղութիւն չ’ունէին նեղութեան պատճառովը, որովհետեւ ես ամեն մարդկանց իրար դէմ էի հանել։
  • 11Բայց հիմա ես այն առաջին օրերին պէս պիտի չ’լինեմ այս ժողովրդի մնացորդի համար, ասում է Զօրաց Տէրը։
  • 12Որովհետեւ ցանգը խաղաղութեամբ է լինելու, որթը իր պտուղը պիտի տայ, եւ երկիրը պիտի իր արդիւնքը տայ, եւ երկինքը պիտի տայ իր ցօղը, եւ այս ժողովրդի մնացորդին ժառանգել պիտի տամ այս բոլորը։
  • 13Եւ պիտի լինի որ ինչպէս դուք անէծք էիք ազգերի մէջ, ով Յուդայի տուն եւ Իսրայէլի տուն, նոյնպէս էլ պիտի ազատեմ ձեզ, որ դուք օրհնութիւն լինէք. Մի վախենաք. թող զօրանան ձեր ձեռքերը։
  • 14Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Ինչպէս որ մտադիր էի չարիք անելու ձեզ, երբոր ձեր հայրերը զայրացրին ինձ, ասում է Զօրաց Տէրը, եւ ես չ’զղջացի.
  • 15Նոյնպէս դարձեալ մտադիր եմ այս օրերը բարիք անելու Երուսաղէմին եւ Յուդայի տանը. Մի վախենաք։
  • 16Սորանք են այն բաները, որ պէտք է անէք. Ճշմարտութիւն խօսեցէք ամեն մէկդ իր ընկերի հետ, արդարութիւնով ու խաղաղ դատաստանով դատեցէք ձեր դռներումը։
  • 17Եւ ամեն մէկդ իր ընկերի չարիքը մի խորհէք ձեր սրտերումը, եւ սուտ երդում մի սիրէք, որովհետեւ այս ամենը ես ատում եմ, ասում է Տէրը։
  • 18Եւ Զօրաց Տիրոջ խօսքը եղաւ ինձ ասելով,
  • 19Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Չորրորդ ամսի ծոմը, եւ հինգերորդի ծոմը, եւ եօթներորդի ծոմը եւ տասներորդի ծոմը Յուդայի տան համար պիտի ցնծութիւն եւ ուրախութիւն եւ խնդալից օրեր դառնան, ուրեմն ճշմարտութիւնն ու խաղաղութիւնը սիրեցէք։
  • 20Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Տակաւին ժողովուրդներ պիտի գան եւ շատ քաղաքների բնակիչներ.
  • 21Եւ մէկի բնակիչները պիտի գնան միւսի մօտ ասելով. Եկէք գնանք Տիրոջ առաջը աղօթք անելու եւ Զօրաց Տիրոջը խնդրելու. Ես էլ եմ գալիս։
  • 22Եւ շատ ժողովուրդներ ու զօրաւոր ազգեր պիտի գան Զօրաց Տիրոջը խնդրելու Երուսաղէմումը, եւ Տիրոջ առաջին աղօթելու։
  • 23Այսպէս է ասում Զօրաց Տէրը. Այն օրերը կ’բռնեն ազգերի ամեն լեզուներից տասը մարդ, այսինքն կ’բռնեն մի Հրէայ մարդի քղանցքը, ասելով. Գնանք ձեզ հետ, որովհետեւ լսել ենք որ Աստուած ձեզ հետ է։
← Ցանկ